Մեծանուն գրող, բանաստեղծ և փիլիսոփա Կոստան Զարյանի ծննդյան 140-ամյակի առիթով «Կողբ» հիմնադրամը նախաձեռնել է մեծածավալ մի ծրագիր։ Այս նախագիծը նպատակ ունի բազմակողմանիորեն բացահայտելու Կոստան Զարյանի անձն ու ստեղծագործությունը։ Նախագծի, ինչպես նաև Զարյանի, որպես գեղագետի և գրողի արդիականության շուրջ են խոսում «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը, մշակութային նախագծերի պատասխանատու Սոնա Վերդյանը և գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը։
Կոստան Զարյանի անձն ու գրական ժառանգությունը ներկայացվել է ամենատարբեր մեդիա միջոցներով, այդ թվում՝գրքերի հրատարակմամբ, վավերագրական ֆիլմաշարով, ցուցադրություններով, դասախոսություններով։ Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը շեշտում է. «Կոստան Զարյանը Հայաստանի ապագայի գրողն է։
Գրողներ կան, որոնք մնում են գրականության պատմության խորքերում, քայլում են ժամանակի հետ և արդիական են»։ Տեր-Խաչատրյանի խոսքով՝ Կոստան Զարյանը նորանկախ ժամանակների գրող է, ում խորհուրդը և ուղերձը լիարժեքորեն չի հասկացվել խորհրդային Հայաստանում։ «Կոստան Զարյանի ողջ գրականությունը պատգամ է հայ ժողովրդին։ Մենք չունենք մեկ այլ գրող, որի և՛ պոեզիան, պոեմները, վեպերը, նորավեպերը, և՛ վիթխարածավալ էսսեները ուղղված լինեն Հայաստանի գոյությանը, լինելիությանը, ապագային»:




