ԿարևորՄիջազգային

Իրանում զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Իրանում գրեթե մեկ շաբաթ շարունակվող զանգվածային բողոքի ցույցերի հետևանքով զոհվել է առնվազն 8 մարդ, գրում է BBC-ին։

Fars գործակալության և Hengaw իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ զոհեր են գրանցվել Լորդեգան, Ազնա, Քուհդաշտ, Ֆուլադշահր և Մարվդաշտ քաղաքներում։ Դեռ պարզ չէ՝ զոհվածները ցուցարարներ էին, թե անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են այրված մեքենաներ և բախումներ ցուցարարների ու ուժայինների միջև։

Բողոքի ակցիաները սկսվել են Թեհրանում՝ խանութպանների գործադուլով, որոնք դժգոհ էին իրանական ռիալի կտրուկ արժեզրկումից։ Հետագայում դրանց միացել են ուսանողներ, հնչել են վանկարկումներ երկրի հոգևոր ղեկավարության, այդ թվում՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դեմ։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ պատրաստ է լսել ցուցարարների «օրինական պահանջները», մինչդեռ գլխավոր դատախազը զգուշացրել է կոշտ արձագանքի մասին՝ անկայունություն ստեղծելու ցանկացած փորձի դեպքում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարել էր, թե Վաշինգտոնը պատրաստ է «օգնել» իրանցի ցուցարարներին, եթե նրանց նկատմամբ բռնություն կիրառվի։

Իրանում բարձր գնաճ է նկատվում (Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38.9%-ի), և ռիալը արագորեն թուլանում է. վերջին ամիսներին դոլարի նկատմամբ այն մի քանի անգամ հասել է ռեկորդային ցածր մակարդակի։ Մի քանի տարի առաջ, մինչև ԱՄՆ-ի՝ 2018 թվականի մայիսին միջուկային համաձայնագրից դուրս գալը, դոլարի ոչ պաշտոնական արժեքը կազմում էր շուրջ 50,000 ռիալ։ Այժմ մեկ դոլարը բաց շուկայում արժե 1.4 միլիոն ռիալ։

Կարդացեք նաև

Back to top button