
ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների մասին» թեմայով։ Լսումներին զուգահեռ՝ ԱԺ շենքի դիմաց «Սրբազան պայքարի» անդամները նստացույց են արել՝ հաջակցություն Լիդյա Մանթաշյանի, ում համարում են Հայաստանում միակ կին քաղբանտարկյալ։ «Քաղաքացիական պայմանագիրը» լսումներին չի մասնակցել, իսկ օրեր առաջ գլխադասային հանձաժողովում նույն այս թեմայով քննարկման ժամանակ ներկայացրել էր իր տեսակետն ու հայտարարել, որ դեմ է քվեարկելու։ Նիստին չի ներկայացել նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն․ թե խորհրդարանական մեծամասնությունը, թե ընդդիմություն այս հարցին իրենց միանշանակ պատասխանն ունեն, սակայն այդ պատասխանները միմյանցից ծայրահեղորեն տարբեր են։ Առաջինի կարծիքով՝ անվիճելի է, որ այս պահին Հայաստանում քաղբանտարկյալ չկա, մինչդեռ երկրորդի հաշվարկով՝ մոտ 6 տասնյակ մարդ անազատության մեջ է քաղաքական հայացքների պատճառով։
«Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծը, որն օրեր առաջ քննարկվեց գլխադասային հանձնաժողովում, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ այնքան անհեթեթ է, որ նույնիսկ արհեստական բանականությունը՝ Chat GPT-ն, չի գտել դրա իրավաչափությունը․
«Ես պարզապես ձեր հայտարարության տեքստը կցել եմ արհեստական բանականության համապատասխան գործիքին՝ ChatGPT-ին և ստացել եմ պատասխան: Եթե ընթերցեմ, կստացվի հետևյալը, որ առկա են դատողություններ, բայց դրանք հիմնավորված չեն, փաստորեն, չկա որևիցե զեկույց թե միջազգային կազմակերպությունների, թե միջազգային կառույցների վերաբերյալ, չկան փաստեր, թվեր: Քաղաքական գնահատական, որպես ձեր կողմից, ձեր ընկալմամբ քաղաքական գնահատական կարող է լինել, բայց այն, ինչ դուք ներկայացրել եք, որևիցե հիմնավորում չունի»:
Պատգամավորի այս հայտարարությունից օրեր անց նույն նախագծի շուրջ հանրային լսումներին ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կիսվեց արհեստական բանականության հետ նույն թեմայի շուրջ իր զրույցի մանրամասներով։
«Ես հարցրի, թե քաղաքական մեղսունակությունը քանի՞ երանգ կարող է ունենալ, և, բնականաբար, այդ չաթը մինչ այս պահը սեկրետ է ընկել»։
«Ռադիոլուր»-ն էլ իր հերթին Chat GPT-ին խնդրեց ներկայացնել քաղբանտարկյալների մասին հայտարարության նախագծի վերաբերյալ իր կարծիքը։ Արհեստական բանականությունը մի քանի պնդում արեց․
«նախագիծը քաղաքական հայտարարություն է, դրա մեջ եղած պնդումները իրավական կամ փաստական ճշմարտություն չեն, այլ՝ քաղաքական գնահատականներ։ Ըստ արհեստական բանականության դատողության՝ «որոշ քրեական գործեր՝ օրինակ Բագրատ Սրբազանի կալանքը, կասկածի տեղիք է տալիս, բայց որևէ դատարան կամ միջազգային իրավական մարմին չի հաստատել, որ դրանք քաղաքական են»։ Մեկ այլ դիտարկում՝ «Դատարանների քաղաքական կախվածության մասին պնդումը ևս գնահատական է, ոչ փաստ»։
Արհեստական բանականությունը քաղբանտարկյալների լինել-չլինելը հաստատելը բարդ գործ է համարում, քանի որ չկա որևէ հեղինակավոր միջազգային գնահատական, նախագծի համահեղինակ։
Բայց վերադառնանք իրական քաղաքական գործիչների դիտարկումներին։ Ընդդիմադիր պատգամավոր Էլինար Վարդանյանը պնդում է, որ քաղբանտարկյալներ կան ու նրանց մի քանի խմբի է բաժանել․
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնող արքեպիսկոպոսներ, հոգևոր սպասավորներ և ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքների անդամներ կամ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների և երիտասարդական միությունների անդամներ։ Քաղաքական և քաղաքացիական գործունեություն իրականացնող և/կամ քաղաքական իշխանություններին քննադատող անձինք, հասարակական և բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների պատգամավորներ, համայնքի ղեկավարներ, ավագանիներ և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ»։
Այս բոլոր մարդիկ ԵԽԽՎ 1900 բանաձևով համապատասխանում են քաղբանտարկյալի կարգավիճակին՝ պնդում է պատգամավորը։ Այս բանաձևը, ասում է, նախատեսում է 5 չափանիշ, որոնցից անգամ մեկին համապատասխանելու դեպքում անձը քաղբանտարկյալ է՝ մանրամասնում է Վարդանյանը․
«Դրանցից միայն մեկին համապատասխանելու պարագայում էլ անձը կարող է համարվել քաղաքական բանտարկյալ»։
Ըստ ԵԽԽՎ բանաձևի՝ անձը համարվում է քաղբանտարկյալ, եթե ազատազրկվել է քաղաքական համոզմունքների կամ քաղաքական գործունեության համար, եթե ազատազրկումը կիրառվել է անօրինական նպատակով, խախտվել է անձի արդար դատաքննության իրավունքը, պատժի չափը եղել է անհամաչափ ծանր և ակնհայտ քաղաքական բնույթի, ազատազրկումն ունեցել է խտրական մոտիվ։ Զեկույցը, որի հիմքով ընդունվել է բանաձևը, մանրամասնում է նաև պետության համար ապացուցման բեռը՝ մանրամասնում է պատգամավորը․
