
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Հունգարիա նավթի և գազի մատակարարման, ինչպես նաև Ուկրաինայում խաղաղության գործընթացի շուրջ քննարկումների համար։
Նոյեմբերի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը քննարկել են գլխավորապես ռուսական էներգակիրների մատարարարումների հարցը։
Երկու երկրների պատվիրակությունների հանդիպման ժամանակ Պուտինը նշել է, որ Մոսկվայի և Բուդապեշտի միջև հարաբերություններն այսօր հիմնված են պրագմատիզմի վրա։
«Հակառակ բոլոր դժվարություններին՝ Մոսկվայի և Բուդապեշտի հարաբերությունները շարունակում են զարգանալ»։
Պուտինը նշել է, որ տեղյակ է Օրբանի հավասարակշռված դիրքորոշմանը ուկրաինական խնդրում։
Պուտինը չի բացառել, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հնարավոր են բանակցություններ, և որ դրանք կանցկացվեն Բուդապեշտում։
Օրբանն ի պատասխան պատրաստակամություն է հայտնել՝ հարթակ տրամադրելու Ուկրաինայի հարցով բանակցությունների համար։
Մինչև Կրեմլում հանդիպումը Հունգարիայի վարչապետ Օրբանը պարզաբանել էր, որ հանդիպման նպատակը ձմռանը ռուսական էներգակիրներով ապահովված լինելու շուրջ քննարկումներն են լինելու։
«Ես գնում եմ՝ համոզվելու, որ Հունգարիայի էներգամատակարարումն ապահովված կլինի այս ձմռանը և հաջորդ տարի»։
Հարցին, թե արդյոք Ուկրաինայում խաղաղության ջանքերը նույնպես կլինեն օրակարգում, Օրբանը պատասխանել էր, որ հանդիպման ժամանակ դժվար կլինի դրանից խուսափելը։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԵՄ քննարկումներում Հունգարիան բազմիցս է վետո կիրառել ու կասեցրել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։
Հունգարիան նաև մշտապես դեմ է եղել Կիևին արևմտյան ռազմական օգնություն տրամադրելուն։
Դեռ 2023 թվականից բրյուսելյան գագաթնաժողովում Հունգարիան վետո է դրել ԵՄ-ի 2024-2027 թթ․ բյուջեի ավելացմանը։ Բյուջեով նախատեսվում էր 50 մլրդ եվրո տրամադրել Կիևին որպես ֆինանսական օգնություն։ Միևնույն ժամանակ Օրբանը զգուշացրել էր, որ Ուկրաինայի ԵՄ անդամակցության հարցում Հունգարիան դեռ հնարավորություն կունենա արտահայտվելու:
Այսօր էլ Բուդապեշտը պայքարում է, որ ռուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները պատժամիջոցների չենթարկվեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումից հետո հայտարարվեց, որ ռուսական նավթ և գազ ներմուծող հունգարական ընկերությունները եկող տարի չեն ենթարկվի ամերիկյան պատժամիջոցների:
Ուշագրավ է, որ այս ամիս Բուդապեշտը միջուկային էներգիայի գործակցության պայմանագիր է ստորագրել Վաշինգտոնի հետ։ Դա Հունգարիային հնարավորություն կտա գնելու ամերիկյան միջուկային վառելիք և ընդլայնելու գործակցությունը միջուկային էներգետիկայի ոլորտում։
Փաստաթղթով նախատեսվում է նաև ամերիկյան տեխնոլոգիաների ներդրում, որոնցով հնարավոր կլինի ապահովել օգտագործված միջուկային վառելիքի պահպանությունը «Պակշ» ԱԷԿ-ի տարածքում։
Բացի այդ՝ ծրագրվում է կառուցել փոքր մոդուլային ռեակտորներ էներգետիկ համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար։
Ամեն դեպքում Հունգարիան շարունակում է կախված մնալ ռուսական էներգակիրներից՝ հակառակ այդ կախվածությունը նվազեցնելու Արևմուտքի ջանքերին։




