ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Կողք կողքի»՝ «Յուրահատուկ ճանապարհ»-ով․ Երևանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային խաչմերուկ

Երևանի սրտում՝ հին ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկում, այսպես են դիմավորում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային այլ կազմակերպությունների պատվիրակություններին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պատահական չի համարում, որ «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովը հյուրընկալում է Հայաստանը։

«Հայաստանը, պատմական և աշխարհագրական դիրքով պայմանավորված, յուրատեսակ խաչմերուկ է եղել հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք մշակութային, տնտեսական և քաղաքական ուղիների համար, և այսօր էլ մենք ջանք չենք խնայում լինելու խաչմերուկ ոչ միայն մեր աշխարհագրական դիրքով պայմանավորված»։

Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, շարունակում է Ժաննա Անդրեասյանը, ասվածի ամենաթարմ ապացույցն է։ Այդ ծրագրի իրագործմամբ Հայաստանը կդառնա ոչ միայն քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային, այլև մշակութային հանգույց՝ մանրամասնում է նախարարը։

«Այդ նախաձեռնությունն ունի լիարժեք ներուժ՝ վերածվելու մշակութային խաչմերուկի։ Խաչմերուկ, որտեղ հատվում են ոչ միայն ճանապարհները, այլև մարդկային կապերը և գաղափարները՝ բացելով դռներ դեպի խաղաղ ու կայուն ապագա մեր տարածաշրջանի և ողջ աշխարհի համար»։

«Մշակութային խաչմերուկներ» խորագրով համաժողովին փորձագետները  քննարկելու են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում նախորդ 20 տարիներին կատարված աշխատանքը, միջազգային գործակցության հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը թվարկում է Հայաստանում անցկացվող այն միջոցառումները, որոնց բովանդակությունն ու ձևը բխում են կոնվենցիայից։

«Օրինակ՝ «Կողք կողքի» ներառական փառատոնը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող երեխաներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները։ Իսկ Կառավարության ծրագրերի շնորհիվ մշակութային ծրագրերը հասանելի են դառնում հանրային տարբեր խմբերի, այդ թվում՝ սոցիալապես առավել խոցելի խմբերի։ «Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծը ներառվել է 2024 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի ցանկում։ Այս նախագիծը միտված է խթանելու հատուկ կարիքներ ունեցող մարդկանց արհեստագործական արտադրության հմտությունները»։

Փոխարգործնախարար Մնացական Սաֆարյանի կարծիքով՝ ընդունումից երկու տասնամյակ անց էլ կոնվենցիան չի կորցրել իր արդիականությունը, քանի որ գլոբալացվող, թվայնացվող և արհեսական բանականության արագ զարգացող աշխարհում մշակութային արժեքների ստեղծումը, տարածումը և սպառումը, դրական ազդեցությանը զուգահեռ, առաջացնում են են էթիկայի, հեղինակային իրավունքների և հավասար հասանելիության մարտահրավերներ։

«Մենք շարունակելու ենք առաջ մղել մշակութային բազմազանության օրակարգը ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում, այնպես էլ այլ միջազգային և բազմակողմ հարթակներում։ Նշված հանձնառության շրջանակներում 2 տարի անց Երևանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը` մշակութային բազմազանության արժեքների ներքո միավորելով ֆրանկոֆոն երիտասարդությունը»։

Մշակույթը հատկապես խոցելի է հակամարտությունների և պատերազմների ժամանակ՝ ընդգծում է Սաֆարյանը։ Հայաստանը 2023-ին ընդունել է Արցախից բռնի տեղահանված 120 հզր մարդու, նրանց մեջ՝ արվեստագետների, ուսուցիչների, արհեստավորների և մշակույթի գործիչների, որոնք դարձել են ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մշակութային հարստության անբաժան մասը՝ մանրամասնում է Սաֆարյանը։

«Հայաստանն այսօր անում է հնարավորը` հայ փախստականների մշակութային իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համար։ Այնուամենայնիվ, մեր, ինչպես նաև այլ պետությունների փորձը ցույց է տալիս, որ ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայել նման ճգնաժամերին, և միայն միջազգային համերաշխության շնորհիվ է հնարավոր հասնել դրանց հաղթահարմանը։ Համոզված եմ, որ այս տեսանկյունից ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի կենտրոնական դերակատարում` հետևելու 2005 թվականի կոնվենցիայի դրույթների կյանքի կոչմանը և ապահովելու, որ յուրաքանչյուր անձ, այդ թվում` տեղահանվածներն ու փախստականները, ունենան ստեղծագործելու, հիշելու և ինքնության իրավունք»։

Միջազգային երկօրյա համաժողովին պանելային քննարկումների ձևաչափով տարբեր երկրներից ժամանած մշակութաբաններն ու գործիչները քննարկելու են տարբեր թեմաներ՝ ազգային փոքրամասնությունների և բնիկների լեզվական ու մշակութային իրավունքները, արտակարգ իրավիճակներում ստեղծարարության պաշտպանությունը, մշակութային արդյունաբերության խնդիրները։ Համաժողովի շրջանակում կստորագրվի փոխըմբռնման հուշագիր ԿԳՄՍ նախարարության և Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի միջև։ Կանցկացվի նաև Տերյան մշակութային կենտրոնի «My Way» ցուցադրությունը:

Կարդացեք նաև

Back to top button