
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է շաթդաունն ավարտելու մասին օրենքը։ Շաթդաունը, այսինքն՝ կառավարության հարկադիր պարապուրդը տևեց 43 օր։ Այն ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարն էր: Թրամփը օրենքը ստորագրելիս քննադատել է դեմոկրատներին՝ ասելով, որ չէր կարող թույլ տալ, որ այդ իրավիճակը շարունակվի։ Մինչև ստորագրելը ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել դադարեցված պարենային օգնությունը վերսկսելու, հարյուր հազարավոր դաշնային աշխատողների աշխատավարձերը վճարելու և ավիադիսպետչերական ծառայությունը վերականգնելու օգտին:
Ռեկորդային շաթդաունը հանրապետականների և դեմոկրատների միջև առկա հակասությունների հետևանք էր։ Դեմոկրատները հրաժարվում էին բյուջեի նախագիծը հաստատելուց, քանի որ այն չէր նախատեսում «Մատչելի առողջապահության մասին» օրենքի շրջանակում սուբսիդիաների երկարաձգում, որոնց գործողության ժամկետը լրանում է 2025–ի վերջին։
Միացյալ Նահանգների կառավարության հարկադիր պարապուրդը՝ ռեկորդային տևողությամբ շաթդաունը, ավարտվեց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դաշնային կառավարության ֆինանսավորումը վերսկսելու օրենքը։
Մինչև ստորագրելը օրինագիծը հաստատել էր ԱՄՆ ներկայացուցիչների պալատը՝ ձայների 222 կողմ, 209 դեմ հարաբերակցությամբ: Մեկ օր անց շաթդաունն ավարտող օրինագիծը հաստատեց նաև ԱՄՆ խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը։ Ռեկորդային պարապուրդն ավարտվեց փոխզիջումով։
Օրենքը ստորագրելիս Դոնալդ Թրամփը քննադատել է դեմոկրատներին՝ ասելով, որ չէր կարող թույլ տալ, որ երկրում տիրող այս իրավիճակը շարունակվի։
«Նրանք փորձեցին շորթել, դեմոկրատները փորձեցին շորթել մեր երկրից ընդամենը մեկ ակնթարթում։ Ես կստորագրեմ օրինագիծը ճիշտ այնպես, ինչպես մենք խնդրել էինք դեմոկրատներին ուղարկել մեզ։ Սա պետության համար արժեցավ 1,5 տրլն դոլար։ Հանրապետականները երբեք չեն ցանկացել շաթդաուն և 15 անգամ քվեարկել են ֆինանսավորումը շարունակելու օգտին։ Երբեք չի եղել մի ժամանակ, երբ որևէ կուսակցություն չստորագրի ֆինանսավորումը շարունակելու օգտին»։
Միացյալ Նահանգներում շաթդաունն այս անգամ տևեց 43 օր։ Երկրի պատմության մեջ դա կառավարության ամենաերկար պարապուրդն էր:
Հանրապետականների և դեմոկրատների միջև բյուջեի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով կառավարական հիմնարկների շուրջ 750 հզր աշխատակից հարկադիր, չվարճատրվող պարապուդի էր մատնվել: Բացառություններ արվել էին միայն խիստ անհրաժեշտ ոլորտների համար, ինչպիսիք են ավիադիսպետչերական ծառայությունը, ոստիկանությունը, սահմանների պաշտպանությունը և շտապ բժշկական օգնությունը, որոնք գործել են, սակայն աշխատակիցները չեն վճարվել։
Axios-ը հաղորդում է, որ շաթդաունի պատճառով հետաձգվել է ավելի քան 5 մլրդ դոլարի ամերիկյան զենքի մատակարարումները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։
Հանրապետականների և դեմոկրատների հակասությունները ծագել էին առողջության ապահովագրության հարկային արտոնությունների համաձայնագրի շուրջ: Դեմոկրատները հրաժարվում էին բյուջեի նախագիծը հաստատելուց, քանի որ այն «Մատչելի առողջապահության մասին» օրենքի շրջանակում սուբսիդիաների երկարաձգում չէր նախատեսում։ Դրանց ժամկետը լրանում է 2025–ի վերջին։
Շաթդաունի ավարտին հարկադրաբար գործազուրկ դարձած ծառայողները կվերականգնվեն և կստանան չաշխատած օրերի աշխատավարձը:
Խորհրդարանի երկու պալատների հավանությանն արժանացած փաստաթուղթը ֆինանսավորում է նախատեսում մինչև 2026 թ․ հունվարի 30-ը և թույլ է տալիս անմիջապես վերսկսել դաշնային գերատեսչությունների աշխատանքը 43-օրյա ընդմիջումից հետո։
Դոնալդ Թրամփը օրենքը ստորագրելու առիթն օգտագործել է՝ ամերիկացիներին ցույց տալու, որ դեմոկրատների պատճառով է երկարաձգվել շաթդաունի ժամկետը։
«Նրանք ավելի քան 1 մլն պետական աշխատողների զրկեցին աշխատավարձից և կտրեցին սննդի կտրոնների նպաստները միլիոնավոր կարիքավոր ամերիկացիների համար։ Նրանք տասնյակ հազարավոր դաշնային կապալառուների և փոքր բիզնեսների աշխատավարձ չվճարեցին, և այստեղ բարոյական վնասի ընդհանուր ազդեցությունը ճշգրիտ կերպով հաշվարկելու համար շաբաթներ և հավանաբար ամիսներ կպահանջվի՝ ներառյալ մեր տնտեսությանը հասցված լուրջ վնասը մարդկանց և ընտանիքներին։ Այնպես որ, ես ուղղակի ուզում եմ ասել ամերիկացի ժողովրդին, որ դուք չպետք է մոռանաք սա, երբ մոտենանք միջանկյալ ընտրություններին։ Մի՛ մոռացեք, թե ինչ են նրանք արել մեր երկրին»։
Ֆինանսավորման բացակայության պատճառով խափանումներ էին առաջացել նաև SNAP պարենային օգնության ծրագրի իրականացման գործում, որից օգտվում է ավելի քան 42 մլն ամերիկացի։




