
ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը պաշտոնապես մեկնարկել է 2024 թ․ սեպտեմբերի 9-ին։ 2025 թ. ընթացքում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը մշակելու համար Հայաստան է եկել փորձագիտական երկու խումբ։ Դրանց զեկույցների հիման վրա Եվրոպական հանձնաժողովը նախագիծ է կազմել, որը ներկայացվել է ԵՄ անդամ երկրների հաստատմանը։ Այդ երկրների առաջարկներով փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել և փոխանցվել է հայկական կողմին: Վիզաների ազատականացման գործընթացը համակարգում է ՀՀ ՆԳ նախարարությունը։
74 հենանիշ (benchmark)՝ չորս հիմնական ուղղություններով։ Դրանք են փաստաթղթերի անվտանգությունը՝ ներառյալ կենսաչափական համակարգը, Սահմանների համալիր կառավարումը, միգրացիայի կառավարումը և ապաստանի համագարգը, Հասարակական կարգը և անվտանգությունը, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կոռուպցիայի դեմ պայքարը, արտաքին հարաբերությունները և հիմնարար իրավունքները: Հայաստան- ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը կարելի է ասել գաղտանզերծված է: Վիզաների ազատակաանցման երկխոսությունը ԵՄ–ի ու ՀՀ միջև սկսվեց 2024 թվականին։ Հայաստանին ներկայացված գործողությունների ծրագիրը երկրի համար կարևոր ոլորտներում արդյունքներ արձանագրելու հնարավորություն է։ Արդյունքներ, որոնք համահունչ կլինեն այն արժեհամակարգային մոտեցումներին, որոնք Հայաստանի Հանրապետության և ԵՄ-ի համար ընդհանուր են՝ ընդգծում է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը․
«Սա նաև կարևորագույն հնարավորություն է՝ ապահովելու մարդկային, տնտեսական, մշակութային, կրթական կապերը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև»։
Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունակության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխներն ասում է՝ դրանք նպատակներ են, որոնց պետք է հասնել հետագա տարիներին․
«Մենք պատրաստ ենք շարունակելու համագործակցությունը, որպեսզի այս նպատակները դառնան իրականություն։ Հայաստանի և Եվրոպական Միության միջև վիզաների ազատականացման երկխոսությունը բաց գործընթաց է և կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի, որպեսզի ծրագիրը լիարժեք իրականացվի և բոլոր բարեփոխումները հասնեն իրենց նպատակին»։
Գործողությունների ծրագիրը բանակցվող փաստաթուղթ չէ՝ արձանագրում է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
«Եվրոպական հանձնաժողովը այն ներկայացնում է գործընկեր բանակցային կողմին իմպլեմենտացման նպատակով, այսինքն՝ մենք պետք է կատարենք մեր տնային աշխատանքը, կազմենք մեր ներքին ճանապարհային քարտեզը և այս ուղղությամբ սկսենք պրակտիկ իմպլեմենտացիոն գործողություններ»։
Փոխնախարարը ներկայացնում է ծրագրով առանձնացված և առաջնահերթություն համարվող ուղղությունները․
«Առաջինը առնչվում է փաստաթղթերի անվտանգությանը, տվյալների պաշտպանությանը, փաստաթղթերին առնչվող համակարգերին։ 2-րդ խումբ հարցերը առնչվում են միգրացիայի կառավարմանը, սահմանների կառավարմանը, ապաստանի համակարգերին, 3-րդ խումբ հարցերը հիմնականում առնչվում են հանրային անվտանգությանը, հանցավորության դեմ պայքարին, իսկ 4-րդ խումբ հարցերը առնչվում են մարդու հիմնարար ազատություններին, հակախտրականությանը և մի շարք այսպիսի խնդիրների»։
Այս պահին Հայաստանում փաստաթղթերի անվտանգությունը այնքան էլ ապահով չէ, որոշակի խնդիրներ կան նաև կենսաչափական համակարգերի հետ կապված։ Ինչ որ պահի դրանք դադարեցին աշխատել։ Կենսաչափական անձանգրերում ներդրված չիպերն աշխարհում այլևս չէին արտադրվում։
