Իրանում շարունակվում են բողոքի ցույցերը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները հաղորդում են, որ վերջին 10 օրում Իրանում ցույցերի մասնակից 36 մարդ է սպանվել։
Այդ երկրում ստեղծված իրավիճակի մասին «Ռադիոլուրը» զրուցել է Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի հետ։ Նա ասել է, որ հայ համայնքը ցույցերին չի մասնակցում։ Բողոքի ակցիաներն սկսվել էին մոտ 10 օր առաջ։ Պատճառը երկրի տնտեսության վատթարացումն է։ Ռոբերտ Բեգլարյանի հետ զրուցել է Աննա Նազարյանը։
Իրանում վերջին 10 օրում բողոքի ակցիաների մասնակիցների և իրավապահների միջև տեղի ունեցած բախումների ժամանակ մահացել է 36 մարդ։ Այս տվյալները հաղորդում է HRANA իրավապաշտպան կազմակերպությունը: Մահացածներից երեքը անվտանգության ուժերի աշխատակիցներ են, մյուսները՝ ցուցարարներ։
Նշվում է մոտ 60 վիրավորի ու մոտ 2000 ձերբակալվածի մասին։
Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հստակեցրեց, որ հայ համայնքը չի մասնակցում բողոքի ակցիաներին, սակայն հնարավոր է որոշ անհատներ իրենց կամքով ներկա են լինում ցույցերին։ Նա դժվարացավ գնահատել, թե Իրանից դուրս գործող իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տվյալները որքանով են համապատասխանում իրականությանը․
«Կարծում եմ՝ թվերը շատ ավելի քիչ են, այսինքն` սպանվածների թիվը մինչև 29 հոգի խոսվում է, նույնիսկ կառավարական կամ իրավապահ մարմինները իրենք էլ հաստատել են և խոստովանել։ Ձերբակալվածներ եղել են, օրինակ, որոշ քաղաքում շուրջ 100 աշակերտ են ձերբակալել։ Իրենց ծնողները հավաքվել են, բողոքել են և ասել են, որ կմասնակցեն ցույցերին, եթե աշակերտությունը ազատ չարձակվի։ Ուսանողներ են ձերբակալվել, հետո վերստին ազատվել են։ Անշուշտ, դեմքեր կան, որ հեռուստատեսությամբ կամ ցանցերում ներկայացվում են և ասում են, որ ձերբակալվել են, քանի որ օտարերկրյա գործակալ են եղել, փող են ստացել։ Երկուսին հստակ նշում են, որ Մոսադի գործակալ են եղել, այդպես, տեղեկություններ կան և ձերբակալություններ էլ կան, հատկապես վնասվածքներ շատ կան»։
Երկրի տնտեսական վիճակից բողոքողները նստացույց էին անցկացրել Թեհրանի Մեծ շուկայում։ Ըստ ականատեսների, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել և ցրել ցուցարարներին։ Համացանցում տարածվող տեսանյութերում երևում է, որ այդ միջադեպից հետո Մեծ շուկայի մի շարք խանութներ փակ են։ Իսկ Թեհրանի Մեծ շուկան մշտապես եղել է Իրանի տնտեսական և քաղաքական կյանքի սիրտը։
AP–ն գրում է, որ ցույցերը, հավանաբար, կշարունակվեն, քանի որ իրանական արժույթը անկում է ապրում և ռեկորդային ցածր մակարդակի է հասել։ Միևնույն ժամանակ նշվում է, որ, իրավիճակը, հավանաբար, էլ ավելի կվատթարանա, քանի որ Իրանի Կենտրոնական բանկը կտրուկ նվազեցրել է ներմուծողներին և արտադրողներին առաջարկվող դոլարի սուբսիդավորված փոխարժեքը։
«Ինչ-֊որ ամերիկյան կենտրոն երեկ լուր տարածեց, թե շուրջ 128 տարբեր մակարդակի ցույցեր են տեղի ունեցել Իրանի 24 նահանգներում։ Համենայն դեպս, այս ցույցերը բազմաբովանդակ բնույթ ունեն, այսինքն` թե շուկան է, թե ժողովուրդն է, թե երիտասարդությունն է։ Համենայն դեպս, դեռ մտահոգություն կա, որ այսպես կշարունակվի, քանի որ որևէ կոնկրետ լուծում, բացի որոշ չափով նախագահի կողմից, չի նկատվում։
Իհարկե, քաղաքական կարգախոսներ ու արտահայտություններ էլ եղել են և լինում են տարբեր քաղաքներում, բայց դրդապատճառը հիմնականում տնտեսական խիստ տատանումներն են, որ կտրուկ կերպով վերջին շաբաթներում ազդեց ժողովրդի սոցիալ–տնտեսական պայմանների վրա»։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան․ «Մենք վճռականորեն տրամադրված ենք կտրելու բոլոր ճանապարհները, որոնք տանում են դեպի կողմնակալություն, կաշառակերություն և նմանատիպ խնդիրներ»։
Իրանցիներն այսօր արդեն արձանագրում են, որ ապրանքների գները զգալի բարձրացել են։
«Մեկ շաբաթ առաջ ես ձու գնեցի այլ գնով , այսօր դրա գինը զգալի բարձրացել է։ Բարձրացել է նաև յուղի ու բրինձի գինը»։
Դժգոհ են նաև խանութպանները․ «Վաճառքը շատ է նվազել, անցյալ տարի այս ժամանակ իմ խանութը լի էր հաճախորդներով: Հիմա երբեմն մեկ ժամ սպասում եմ, մինչև հաճախորդ գա: Անկեղծ ասած՝ շուկայի պայմանները բոլորովին էլ լավը չեն։ Ամեն օր տեսնում եմ հաճախորդներ, որոնք այլևս չեն կարողանում որոշ ապրանքներ գնել, նրանք գնում են միայն հիմնական ապրանքներ, քանի որ չեն կարողանում այլ ապրանք գնել: Նրանք պարզապես գնում են մի քիչ հաց, մի շիշ կաթ և ձու ու հեռանում»:
Բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած բախոմների առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրառում էր արել՝ զգուշացնելով Թեհրանին, որ եթե բռնի կերպով սպանեն խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության։
«Մենք զինված ենք և պատրաստ՝ գործելու», — գրել էր Թրամփը։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին էլ շեշտել էր, որ խռովարարներին պետք է իրենց տեղը դնել և խոստացել էր չզիջել հակառակորդին:
Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին էլ ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգներն են հրահրում բողոքի ցույցերը։ X-ում նա գրել էր՝ «ԱՄՆ–ի ժողովուրդը պետք է իմանա, որ Թրամփը արկածախնդրություն է սկսել։ Նրանք պետք է հոգ տանեն իրենց սեփական զինվորների մասին»։




