
Քիշնևի միջազգային օդանավակայանի ավիավառելիքի տերմինալը «Լուկօյլ-Մոլդովա»-ի կողմից ժամանակավորապես հանձնվել է օդանավակայանի վարչակազմին՝ ԱՄՆ նոր պատժամիջոցների պայմաններում կերոսինի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով, հայտարարել է Մոլդովայի էներգետիկայի նախարար Դորին Ջունգիետուն, հաղորդում է ТАСС-ը։
Նախարարը նշել է, որ տերմինալը ռազմավարական ակտիվ է, և կառավարությունը մշակել է հատուկ կառավարման ծրագիր՝ վառելիքի մատակարարման հնարավոր ընդհատումները կանխելու համար։
Նոյեմբերի 12-ին «Լուկoյլի» հետ ստորագրվել է պայմանագիր, որը թույլ է տալիս օդանավակայանին կառավարել տերմինալը մինչև ակտիվների վերջնական գնման գործընթացի ավարտը։
Ավելի վաղ Ջունգիետուն հայտնել էր, որ «Լուկoյլ»-ը նոյեմբերի 21-ից դադարեցնելու է գործունեությունը Մոլդովայում: Կառավարությունը բանակցում է Բուլղարիայի և Ռումինիայի մատակարարների, այդ թվում՝ «Ռոմպետրոլի» հետ՝ վառելիքի անհրաժեշտ ծավալներն ապահովելու հարցով։
Մոլդովայի իշխանությունները նաև նախատեսում են գնել «Լուկօյլ» վառելիքի օդանավակայանի պահեստները։
Ըստ նրանց՝ ընկերությանը թույլ չի տրվել վաճառել օդանավակայանային ենթակառուցվածքները երրորդ կողմի, «ազգային անվտանգության նկատառումներից ելնելով»։
«Լուկօյլ»-ը Մոլդովայում ունի մոտ 110 բենզալցակայան և մասնավոր կերպով վերահսկում է օդանավակայանի մի շարք ենթակառուցվածքներ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցների փաթեթում ներառվել են «Լուկօյլ»-ը, «Ռոսնեֆտ»-ը և դրանց 34 դուստր ընկերությունները։