«Այս մասով մենք անցել ենք բավականին մեծ ճանապարհ, պետություն– մասնավոր գործընկերության ճանապարհով ընտրվել է աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ ֆրանսիական «Ինգրուպ» կազմակերպությունը, որպես մասնավոր գործընկեր պետության համար, որպեսզի համատեղ պետություն– մասնավոր ջանքերով մենք կարողանանք ներդնել։ Ամենաարդիական կենսաչափագրական համակարգը Հայաստանում պայմանագիրը ստորագրվել է այդ ընկերության հետ, հիմա մենք ինտենսիվ ներդրման փուլում ենք»։
Կենսաչափական անձնագրերը կշրջանառվեն արդեն 2026–ից։ Արդյո՞ք մասնավոր կազմակերպության հետ համագործացելը ռիսկային չէ։ Արմեն Ղազարյանը շեշտում է՝ «Պետություն–մասնավոր համագործակցության մասին օրենքով է հարցը կարգավորվում, ուստի պետությունը շարունակում է իրականացնել պատասխանատվության իր ֆունկցիան․
«Ուղղակի այն կազմակերպչական, ծառայությունների մատուցման գործառույթները, որոնք կարող է, հնարավոր է իրավականորեն , Սահմանադրական կարգավորումների շրջանակում հնարավոր է տալ մասնավորին, դա է արվել, ըստ էության։ Թե չէ , տվյալը, ըստ էության, պատկանում է քաղաքացուն, որովհետև տվյալը հենց իմն է, ձերն է, յուրաքանչյուր քաղաքացունն է, բայց այդ տվյալների ամբողջականությունը, շտեմարանները, դրանց կառավարումը՝ դրանք շարունակելու են մնալ որպես պետական գործառույթներ։ Տվյալների պաշտպանության պատասխանատուն պետությունն է»։
Շեշտադրվում է հատկապես ներքին անվտանգության համակարգերի բարելավումը՝ հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարության ընդունումը և իրականացումը, իրավապահ համակարգի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի հզորացումը։ ԵՄ երկրները պարբերաբար բարելավում են միգրացիոն քաղաքականությունը, այստեղ կարևորվում է քաղաքացիների ռեադմիսիան՝ հետընդունման համակարգը․
«Եվրոպական Միությունը շարունակաբար խստացնում է իր միգրացիոն օրենսդրությունը և կառուցակարգերը։ Այսինքն՝ երբ անձինք Եվրոպական Միությունում հայտնվում են անօրինական ճանապարհով կամ հայտնվում են օրինական ճանապարհով, հետագայում, թույլատրելի ժամկետները խախտելով, դառնում են անօրինական, Եվրոպական Միությունը անձանց նույնականացնում է և հետ է ուղարկում տվյալ պետություն։ Վիճակագրությամբ, եթե հետևենք, ՀՀ–ն ու ԵՄ–ն ունեն շատ լավ համագործակցություն ռեադմիսիայի ոլորտում։ Ռեադմիսիոն ստացված հայցերի 80–ից 90 %-ը հայկական կողմից արժանանում են դրական պատասխանի, և մենք հետ ենք ընդունում այս անձանց»։
Գործընթացի դրական գնահատման վերջնարդյունքում՝ ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու է Եվրամիության երկրներ առանց վիզա մեկնելու հնարավորություն։ Այս ռեժիմով կենսաչափական անձնագրով ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Շենգենյան տարածք՝ կարճաժամկետ այցերի համար։
«Մենք մարդկանց համար ստեղծում ենք ավելի լայն ճամփորդելու հնարավորություններ։ Սա Եվրամիության տարածքում աշխատելու հնարավորություն չէ, սա Եվրամիության տարածքում երկարաժամկետ մնալու հնարավորություն չէ, ո՛չ, խոսքը միայն կարճաժամկետ այցելության՝ Շենգեն վիզաների մասին է, յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր՝ առանց վիզայի պահանջի Եվրոպական Միության տարածքում գտնվելու հնարավորության մասին»։
Փաստաթղթում շեշտադրվում է մարդու իրավունքների պաշտպանության ուժեղացումը, հատկապես՝ փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովումը, խոցելի խմբերի պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը։ Առաջադրվող բոլոր կետերով աշխատանքը ակտիվ փուլում է։




