
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռանալու մասին: Այս մասին հայտնում է Новости-Грузия գործակալությունը:
«Ես որոշում եմ կայացրել պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնել Իրակլի Ալասանիային` կանխելու պաշտպանության նախարարության մասնավորեցումը և չխանգարելու հետաքննության աշխատանքին», — հայտարարել է Գարիբաշվիլին «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի պատգամավորների հետ հանդիպման ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ: Վերջին օրերին Վրաստանի դատախազությունը հայտարարել է ՊՆ պաշտոնյաների նկատմամբ միանգամից երեք քրեական գործ հարուցելու մասին: Առաջին սկանդալը ծագել էր նախարար Ալասանիայի՝ արտերկրյա ճանապարհորդության ժամանակ, երբ ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին` խոշոր չափերի գումարներ վատնելու մեղադրանքով:
Վարչապետ Գարիբաշվիլիի որոշմամբ` պաշտպանության նոր նախարար կնշանակվի Մինդիա Ջանելիձեն, ով մինչ վերջերս զբաղեցրել է Պետական անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը Ազգային անվտանգության նախագահական խորհրդի այլընտրանքային տարբերակն է:




