Հայաստանի ազգային պատկերասրահը (ՀԱՊ) շարունակում է «Հեռապատումներ» ծրագիրը, որը նվիրված է ժամանակակից հայ արվեստագետների ստեղծագործությունների ցուցադրությանը։ Այս շրջանակներում պատկերասրահում բացվել է «Դավիթ Քոչունց. պատմության նկարներ» ցուցահանդեսը։
Շարքը, որի ստեղծման տարեթիվը նշվում է 1921 թ., բաղկացած է վավերագրական լուսանկարների և սքրինշոթերի հիման վրա ստեղծված գործերից։ Դրանք հայտնի մարդկանց՝ Անդրեյ Սախարովի, Միշել Ֆուկոյի և այլոց դիմանկարներն են, ճգնաժամային իրադարձությունները։
Ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանը նշում է. «Ցուցահանդեսը հղում է անում պատմական ժանրին և հարցադրում է, թե ինչ կարող է լինել պատմական ժանրն այսօր։ Երբ արվեստն, այնուամենայնիվ, անդրադառնում է պատմությանը, ինչ է իրենից ներկայացնելու, որովհետև գիտենք, որ ժամանակակից արվեստն առաջին հերթին կասկածի տակ է դնում պատմությունը։ Եվ այդ «կասկածի» գործընթացն է ընկած, Դավիթի գործերի առանցքում»։
Մյուս կարևոր հարցադրումն այն է, թե ինչպես է անցյալը և պատմությունը կառուցվում ու հիշվում պատկերների միջոցով։ Դավիթը իր գործերում մեկնաբանում է, որ պատկերը հիշողություն չէ, այլ «անցյալի մասին մեր պատկերացումների ռեպրեզենտացիան է»։
Արվեստագետ Դավիթ Քոչունցն ասում է. «Հիմա նկարելը կարծես ծիծաղելի մի բան լինի, հիմար զբաղմունք, քանի որ պատկերներն են շատ ու նաև նկարիչները, մյուս կողմից էնքան բան կա արված, որ նույնիսկ նկարելոց բացի, նկար ջնջելն է դժվար։ Դա նույնպես, որպես ակտ՝ եղել է։ Ժամանակի ու տեխնոլոգիաների հետ զուգահեռ խնդիրները բարդացել են և բարդանում են»։
Վիգեն Գալստյանը ընդգծում է, որ արվեստագետը չի խոսում զուտ հայկական խնդիրների մասին, այլ այս շարքը «խոսում է լայն աշխարհի մասին, արդիականության գլոբալ նարատիվի մասին՝ Հայատանյան դիրքերից»։
Հայաստանի ազգային պատկերասրահում Դավիթ Քոչունցի «Պատմության նկարներ» ցուցահանդեսը կտևի մինչև 2026 թվականի հունվարի վերջ։




