Աշխարհում պլաստիկը գնալով ավելի ու ավելի խնդրահարույց է դառնում՝ որպես բնապահպանական ու առողջապահական մարտահրավեր։ Մասնագետները հիմնավորում են իրենց մտահոգությունները․ միկրո- և նանոպլաստիկը պլաստիկի անտեսանելի մասնիկներ են, որոնք օրգանիզմ են թափանցում ամենատարբեր եղանակներով՝ սննդի, առօրյայում կիրառվող իրերի ու խնամքի պարագաների միջոցով։
Թեև դեռ սուղ են փաստական տվյալները միկրոպլաստիկի շղթայական ազդեցության վերաբերյալ, սակայն միջազգային հեղինակավոր կառույցներն արդեն ահազանգում են վտանգների մասին։ Պետություններից պահանջվում է հստակ քաղաքականություն մշակել՝ նվազեցնելու պլաստիկի կիրառումը, ըստ այդմ՝ նաև առողջական ռիսկերը։
Հայաստանում ևս շրջանառության մեջ է դրվել ոլորտը կարգավորող օրենքի նախագիծ։ Մինչև դրա կյանքի կոչվելը, սակայն, Հայաստանում լայնորեն կիրառվում են պլաստիկե իրեր։




