ԿարևորՔաղաքական

Շիրակի մարզպետը վերջապես արձագանքել է իր պաշտոնանկության մասին լուրին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում օրերի լռությունից հետո խոսել է իր պաշտոնանկության թեմայից, որը քանի օր է՝ շրջանառվում է։ Մարզպետը չի հերքել,  որ ՔՊ վարչությունում նման քննարկումներ եղել են, բայց ինքը դեռ շարունակում է պաշտոնավարել: Որևէ որոշում այս պահին կայացված չէ՝ ասել է Առուշանյանը։

Թե ինչից են դժգոհել վարչության փակ նիստում, և մարզպետի պաշտոնին հրաժեշտ տալու ինչ կոնկրետ պատճառ են ներկայացրել, Առուշանյանը փակագծեր չի բացել, բայց նշել է, որ  շրջանառվող  պատճառներից  ամենացավոտն իր համար եղել է Գյումրիի Յոթ վերք եկեղեցում Փաշինյանի  մասնակցությամբ  անցկացված շրջիկ պատարագի թեման: Դրա կազմակերպման հարցում մարզպետի աշխատակազմը ոչ մի առնչություն չի ունեցել՝ վստահեցրել է մարզպետը։

«Պատարագի կազմակերպմանը մարզպետարանը որևէ առնչություն չունի, որովհետև պատարագը կազմակերպվում է քահանաների կողմից: Ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ՝ որևէ մեկը ղեկավարությունից  չի զանգել ինձ ասել, թե Յոթ վերքում պատարագ պիտի լինի ու խնդրում եմ աջակցես կամ հանձնարարական կա, որ աջակցես»։

Շիրակի մարզպետն ասել է՝ պաշտոնի կամ աթոռի համար չի պայքարում, բայց ինչ որոշում էլ կայացնի վարչությունը, իր համար կլինի ընդունելի: ՔՊ-ի շարքերը լքել ևս չի պատրաստվում: 2026-ի խորհրդարանական ընտրություններում Առուշանյանը կլինի ՔՊ ցուցակում, իր թեկնածությունն արդեն հաստատվել է:

Կարդացեք նաև

Back to top button