ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներՏեսանյութեր

Սև ծովը չպետք է հաշիվներ մաքրելու տեղ դառնա. Էրդողան

Ռուսական դրոնը հարվածել է թուրքական նավին

Նախօրեին Օդեսայի շրջանում օդային գրոհի է ենթարկվել Չերնոմորսկի նավահագիստը: Անօդաչուներից մեկը հարվածել է CENK թուրքական ընկերությանը պատկանող բեռնատար նավին: Հարվածից հետո հրդեհ է բռնկվել, նավի անձնակազմը և նավահանգստի տարածքում գտնվող մարդիկ շտապ տարհանվել են:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից և Ուկրաինայից պահանջել է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և էսկալացիան Սև ծովի շրջանում:

Գրոհի ենթարկված բեռնատար նավն օրերս է խարիսխ գցել Չերմոնորսկում: Պանամայի դրոշի ներքո նավարկող բեռնատարը փոխադրել է ԱԿՍԱ թուրքական ընկերության արտադրած դիզելային, բենզինային և գազային գեներատորներ և էլեկտրակայանների աշխատանքի համար անհրաժեշտ այլ սարքավորումներ:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը հայտնել է, թե նախնական տվյալներով, Թուրքիայի քաղաքացիները չեն տուժել:

Անկարան Մոսկվայից և Կիևից պահանջել է երաշխավորել Սև ծովում նավագնացության անվտանգությունը և այլևս չհարձակվել միմյանց էներգետիկայի ենթակառուցվածքների և նավահագնիստների վրա: 

Պուտինը սպառնացել է նոր հարվածներով

Անցած շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է ընդարձակել ռազմական գործողությունները և գրոհների ենթարկել ուկրաինական նավահանգիստներ մտնող նավերը: Նա այդ մասին ասել է այն բանից հետո, երբ ուկրաինացիները հայտարարել են, թե կշարունակեն հարվածներ հասցնել Ռուսաստանի այսպես կոչված ստվերային նավատորմին:

Խոսքը միջազգային պատժամիջոցների ցանկում գտնվող ընկերությունների նավերի մասին է, որոնք ապօրինի եղանակով փոխադրում են ռուսական արտադրության էներգակիրներ կամ Ռուսաստանի համար նախատեսված զինամթերք ու սարքավորումներ:

«Ուրեմն հրո ճարակ դարձեք»

Ազգայնական հայացքներ դավանող ռուս զինվորական լրագրող ոմն Ալեքսանդր Սլադկովն իր Տելեգրամյան ալիքում ողջունել է դրոնի հարվածը:

«Սա վրեժ էր: Ճիշտ են արել, քանի որ թուրքերը բնավ չեմ մտահոգվել, երբ ուկրաինացիները մեր նավերին են հարվածել: Թուրքիան լռում էր, մեր լցանավերի վրա հարձակումները չտեսնելո՞ւ էր տալիս, դե ուրեմն հրո ճարակ դարձեք ու այլևս Ուկրաինա մի հասցրեք երկակի նշանակության արտադրանք ու տարատեսակ գեներատորներ»,- չարախնդորեն գրել է ռուս զինվորական լրագրողը:

«Հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով»

Ուշագրավ է, որ այդ օդային գրոհի օրը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Թուրքմենստանի Չեզոքության 30-ամյակի կապակցությամբ Աշխաբատում կազմակերպված միջազգային համաժողովի շրջանակներում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է հանդիպման մասին: Նրա փոխանցմամբ, առկա են որոշակի խնդիրներ, սակայն լուրջ դժվարություններ չկան: Նրա խոսքով, որոշ խոչընդոտներ առկա են, բայց լուրջ խնդիրներ չկան, երկու երկրների հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:

«Նախագահները քննարկել են Ուկրաինայի թեման, անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային զարգացումներին»,- ասել է Պեսկովը:

Պատերազմը վտասնգում է նավագնացությունը

Նոյեմբերի 28-ին Սև ծովում, Թուրքիայի տնտեսական բացառիկ գոտում գրոհի են ենթարկվել Կաիրոս և Վիրատ նավերը և հարձակման համար պատասխանատվությունն Ուկրաինան է ստաձնել, հայտարարելով, թե այդ նավերը ռուսների ստվերային նավատորմից էին: Էրդողանն այն ժամանակ դատապարտել է գրոհը:

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, կարծես, հասել է մի կետի, որտեղ այն ակնհայտորեն վտանգում է նավագնացությունը Սև ծովում: Մենք չենք կարող հանդուրժել այդ հարձակումները, որոնք սպառնում են նավերին, մարդկանց կյանքին և շրջակա միջավայրին, հատկապես մեր սեփական բացառիկ գոտում։ Մենք այդ մասին նախազգուշացնում ենք բոլոր կողմերին»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

Թուրքմենստանից վերադառնալու ճանապարհին խոսելով Չերնոմորսկի նավահագնստում թուրքական նավին ռուսների հասցրած հարվածի մասին, Էրդողանն ասել է, թե Սև ծովը չպետք է հաշիվներ մաքրելու տեղ դառնա, դա ո’չ Ռուսատանին է ձեռնտու, ո’չ էլ Ուկրաինային:

Կարդացեք նաև

Back to top button