
«Ռադիոլուր»
Աստանա
Ղազախստանի նախագահի նստավայրում Նիկոլ Փաշինյանի եւ Կասիմ Ժոմար-Տոկաեւի առանձնազրույցից հետո տեղի ունեցավ ընդլայնված կազմով հանդիպում։
Դրանից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիսավոր պայմաններում հանձնվեց Ղազախստանի Հանրապետության ամենաբարձր շքանշանը, ընդգծվեց Նիկոլ Փաշինյանի` ուժեղ առաջնորդ լինելու առանձնահատկությունը եւ խաղաղության օրակարգին հավատարիմ լինելու որոշումը։
Այդ ամենից հետո տեղի ունեցավ հայտարարություն մամուլի համար, որտեղ նշվեց, որ Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական համագործակցության մակարդակի։
Նիկոլ Փաշինյանի Ղազախստան պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել են տարբեր ոլորտներում համագործակցության մեկ տասնյակից ավելի համաձայնագրեր։ Դրանք ընդգրկելու են մշակույթից մինչեւ տնտեսական եւ քաղաքական ոլորտներ։ Հատկանշական է, որ տարբեր զրույցների ընթացքում կողմերը քննարկել են նաեւ TRIPP ծրագրին առնչվող հարցեր։ Ընդգծվեց, որ Ղազախստանը հետաքրքրված է այդ ծրագրով։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, օրինակ, հաջորդ տարի Աստանայում Թումո կենտրոն բացելու շուրջ։
Ղազախստանի նախագահն իր խոսքում նաեւ նշեց եւ խոսեց Ադրբեջանի կարեւոր որոշման մասին` հանել Ադրբեջանի տարածքով անցնող հայկական բեռների համար արգելանքը։




