Արտահերթ հարցերը ԱԺ օրակարգում
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
ԱԺ նոյեմբերի 10-ից 13-ի քառօրյայի օրակարգում 143 հարց է և 28 միջազգային պայմանագիր: Օրակարգային հարցերից 4-ը կառավարությունն անհետաձգելի է համարել և առաջարկել դրանք քննարկել արտահերթ ընթացակարգով: Հարցերից երկուսը նախորդ քառօրյայում քննարկումները չավարտած օրենսդրական փաթեթներ են՝ սահմանամերձ համայնքների հարկային արտոնություններ տրամադրելու և շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին: 2 նախագիծ էլ արտահերթ քննարկման է ներկայացվել այս քառօրյայի ընթացքում: Խոսքը Բյուջե 2015-ի նախագծի և կառավարության կառուցվածքում փոփոխությունները սահմանող օրինագծի մասին է:
Նախորդ քառօրյայի ընթացքում, սակայն, արտահերթ 2 հարց էլ առաջարկվել էր խորհրդարանական ընդդիմության կողմից: Լևոն Զուրաբյանն ԱԺ նախագահից հետաքրքվել է՝ ինչպես է որոշվում, թե արտահերթ հարցերից որի քննարկումն է ավելի առաջնային:
«Ուզում ենք հասկանալ, թե ինչու ենք խուսափում ընդդիմության կողմից բարձրացված հարցերի քննարկումից»:
Երանի թե ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ խուսափեինք նրա բարձրացրած հարցերը քննարկելուց ՝ ի պատասխան ասել է Գալուստ Սահակյանը ու նշել , որ առաջնորդվում է ԱԺ կանոնակարգով, իսկ ըստ դրա՝ քննարկվող հարցերի հաջորդականությունը որոշում է ԱԺ նախագահը: «Հետո կարող է Դուք ԱԺ նախագահ լինեք, Դուք էլ սրանով պետք է առաջնորդվեք», -ասել է Գալուստ Սահակյանը:
Ի դեպ քառօրյայի ընթացքում քննարկվելիք հարցերի հաջորդականությունը ներկայացնելիս Գալուստտ Սահակյանը նշել է նաև պատգամավորների 1/3-ի կողմից արտահերթ համարված երկու նախաձեռնությունները: Դրանք խորհրդարանը կքննարկի կառավարության հեղինակած և անհետաձգելի համարված նախագծերից հետո: