Ռուսները հարվածել են Խարկովին, կան զոհեր
Ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման թեման ամերիկա-ուկրաինական Ժնևյան հանդիպման օրակարգում էր: ԱՄՆ-ի թիմի ղեկավարը պետական քարտուղար Մարկո Ռուբիոն էր, Կիևից ներկա էր նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
Մինչդեռ ռուսներն անցած գիշեր նոր օդային գրոհ են իրականացրել, այս անգամ անօդաչուները հարվածներ են հասցրել Խարկովի բնակելի թաղամասին: Տվյալներն ամփոփել է Խարկովի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեհ Սինեհուբովը: Նրա խոսքով, ռուսները Խարկովի վրա արձակել են 167 անօդաչու, ՀՕՊ-ը վնասազերծել է դրանցից 125-ը, սակայն 37-ը հասել է թիրախներին:
«Գրոհի հետևանքով ավերվել են սեփական տներ և բնակարաններ, 2 մարդ զոհվել է, ութ մարդ, այդ թվում մի փոքրիկ աղջիկ, վնասվածք են ստացել»,- ասել է Սինեհուբովը:
Ավելի ուշ նա հայտնել է, որ փրկարարները փլատակներից ևս երկու դիակ են դուրս հանել:
Թրամփը դրական է տրամադրված
Դե իսկ Ժնևում ամերիկացիները և ուկրաինացիները գովեստով են խոսել կիրակնօրյա բանակցությունների մասին:
Պետքարտուղարի հետ զրույցի ընթացքում լրագրողները հիշեցրել են, որ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ դժգոհություն է հայտնել խաղաղության ծրագրի նախագծի նկատմամբ Կիևի բացասական վերաբերմունքի մասին և նույնիսկ անշնորհակալ է անվանել Ուկրաինայի ղեկավարներին:
Մարկո Ռուբիոն ընդգծել է, որ մշտապես կապի մեջ է նախագահի հետ, որը գոհ էժնևյան քննարկումների ընթացքից:
«Նա շատ դրական է տրամադրված: Ասում եմ, այս օրն ամենաարդյունավետն էր մեր բանակցությունների ընթացքում: Նախագահն ավելի վաղ ասել է, թե նրանք անշնորհակալ են, հիմա նա բավական բավարարված է գրանցված առաջխաղաղցման մասին մեր ներկայացրած զեկույցներից: Պարզ է, չէ, որ ռուսներն էլ այս հարցում ձայնի իրավունք ունեն։ Մենք սկսել ենք այս գործընթացի վաղ փուլից՝ փորձելով ըմբռնել Ռուսաստանի դիրքորոշումը, որը մեզ տարբեր ուղիներով է փոխանցվել»- ասել է պետքարտուղարը:
«Մոլորակի վրա չկա մեկը, որն ուկրաինացիներից ավելի շատ երազեր խաղաղության մասին»
Ժնևյան քննարկումների մասին դրական է խոսել նաև նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը:
«Ուզում եմ հաստատել, որ մեր առաջին հանդիպումը շատ արդյունավետ էր։ Մենք շատ լավ առաջընթաց ունենք և շարժվում ենք դեպի արդար և երկարատև խաղաղություն։ Ուկրաինայի ժողովուրդը արժանի է դրան և այս մոլորակի վրա չկա մեկը, որը նրանից ավելի շատ երազեր խաղաղության մասին»,- ասել է Երմակը:
Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին և անձամբ Թրամփին ու նրա թիմին՝ այս խաղաղության հաստատմանը ջանքեր ուղղելու համար:
«Դիվանագիտությունը վերականգնվել է»
Անդրադառնալով ժնևյան քննարկումներին, նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, թե Ուկրաինայի ձայնը տեղ է հասել:
«Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը, և մենք երբեք չենք լինի խաղաղության խոչընդոտ։ Դիվանագիտությունը վերականգնվել է, և դա լավ է։ Շատ լավ։ Առաջնահերթությունը հուսալի խաղաղությունն է, երաշխավորված անվտանգությունը, մեր ժողովրդի նկատմամբ հարգանքը, բոլոր նրանց նկատմամբ, որոնք իրենց կյանքը զոհաբերել են Ուկրաինան ռուսական ագրեսիայից պաշտպանելու համար»,- ասել է նախագահը։
Քննարկումները կշարունակվեն, վերջնական գնահատականը կտան նախագահները:
Խաղաղության նախագիծը, որը փորձագետներից շատերի համոզմամբն՝ հավասարազոր է Ուկրաինայի կապիտուլյացիայի՝ դեռևս կարող է լրամշակվել:
Որդեկորույս մայրը վրդովված է
Ռուս-ուկրաինական արյունալի պատերազմի ամենադաժան դրվագը Բուչայի սպանդն էր, որն ըստ ուկրաինացի և եվրոպացի քննիչների, ռուսներն են իրակակացրել: Բուչայում կա զինվորական գերեզմանատուն: Վիրա Կատանենկոն այցելել էր Դոնեցկի շրջանում անցյալ տարի զոհված որդու շիրիմին: Որդեկորույս մորը զայրացրել է Ամերիկայի նախագահի առաջարկած ծրագիրը:
«Թող Թրամփի որդիները գան այստեղ, թող զգան այն ցավը, որը մենք ենք ապրում, թող տեսնեն այս ամենը, գուցե դրանից հետո կփոխեն իրենց կարծիքը»,- ասել է Վիրա Կատանենկոն:
Նոյեմբերի 24-ը երբեմնի եղբայր ժողովուրդների՝ ռուսների և ուկրաինացիների արյունալի պատերազմի 1370-րդ օրն է:




