
Պաշտոնական Երևանը դեռ հոկտեմբերին հաստատեց, որ ամերիկյան կողմի հետ սկսել է քննարկումները TRIPP ծրագիրը կյանքի կոչելու նպատակով։ Այս հարցով ամերիկյան մասնագետների խումբը նաև այցելել էր Հայաստան։ Համաձայնագիրը Հայաստանի և ԱՄՆ միջև կնքվել էր օգոստոսի 8–ին։ Նախնական աշխատանքներից և գնահատումներից հետո արդեն կարելի է ասել, որ ուրվագծվում են ծրագրի իրականացման ժամանակացույցը և երթուղիները։ Հայաստանի ղեկավարությունը նախօրեին միանգամից մի քանի նորություն հրապարակեց TRIPP ծրագրից։
«Թրամփի ուղին», կարելի է ասել, փոխում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման նախապես հաստատված տրամաբանությունը։ Սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարել, որ գործընթացում արտահերթ սահմանազատվելիք հատվածներ լինեն։ Փոխվարչապետը սա ասել է TRIPP–ի շինարարությանն առնչվող տարածքների մասին խոսելիս։
«Օգոստոսի 8 ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան և դիրքից կախված որ հատվածները մենք պետք է սահմանազատենք, որպեսզի նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք։ Այստեղ հնարավոր է, որ արտահերթ ինչ–որ սահմանազատվելիք հատվածներ ունենաք, որպեսզի Թրիփի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք»։
Նախօրեին վարչապետը խորհրդարանում հրապարակել էր TRIPP նախագծի ճանապարհային քարտեզը, ժամանակացույցը և նախնական երթուղիները։
Այն, ինչ այս պահին հայտնի է TRIPP նախագծից, հետևյալն է․ երկաթուղին անցնելու է խորհրդային ժամանակ գոյություն ունեցած երկաթուղով, քանի որ այլ տեղով կառուցելը իրատեսական չէ։ Գազամուղն անցնելու է երկաթգծից էականորեն հյուսիս, էլեկտրական գծերը՝ նույնպես։ Մեծ հավանականությամբ արևելք–արևմուտք ճանապարհները կինտեգրվեն հյուսիս–հարավ ճանապարհին։ Ենթակառուցվածքների մի մասը կլինի Սյունիքում, մյուս մասը հնարավոր է անցնի Վայոց ձոր մարզի հատվածով։ Այս ամենը կպարզվի արդեն տեղում աշխատանքների ժամանակ՝ ասել է վարչապետը։
«Բայց այս ամեն ինչը, նույնիսկ տեղատեսության արդյունքը կարող է վերջնական չլինել, որովհետև տեղատեսությունից հետո պետք է երկրաբանություն անել և այլն, և այլն։ Կարող է երկրաբանությունը ցույց տա, որ այնտեղ հոսքեր կան, սողանքներ կան, չգիտեմ ամենատարբեր բաներ։ Այսինքն` քննարկվում են տարբերակներ։ Հստակ չգիտենք` նավթամուղի հետ կապված ինչ կարող ենք ասել, որովհետև այնտեղ էլ ուրիշ հաշվարկներ կան, ուրիշ ներդրումային հնարավորություն։ Կապված է նավթի միջազգային գներից նաև։ Ինչ–որ մի գնային հեռանկար կա, որը ներդրումային հնարավորությունները մեծացնում է, նվազեցնում է։ Դա կենդանի պրոցես է։ Բայց ես մի բան կարող եմ հաստատ ասել` այդ նախագիծը իրականացվելու է և շատ արագ, շատ մեծ տեմպերով»։
Հաստատված ժամանակացույցի համաձայն՝ մինչև այս տարվա վերջ թղթի վրա նկարագրվելու են TRIPP–ի բոլոր մանրամասները, 2026–ի առաջին կեսին դրանք պետք է համաձայնեցվեն, երկրորդ կեսին՝ սկսվեն շինարարական աշխատանքները։ Հայաստանի վարչապետը չի բացառում, որ ժամկետների որոշակի շեղում լինի ընթացքում։
«Իմ փորձը ցույց է տալիս, որ այսպիսի պլանները միշտ ժամկետի մեջ շեղում են ունենում։ Չնայած մենք դեռ պլանի մեջ ենք, բայց, ըստ էության, մենք տեսնում ենք, որ նախագահ Թրամփի թիմի նույն շրջանակն է աշխատում Մերձավոր Արևելքի թեմայի հետ, մի քանի շատ կարևոր առանցքային թեմաների հետ, և այդ մարդիկ նաև օբյեկտիվ հանգամանքների բերումով ծանրաբեռնվում են ուրիշ թեմաներով։ Մենք ամեն ինչ կանենք, որ այս ժամանակացույցը հստակ աշխատի։ Բայց հեսա ժամկետը գալու է էլի հարցնեն՝ համաձայնեցրի՞ք, թե չէ։ Եթե հանկարծ մեկ շաբաթ, 2 շաբաթ ուշանա, էլի նոր աղմուկ է լինելու։ Այս գլխից գիտեմ, որ պլանները միշտ մի քիչ շեղում ունենում են, բայց ընդհանուր առմամբ ընկալումը դա է»։
TRIPP ծրագրի առնչությամբ կողմերը, ըստ էության, ընդհանուր ըմբռնում ունեն՝ ասում է վարչապետը։ Ադրբեջանցի գործընկերոջ հետ շփումից գոհ է նաև Սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ասում է՝ Շահին Մուստաֆաևի հետ պարբերաբար աշխատանքային շփումներ կան։ Վերջին հանդիպմանն այցելել են Հայաստանի հարավ և Ադրբեջանի տարածք։ Դա հիմնականում TRIPP ծրագրին էր առնչվում։
«Բայց առանձին, անկախ դրանից մենք մեր գործընթացը, վստահ եմ, որ կշարունակենք։ Իհարկե, առանձին կոնտակտներ կան` աշխատանքային, որոնք վերաբերվում են ուղղակիորեն գործընթացի շարունակությանը։ Այս պահին ավելի բան չեմ կարող ասել։ Կարծում եմ, որ կոնտակտները կոնստրուկտիվ են, և որոշ ժամանակ անց մենք կունենանք հրապարակելու տեղեկատվություն առ այն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը»։
Այս տարվա հունվարի 16–ի հանդիպման արդյունքներով կողմերը համաձայնության էին հանգել, որ պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսվեն հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից, ընթանան հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ՝ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի հետ: Նախապես հաստատված այս հաջորդականությունը, փաստորեն, ինչ–որ փուլում փոխվելու է։
Սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի հետ է հայկական կողմը կապում նաև օկուպացված տարածքները վերադարձնելու սպասելիքները։ Մինչ այդպիսի ակնկալիք է ձևավորվում հանրության շրջանում, ընդդիմադիր դաշտից վտանգավոր են համարում անկլավների մասին խոսակցությունները՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի անկլավ-էքսկլավային տարածքները համարժեք չեն իրենց ռազմավարական նշանակությամբ։ Պնդում են, որ Արծվաշենը Ադրբեջանի համար ռազմավարական դիրք և նշանակություն չունի, մինչդեռ նույնը չի կարելի ասել Հայաստանում «ադրբեջանական անկլավներ» կոչվածների մասին։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ահազանգում է․
«Չկա որևէ լեգիտիմ սահմանազատում միջազգայնորեն, եթե դրա հետևանքով խաթարվում է երկրի անվտանգության համակարգը։ Եթե մարդկանց կյանքը վերածվում է ուղղակի անհնարինության, սա միջազգային ոչ մի չափանիշով թույլատրելի չէ»։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը իր հերթին հղում է անում ՀՀ սահմանադրությանը։
«Ժողովուրդ ջան, Արծվաշենը մեր տարածքն է, հասկանու՞մ եք։ Ես սահմանադրորեն պարտավորված եմ խոսել Արծվաշենի վերադարձի անհրաժեշտության մասին, որովհետև դա մեր տարածքն է, մեր տարածքների մասին չենք կարող չխոսել։ Ընդ որում ոչ միայն Արծվաշենի, Ջերմուկի հատվածի տարածքների մասին, Սյունիքում հատվածներ կան, Տավուշում հատվածներ կան»։
ԱԺ փոխնախագահը պնդում է, որ այս հարցերը համապարփակ ձևով կքննարկվեն սահմանազատման գործընթացի ավարտին։ «Մինչև ընտրություններ» ժամկետը նա իրատեսական չի համարում, քանի որ սահմանազատումից հետո դեռ գալու է փաստաթղթերի և պայմանագրերի կնքման ու վավերացման ժամանակը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման հարցի քննարկման շրջանակում հնարավոր է առաջանա նաև հանրաքվեի պահանջ։




