
Ռուսաստանի կառավարությունը Ռոսկոմնադզորին (ՌԿՆ) լիազորություն է տվել սահմանափակել կամ ամբողջությամբ անջատել RuNet-ը համաշխարհային ինտերնետային ցանցից, գրում է Deutsche Welle-ն։
«Հանրային կապի ցանցի կենտրոնացված կառավարման կանոնները» ուժի մեջ կմտնեն 2026 թվականի մարտի 1-ից, հաղորդել են ռուսական լրատվամիջոցները կիրակի՝ նոյեմբերի 9-ին, հղում անելով կառավարության որոշմանը:
Փաստաթղթի համաձայն, կարգավորող մարմինը կկարողանա իրականացնել իր լիազորությունները, եթե Ռուսաստանում ինտերնետի «կայունությանը, անվտանգությանը և ամբողջականությանը» սպառնացող վտանգներ առաջանան: Նման սպառնալիքների թվում են կապի հանգույցների խափանումները և գերբեռնվածությունը, կարևորագույն օբյեկտների խափանումները, կիբեռհարձակումները, արգելված բովանդակության տարածումը, ինչպես նաև ռուսական և արտասահմանյան ցանցերի միջև փոխգործակցության խափանումները և երկրի ներսում տեղեկատվության փոխանակման անհնարինությունը:
Պարտադիր հրամաններ
Սպառնալիքի դեպքում ՌԿՆ-ն իրավասու կլինի օպերատորներին և մատակարարներին պարտադիր հրամաններ տալ՝ սահմանափակելով ինտերնետային ռեսուրսներին մուտքը, սեփական տեխնիկական սարքավորումների միջոցով վերաուղղորդելով երթևեկությունը, փոխելով տվյալների փոխանցման ուղիները և ակտիվացնելով ֆիլտրերը: Անհրաժեշտության դեպքում գործակալությունը կկարողանա ամբողջությամբ մեկուսացնել ցանցի ռուսական հատվածը:
Միջադեպերին արձագանքման կանոնակարգերը կհաստատվեն թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության միջոցների նախարարության և Դաշնային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հետ խորհրդակցելով։




