
ԱՄՆ-ն որոշել է չեղյալ հայտարարել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալիլ ալ-Հայայի նոյեմբերի 19-ին Ստամբուլում նախատեսված հանդիպումը, հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
Ըստ «Ալ Արաբիա» հեռուստաալիքի՝ այս որոշման հիմնական պատճառը Իսրայելի քննադատությունն ու ճնշումն է ԱՄՆ վարչակազմի վրա։ Իսրայելական կողմը կարծում է, որ հանդիպումը կարող է մեկնաբանվել որպես ԱՄՆ-ի կողմից ՀԱՄԱՍ-ի կարգավիճակի ճանաչում։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած Maan լրատվական գործակալությունը հայտնել էր Ուիթքոֆի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակության միջև Ստամբուլում նախատեսված հանդիպման մասին։
ԱՄՆ նախագահի բանագնացը և Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդը հանդիպել են այս տարվա հոկտեմբերին Եգիպտոսի մայրաքաղաքում՝ նախքան պաղեստինյան անկլավում հրադադարի համաձայնագրի ստորագրումը: ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, նույնպես մասնակցել է բանակցություններին։
Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ- ի ներկայացուցիչները համաձայնության են եկել խաղաղության ծրագրի առաջին փուլի վերաբերյալ, որը նախատեսում է Գազայի հատվածում պահվող բոլոր պատանդների ազատ արձակում և իսրայելական զորքերի դուրսբերում համաձայնեցված դիրքեր։ Անկլավում հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։




