
Բելգիացի հայտնի խոհարար Կարեն Թորոսյանը Gault & Millau Belgium-ի կողմից ճանաչվել է 2026 թվականի «Լավագույն խոհարար՝» արժանանալով եվրոպական գաստրոնոմիայի ամենահեղինակավոր պարգևներից մեկին` «խոհարարական Օսկարի»:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 4-ին՝ Բրյուսելում՝ ավելի քան 2000 խոհարարների, լրագրողների և հյուրերի մասնակցությամբ։
Երկու «Միշլեն» աստղի արժանացած Թորոսյանի Bozar ռեստորանը ճանաչվել է Բելգիայի լավագույն նրբաճաշակ հաստատություններից մեկը։
«Տարվա խոհարարը լինելն իմ երազանքն էր։ Երբ առաջին անգամ եկա Բելգիա, խոհարարներին նայում էի ինչպես կինոաստղերի։ Այսօր այդ տիտղոսն իմն է»,- գրել է Թորոսյանը սոցիալական ցանցերում։
Gault & Millau-ն Թորոսյանին բնութագրել է որպես «հայկական ծագում ունեցող խոհարար, որը սիրահարվեց Բելգիային և իր վարպետությամբ արժանացավ համընդհանուր հարգանքի»։
Հայաստանում ծնված և Բրյուսելում մեծացած Կարեն Թորոսյանը համարվում է եվրոպական բարձր խոհանոցի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկը։
«Նրա միջազգային հաջողությունը դարձել է ոչ միայն անձնական ձեռքբերում, այլև հպարտություն ողջ հայկական սփյուռքի համար»,- գրում է Zartonk Media-ն։




