ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներՏեսանյութեր

Բոլորս մարդիկ ենք, սխալներ ենք թույլ տալիս և պետք է ընդունենք դրանք. BBC-ի նախագահ Սամիր Շահ

Սկանդալը ծագել է BBC-ի ներքին շրջաբերականի արտահոսքից

Բրիտանիայի թագավոր Չարլզ երրորդը պատրաստվում Է նշել ծննդյան 77-ամյակը: Թեման լուսաբանում են բրիտանական բոլոր լրատվամիջոցները, այդ թվում BBC-ն, բայց Միացյալ Թագավորության մամուլի առանցքային թեման BBC-ի շուրջ սկանդալն է:

Հեղինակավոր լրատվամիջոց BBC-ն այնպես է մոնտաժել Դոնալդ Թրամփի տեսագրությունը, և այդ կեղծ վիդեոյից մարդիկ եզրակացրել են, որ ընտրությունների արդյունքները մերժող նախագահը 2021-ի հունվարի 6-ին աջակիցներին, իբր, կոչ է անում հարձակվել Վաշինգտոնում օրենսդիրների հանրահայտ շենքի՝ Կապիտոլիումի վրա, մինչդեռ, Թրամփն ասել էր, թե պետք Է գնալ դեպի Կապիտոլիում և ողջունել օրենսդիրներին:

Առաջինն այդ խայտառակ կեղծիքի մասին Daily Telegraph օրաթերթն է հայտնել, հրապարակման հանգամանքների մասին հաղորդել է Associated Press-ի թղթակից Բրայան Միլին․

«Վեճը ծագեց այն բանից հետո, երբ «Դեյլի Թելեգրաֆը» հրապարակեց  BBC-ում ներքին շրջաբերականի արտահոսքի մասին։ Հաղորդագրության մեջ ասվում էր, որ BBC-ի «Պանորամա» վավերագրական ծրագիրը մոլորեցնող եղանակով Է մոնտաժել Թրամփի ելույթը, միավորելով ելույթի իրարից գրեթե մեկ ժամվա տարբերությամբ բաժանված հատվածներ»,- ասել է Միլին:

BBC-ի գործադիր տնօրեն Թիմ Դեյվիի և լուրերի բաժնի տնօրեն Դեբորա Թարնեսի միաժամանակյա հրաժարականներն ինքնին աննախադեպ և սկանդալային երևույթ է, այն BBC-ի ներսում արդեն անվանել են «սեյսմիկ ցնցում»:

«BBC-ն զարգանալու և բարգավաճելու է»

Արդեն նախկին տնօրեն Դեյվին այսօր ժամանել է կենտրոնակայան։

Նրան անհամբերությամբ սպասող լրագրողներին նախկին տնօրենն ասել է, որ եկել է ցուցաբերելու իր աջակցությունն ընկերությանը:

«Մեր լրագրողներն այս շենքում հրաշալի աշխատանք են կատարում: Ես նրանց բոլորին ողջունում եմ և համոզված եմ, որ BBC-ն զարգանալու և բարգավաճելու է»,- ասել Է Դեվին:

Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Մինչդեռ, նրա երբեմնի ղեկավարած ընկերությունը գուցե ստիպված կլինի դատարանում պատասխանել Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների հարցերին:

Թրամփը մեկ միլիարդ դոլար է պահանջում

BBC-ի նախագահ Սամիր Շահն արդեն ներողություն է խնդրել, բայց դա բնավ չի նշանակում, որ Թրամփը կմոռանա իր հանդեպ այդ տգեղ արարքի մասին: Նա սպառնում Է դատական հայցով և կարող է մեկ միլիարդ դոլարի փոխհատուցում պահանջել: Թե արդյո՞ք գործը կհասնի դատարան և այն կընդունի այդչափ հսկայական տույժի որոշում՝ դժվար է ասել, սակայն, BBC-ի նախագահի խոսքով, երկու կողմերի փաստաբաններն արդեն քննարկում են հարցը:

«Չեմ կարող կանխատեսել, թե ինչպես կարձագանքի Ամերիկայի նախագահը մեր ռեպորտաժներին, բայց ինձ չի զարմացնում նրա արձագանքը, քանի որ այդ ռեպորտաժը նախագահի մասին էր, նրա ելույթի մասին: Մենք ստացել ենք նրա ներկայացուցիչների նամակը, մեր փաստաբաններն այն քննարկում են: Այս պահին մեր և նրա փաստաբանները շփվում են, սրանից ավելին չեմ ուզենա ասել»,- ասել է Շահը:

«BBC-ն այսօր էլ աշխարհի ամենավստահելի լրատվամիջոցն է»

Ընկերության նախագահ Սամիր Շահը նաև խոսել Է մարդկային գործոնի մասին և այդպիսով, կարծես, հանրության ներողամտությունն է հայցել:

Նա վստահեցրել Է, որ BBC-ն այսօր Էլ աշխարհի ամենավստահելի լրատվամիջոցն է, և այդ համբավն է վաստակել անաչառ, ճշգրիտ և արդար լրագրության գաղափարին անվերահապահորեն նվիրված թղթակիցների աշխատանքի շնորհիվ:

Ապա Սամիր Շահն ավելացրել է. «Բոլորս մարդիկ ենք, սխալներ ենք թույլ տալիս և պետք է ընդունենք դրանք»։

18-րդ գործադիր տնօրենին կընտրի Խորհուրդը

Թիմ Դեյվին BBC-ի 17-րդ գործադիր տնօրենն Էր, այդ պաշտոնում նշանակումը BBC-ի Կանոնադրությամբ վերապահված է Խորհրդին, որի 14 անդամներից 10-ը ոչ գործադիր են, 4-ը՝ գործադիր: Խորհրդի նախագահը Սամիր Շահն է:

Կարդացեք նաև

Back to top button