Ամանորը շատերի համար հեքիաթային սպասում է, մյուսների համար՝ հոգեբանական լարվածության շրջան։ Ընդ որում՝ երկրորդն աստիճանաբար սկսում է գերազանցել առաջինին։ Ֆինանսական ծախսերը, սոցիալական սպասումները և նյութականացված տոնակատարությունը հաճախ ստվերում են տոնի իրական իմաստը։
Ընդ որում՝ որքան ավելանում են զվարճությունների տեսականին ու այսպես ասենք, ժանրերը, այնքան պակասում է բուն զվարճության զգացողությունը։ Ամանորյա տոների սթրեսային հետևանքներն անգամ հոգեբանների լուրջ ուսումնասիրման թեմա են դարձել։ Ամանորը Հայաստանում դարձել է սոցիալական հարկ՝ վճարում ես, որպեսզի «նորմալ երևա»։
Դե մինչ հոգեբանները խոսում են ամանորյա սթրեսի և դրա հետևանքների մասին, ազգագրագետները հիշեցնում են՝ Նոր տարին հայ մշակույթում նախ և առաջ նորոգման, օրհնության և տուն վերադարձի խորհուրդ ունի։




