
Իրանը չի ընդունում թելադրանքներ և կբանակցի միայն փոխադարձ հարգանքի հիման վրա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ինչպես ես բազմիցս նշել եմ, մենք պատրաստ ենք բանակցել։ Բանակցությունները պետք է լինեն ազնիվ և լուրջ, հիմնված հավասարության և փոխադարձ հարգանքի վրա, այլ ոչ թե թելադրանքների»,- ասել է նա Թեհրանում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպումը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։
CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին խորհրդակցություն կանցկացնի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ՝ Իրանի նկատմամբ հետագա գործողությունները քննարկելու համար:
Նախորդ օրը Թրամփն Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին հայտարարել է, որ պատրաստ է աջակցություն ցուցաբերել իրանցի ժողովրդին։ «Իրանը ձգտում է ազատության, հնարավոր է, ինչպես երբեք նախկինում։ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել»,- գրել էր նա TruthSocial սոցցանցում։




