ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Արմավիրի շատ դպրոցներում թափուր է ղեկավարի պաշտոնը․ մրցութային փուլը դժվարությամբ են հաղթահարում նաև նախկին տնօրենները

Արմավիրի մարզի 111 դպրոցներից 22-ը տնօրեն չունի: Նրանց պաշտոնավարման 5-ամյա ժամկետը լրացել է, աշխատանքային պայմանագրերը լուծարվել են։ Նախկին տնօրենները հիմա մասնակցում են թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին: Սակայն, հենց իրենք՝ հավակնորդներն են հաստատում, որ դժվարությամբ են հաղթահարում առաջին փուլը:

Մարգարիտա Սարգսյանը շուրջ 10 տարի ղեկավարել է էջմիածնի թիվ 11 դպրոցը: Մեկ տարի առաջ լրացել էր նրա պաշտոնավարման ժամկետը, աշխատանքային պայմանագիրն այլևս չի գործում: Տնօրենը ցանկացել է վերականգնվել պաշտոնում և մասնակցել է նույն դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին՝ ներկայացնելով դպրոցի զարգացման ծրագիրը: Մարգարիտա Սարգսյանն ասում է, որ դա փորձություն է եղել տնօրենի պաշտոնի հավակնորդների համար․

«Իմ ծրագիրն անցել է 4-րդ անգամ: Անընդհատ լավարկել ենք ծրագիրը: Ասենք՝ առաջին անգամ զարգացման ծրագիրը մերժվել է, հետո մշակել ենք: Ժամկետների մեջ է եղել ամեն ինչ, հետո նորից մրցույթ է հայտարարվել, նորից ուղարկել ենք ծրագիրը: Ես ինքս եմ աշխատել ծրագրի վրա՝ անշուշտ վերապատրաստվելով»:     

Շատ հաճախ զարգացման ծրագրերը թերի են լինում և չեն արտացոլում այն, ինչն անհրաժեշտ է կրթության զարգացմանը: Այդ ծրագրերում հաճախ ներառվում են դպրոցի տնօրենի գործառույթները: Այդ առումով՝ Մարգարիտա Սարգսյանի առաջարկած զարգացման ծրագիրը բացառություն չի եղել:

«Առաջին անգամ ծրագիրը չանցավ, որովհետև ես պարտադիր ատեստավորման համար գործողություններ էի նախատեսել, սակայն նախարարն ասաց, որ դա տնօրենի գործառույթ է, և չպետք է ներառեի ծրագրում, քանի որ այնտեղ զարգացում չի նախատեսվում: Մեզ մոտ ցածր է նաև բնագիտական առարկաների որակը, իմ պատասխանը չբավարարեց»:

Մարգարիտա Սարգսյանի ներկայացրած զարգացման ծրագիրը հաստատվել է 4-րդ փորձից հետո, սակայն այդ ընթացքում նա կրթության ոլորտից չի հեռացել, մասնակցել է «Դասավանդիր Հայաստան» կրթական ծրագրին:

 Ութ ամիս թափուր է մնացել նաև Արմավիրի թիվ 5 դպրոցի տնօրենի պաշտոնը: Գոհար Գասպարյանը ապրիլին է վերանշանակվել տնօրենի պաշտոնին:

«Երկար տևեց, բայց դե, ճանապարհ էր, որը պետք է անցնեի, ծրագրից էր կախված, մինչև ծրագրերը հաստատվեցին: Մի ծրագիրը, եթե չի անցնում, նորից է մրցույթ հայտարարվում, նորից ենք մասնակցում: Երեք անգամ եմ ծրագիր ներկայացրել, հետո հարցազրույցի փուլը հենց առաջին անգամից անցել եմ և շատ ուրախ եմ»:

Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցում են միայն տնօրենի հավաստագիր ունեցող անձինք։ Նրանք առանց սահմանափակման կարող են մի քանի անգամ հայտ ներկայացնել՝ ասում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուրդաղյանը:

«Ինքը կարող է շատ անգամ դիմել: Նախկինում, եթե նույնիսկ ինքը դրական եզրակացություն էր ստացել և հարցազրույցի փուլից չէր անցնում, կարող էր նույն զարգացման ծրագրով բազմաթիվ անգամ դիմել: Բայց հետո կարգում կատարվեց փոփոխություն՝ եթե մասնակիցը 2 անգամ հարցազրույցի փուլը չի հաղթահարում, ապա նոր զարգացման ծրագիր պիտի գրի: Իսկ ինչ վերաբերում է զարգացման ծրագրին, ապա նույն անձը կարող է բազմաթիվ անգամ զարգացման ծրագիր գրել»:

Արմավիրի մարզի 111 դպրոցներից 22-ն այժմ տնօրեն չունի: Այդ դպրոցներում արդեն մի քանի անգամ հայտարարվել է մրցույթ: Կան դպրոցներ, որտեղ տնօրենի հավակնորդներն արդեն հաղթահարել են առաջին փուլը, այսինքն՝ դպրոցի զարգացման ծրագիրը դրական եզրակացություն է ստացել։ Այժմ նրանք սպասում են հարցազրույցի փուլին։ Բայց կան դպրոցներ, որտեղ տնօրենի պաշտոնը թափուր է արդեն 2 տարի: Արմավիրի թիվ 6 դպրոցը դրանցից է: Նառա Սաժումյանը գրեթե 1.5 ամիս առաջ է նշանակվել թիվ 6 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

«Մենք տնօրեն չունեինք, 1 տարի 9 ամիս մեր ԿԱԴԱՀ-ն (կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողը) եղել է ժամանակավոր պարտականությունները կատարող: Տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրացել էր, պետք է ունենայինք նոր տնօրեն, սակայն զարգացման ծրագրի չհաստատվելու պատճառով նոր տնօրեն չունեինք: Շատ քիչ դեպքում է լինում, որ առաջին անգամից զարգացման ծրագիրն անցնում է: Պետք է սկզբում զարգացման ծրագիրն անցնի, հետո բանավոր փուլ է լինում: Ժամանակատար է, կարող է այդ գործընթացը ձգվել 6 ամսից մինչև 1 տարի»:

Նառա Սաժումյանը գրեթե 10 տարի աշխատում է Արմավիրի թիվ 6 դպրոցում։ Նա անգլերենի ուսուցչուհի է: Հիմա 3 հավակնորդների հետ մասնակցում է տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին:

Գրեթե 2 տարի տնօրեն չունի նաև Նոր Կեսարիա գյուղի դպրոցը՝ ասում է մարզի կրթության վարչության պետ Սոնյա Բուդաղյանը:

«Այնտեղ երկար ժամանակ դիմող չկար, հետո հավակնորդ եղավ, և նրա զարգացման ծրագիրը բավական ուշ ստացավ դրական եզրակացություն: Նա այլ համայնքից է: Տեղի ուսուցիչները չեն ցանկանում հավաստագրվել ու մասնակցել մրցույթին, որովհետև պատասխանատվությունը բավականին մեծ է: Իրենք սիրում են իրենց ուսուցչական աշխատանքը, մասնակցում են կամավոր ատեստավորմանը, աշխատավարձը բավականին բարձր է և իրենց տեսնում են այնտեղ»:

Պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո տնօրենները չեն կարող մնալ որպես ժամանակավոր պաշտոնակատար, իսկ եթե դասաժամեր ունեն, ապա դպրոցում շարունակում են աշխատել որպես ուսուցիչ:

Կարդացեք նաև

Back to top button