ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տիեզերքից մինչև գենոմ․ Հայաստանում նշում են Գիտության համաշխարհային օրը

Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն։ Այս տարի նշվում է «Հանուն խաղաղության և զարգացման» խորագրով՝ նպատակ ունենալով խթանելու գիտության և հասարակության գործակցությունը համաշխարհային խնդիրների լուծման հարցում։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Գիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարքը։

«Մեր թիմը այս մրցանակի շրջանակում ներկայացրել է դիտողական և տեսական բնույթի աշխատանք՝ նվիրված կենսամարկերների որոնումներին Պարսամյանի ցուցակի միգամածություններում»։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը Բյուրականի աստղադիտարանի աստղաքիմիայի, աստղակենսաբանության և արտարեգակնային մոլորակների բաժնի վարիչ Արարատ Եղիկյանն է։ Նա համառոտ կերպով ներկայացնում իրենց բաժնի 25 տարվա աշխատանքը, որն արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան մրցույթի հավաստագրի։

«Կենսամարկերները մեր Երկրից դուրս կյանքի դրսևորումներն են, որոնք հնարավոր է գրանցել աստղադիտակներով։ Եթե տարիներ առաջ ուշադրության կենտրոնում էր արտաերկրային քաղաքակրթությունների որոնումը, ապա այսօր գիտությունը հասկացել է՝ պետք է սկսել մանրէների մակարդակից»։

Սա նշանակում է գտնել բարդ քիմիական միացություններ, որոնք ապագա կյանքի նախանշան կարող են լինել, բացատրում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորը։ Արարատ Եղիկյանը հիշեցնում է, որ դեռ 1965-ին Հայաստանի առաջին կին աստղագետը՝ Էլմա Պարսամյանը, միգամածությունների ցուցակ էր հրապարակել։ Միգամածություններ, որոնք փոքր զանգված ունեցող նորաստեղծ աստղերի օջախներ են։ Եվ հենց այդ տարածքներում են այսօր հայ աստղագետները փնտրում կյանքի հնարավոր հետքեր։ Գիտնականն ասում է՝ Բյուրականի աստղադիտարանն իր նորագույն գիտական ուսումնասիրություններով փորձում է բացահայտել կյանքի հնարավոր դրսևորումները տիեզերքում։ Այս մրցանակը ևս ուղղելու են գիտական նոր ուսումնասիրություններին։

 «Ստացված մրցանակային գումարը մենք կրկին ուղղելու ենք գիտությանը»։

Տիեզերքի խորքերը բացահայտելուն զուգահեռ՝ հայ գիտնականները շարունակում են ուսումնասիրել նաև մարդու ծագումն ու ինքնությունը։

Հենց այս ուղղությամբ է կառուցված ևս մեկ ուշագրավ նախագիծ՝ «Ծագումից մինչև ինքնություն․ հայերի գենետիկական ուղին»։ Այն ներկայացվել է Գիտությունների ազգային ակադեմիայում Գիտության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը։ Գիտական տվյալները վկայում են, որ հայերի մայրագծային գենետիկան ձևավորվել է շուրջ ութ հազար տարի առաջ։

Մենք բնիկ ժողովուրդ ենք, և պետք է դա բոլորս հասկանանք ու համակերպվենք դրան, «Ռադիոլուր»-ին ծիծաղով ասում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը։

«Դա չի նշանակում, որ այդ ժամանակ նրանք հայեր էին, բայց մեր գենետիկական և կենսաբանական նախնիները ապրել են այս տարածաշրջանում առնվազն ութ հազար տարի առաջ։ Եվ այս տարի մենք ավարտեցինք ամենակարևոր աշխատանքներից մեկը՝ հայերի ծագման վերաբերյալ ուսումնասիրությունը։ Մենք կարողացել ենք բարձր հավանականությամբ հերքել այն վարկածը, թե հայերը եկվոր են Բալկանյան թերակղզուց։ Այդ տեսակետը տարածված էր, և մեր ուսումնասիրությունները վերջապես ջախջախեցին այն»։

Գիտնականը խոստովանում է՝ գիտական ուսումնասիրության ճանապարհը հեշտ չի եղել։ Շատ դժվարություններ դեռ առջևում են, որովհետև այս տվյալները պետք է հասնեն դպրոցներ, բուհեր։ Աշխատանքի արդյունքները տպագրվել են գենետիկայի ամենահեղինակավոր գիտական պարբերականներից մեկում՝ American Journal of Human Genetics-ում։

«Շնորհավորում եմ բոլորիս՝ Գիտության համաշխարհային օրվա առթիվ»։

ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն է շնորհավորում ներկաներին։ Նա ընդգծում է, որ գիտությունն այսօր ոչ միայն ազգային հպարտություն է, այլև երկրի անվտանգության և զարգացման հիմնասյուն։

«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ տնտեսությունից անկախ գիտություն։ Մեր բուհերն ու ինստիտուտները պետք է դառնան տեխնոլոգիաներ, ստարտափներ և արտոնագրեր գեներացնող կենտրոններ։ Այսօր բարձր տեխնոլոգիական գիտությունն առավել պահանջված է, քան երբևէ՝ թե՛ տնտեսության զարգացման, թե՛ երկրի պաշտպանության հզորացման համար»։

Անդրադառնալով գիտության ոլորտում ընթացող բարեփոխումներին՝ Աշոտ Սաղյանը ներկայացնում է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի փոփոխությունը։ Ըստ նոր օրենքի՝ ԳԱԱ-ն ոչ առևտրային կազմակերպությունից վերածվում է հիմնադրամի։ Ակադեմիան առաջիկայում կդառնա փորձագիտական և գիտամեթոդական կառույց, որի հիմնական առաքելությունը կլինի Հայաստանի տարածքում գործող գիտահետազոտական ինստիտուտների և լաբորատորիաների գործունեության գնահատումը։

«Բացի դրանից՝ ակադեմիան շարունակելու է իր հրատարակչական գործունեությունը։ Մեր նպատակը՝ առաջիկա տարիներին մեր գիտական ամսագրերը ներառել միջազգային գիտաչափական շտեմարաններ և հասցնել դրանք Q1 կամ առնվազն Q2 մակարդակի»։

ԳԱԱ նախագահը անդրադառնում է նաև վերջին շրջանում ակադեմիայի լուծարման և ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ շրջանառվող խոսակցություններին։

«Սա ամբողջովին սխալ մեկնաբանություն է։ Ակադեմիան շարունակում է մնալ պետական ֆինանսավորմամբ՝ հատուկ տողով ներառված բյուջեի մեջ։ Ոչ ոք չի փակվում, ոչ մեկին չեն ազատելու աշխատանքից։ Ընդհակառակը՝ մենք մտնում ենք զարգացման նոր փուլ»։

ՀՀ կառավարությունը շարունակաբար խրախուսելու է գիտության առաջընթացը, հետևողական ծրագրերով նպաստելու է գիտական համայնքի ներուժի զարգացմանը և գիտական արդյունքի մրցունակության բարձրացմանը՝ շնորհավորական ուղերձում նշում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Անելիքները գիտության ոլորտում շատ են։ Ուրախ եմ, որ այսօր էլ այդ անելիքը քննարկվում է, և կա գործնական վերաբերմունք մեր առաջիկա ճանապարհին»։

Նախարարը դիմում է բոլոր գիտնականներին և երիտասարդ հետազոտողներին՝ մաղթելով, որ գիտությունը դառնա խաղաղության, զարգացման և ազգային հզորացման գլխավոր հենարանը։

Կարդացեք նաև

Back to top button