«Մասնավորապես, «ապացուցելու բեռը» բաժնում ասվում է, որ քաղբանտարկյալ ներկայացող անձը կամ իր ներկայացուցիչը պետք է ներկայացնեն հիմքեր, որ տվյալ անձը քաղբանտարկյալ է, իսկ պետությունն իր հերթին պետք է ներկայացնի ապացույցներ այդ պնդումը հերքելու համար»։

Եթե միջազգային իրավունքն ունի այս գործիքը, ապա ինչո՞ւ չի տալիս հստակ գնահատական թվարկված դեպքերի համար․ հարցին Էլինար Վարդանյանը պատասխանում է, որ գուցե նաև իրենք են թերացել միջազգային ատյանների հետ երկխոսելու հարցում․
«Իմ գնահատմամբ, դա պայմանավորված է այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումներով, նաև ևս մեկ կարևոր հանգամանք պետք է նշեմ, որ շատ հաճախ միգուցե նաև մեր կողմից պարկեշտություն է դրսևորվում միջազգային հարթակներում․ Հայաստանի Հանրապետության ներքին հարցերը էսպես բաց քննարկման առարկա դարձնելու առումով մենք սովորաբար նախընտրում կամ փորձում ենք միջազգային հարթակներում ավելի բարձր պահել Հայաստանի հեղինակությունը, քան կա»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ելույթ ունենալու փոխարեն կարդում է Բագրատ Սրբազանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից․
«Իմ և մեր ազատությունը ոչ ոք չի կարող ոչ կաշկանդել, ոչ սահմանափակել, ոչ էլ նրանից զրկել։ Ազատությունն այնտեղ է, որտեղ Աստծո հոգին է։ Մենք գիտենք, ինչու ենք կալանավորված»։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, օգտագործելով քննարկմանը առիթը, ընդդիմադիր բոլոր ուժերին առաջարկում է միավորվել մի գաղափարի շուրջ․
«Բոլոր օրինական միջոցներով ձևավորել հակազդեցություն, բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների նկատմամբ։ 2-րդ՝ Հայ առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն։ 3-րդ՝ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն։ 4-րդ՝ բացառել ընդդիմադիր դաշտում միմյանց նկատմամբ հակաքարոզչությունը»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը լսումներին չէր մասնակցում։ Խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը նախագիծը նախորդիվ՝ գլխադասային հանձնաժողովում քննարկմանը, հղում անելով անկողմնակալ միջազգային կառույցին՝ ԵԽԽՎ-ին, հայտարարել էր՝ ընդդիմադիրներն առաջ են տանում սեփական օրակարգը ու նախապես ասել, որ նպատակահարմար չեն գտնում մասնակցելու քննարկմանը․
«Այս պահի դրությամբ որևէ փաստական հիմք չկա այդ մարդկանց համարել քաղբանտարկյալներ»։
Նույն հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը շեշտել էր՝ նախագիծը պատշաճ հիմնավորումներ չունի․
«Ծիծաղելին այն է, որ դուք բերել եք փաստաթուղթ, շատ քաջ գիտակցելով, որ էդ փաստաթղթում առկա դիրքորոշումները և մոտեցումները որևիցե անաչառ կառույցի կողմից չեն կիսվում։ Եթե կիսում են, տիկին Վարդանյան, գոնե մեկ կառույցի կարծիք ներկայացրեք, ցանկացած կառույցի, ցանկացած կարծիքի հետևից մենք գնում ենք»։
Լսումներին մասնակցում են նաև Antifake լրատվական կայքի գլխավոր խմբագիրը, նույն կայքի լրագրողներ և օրեր առաջ կալանավորվածներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հարազատները։ Antifake-ի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանի խոսքով՝ իրավապահներն առգրավել են խմբագրության ողջ տեխնիկան՝ անգամ գործի քննության համար էական նշանակություն չունեցող, ըստ էության արգելափակելով դրա գործունեությունը․
«Միակ նպատակը, բնական է, լրատվամիջոցի գործունեությունը խափանելն էր»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ միաժամանակ երկու դատական գործընթաց սկսեց «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ։ Ըստ Սիմոնյանի՝ վերջիններս հայհոյախառն արտահայտություններ են արել ուղիղ եթերում ոչ միայն իր, այլև գործընկերների հասցեին։ Լրագրողների կալանավորման օրը ԱԺ-ում « Քաղաքացիական խմբակցության» անդամ Տիգրան Պարսիլյանը հայտարարեց․
«Մի կողմ թողենք այն, որ միջազգային ոչ մի լուրջ կազմակերպություն չի հաստատել իրենց գոյությունը։ Ո՞ր մի քաղբանտարկյալին թափ տաս, քրեական գործեր չեն թափվի։ Մի արժեզրկեք, ասենք՝ դուք պատկերացնո՞ւմ եք քաղբանտարկյալը ու Վարդանիկը։ Վաղը, մյուս օրը կարող է բոլոր հանցագործները որոշեն իրենց բռնվելուց 5 պակաս մի քաղաքական հայտարարություն անել, որ հետո իրենց քաղաքական բանտարկյալ հայտարարեն»։
Խորհրդարանական ընդդիմության հրավիրած լսումներին որոշվեց անցնել կոնկրետ գործողությունների, մասնավորապես, ստեղծել մարմին, որը կզբաղվի միայն ենթադրյալ քաղբանտարկյալների իրավունքներով։ Միջազգային կազմակերպությունները մեզ մենակ են թողել՝ ընդգծեցին ընդդիմադիր գործիչներն ու խոստացան այս թեմային անդրադառնալ ամենօրյա ռեժիմով։




