
Միջազգային առաջատար լրատվամիջոցները անդրադարձել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հայկական զինվորական ուղղաթիռը կործանելու միջադեպին:
The Guardian-ը մեջբերում է Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությունն ուղղաթիռը խոցելու վերաբերյալ՝ հիշեցնելով, որ միջադեպը հաջորդել է հուլիս-օգոստոս ամիսների լարվածությանը, որի հետևանքով 14 ադրբեջանցի զինվորական էր զոհվել: Գարդիանն այնուհետև ներկայացնում է ԼՂ իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ ուղղաթիռը խփվել է զորավարժության ժամանակ և դրանից հետո դեպքի վայրում կրակոցներ են սկսվել և շարունակվում են:
BBC-ը ևս հղում է անում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը, որին հաջորդում է ԼՂ իշխանությունների հայտարարությունն ուղղաթիռի խփվելու մասին:Reuters-ն իր անդրադարձը սկսում է Հայաստանի ՊՆ հայտարարությամբ, որն Ադրբեջանին մեղադրել է ռազմական ուղղաթիռը խոցելու մեջ: Գործակալությունը հիշեցնում է, որ 1994 թվականի հրադադարից հետո սա առաջին նմանատիպ դեպքն է: Վերջում մեջ է բերվում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:
Associated Press-ը մեջբերում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի՝ դեպքի առնչությամբ տրված մեկնաբանությունը և ապա հավելում, որ սույն միջադեպը հակամարտության սրման նոր պատճառ կարող է դառնալ:
Deutsche Welle-ն նշում է ուղղաթիռի խոցման մասին և հիշեցնում հուլիս-օգոստոսին ստեղծված լարված իրավիճակը: France 24-ն իր անդրադարձում մեջ է բերում միայն Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությունը:
AFP-ը նշում է, որ հայկական կողմը հայտարարել է , որ հետևանքներն Ադրբեջանի համար շատ ցավոտ են լինելու: Գործակալությունը գրում է, որ խփված ուղղաթիռում 3 հոգի է եղել:
RBK-ը գրում է միջադեպի մասին՝ նշելով, որ պատահածի մասին երկու կողմերից հակասող տեղեկություններ են ստացվում:




