Արդեն100 տարի

Թաթուլ Դիլլաքյան. Դերասան ու բարի սրտի մարդ․ «Գրեթե 100 տարի»

Այսօր պատմելու ենք հայ թատրոնի և շարժանկարի մի յուրահատուկ դերասանի մասին, որին գործընկերները բնութագրում էին իբրև մեծատառով Մարդ: Նա իր շուրջն ուրախություն էր ստեղծում և դեպի իրեն ձգում ծանոթ-անծանոթի: Նա Թաթուլ Դիլլաքյանն է:

Հանրային ռադիոյի ձայնադարանում պահված 2 ձայնագրությունների միջոցով, մենք հեռակա կառնչվենք այս ուրախ մարդու հետ: Ովքեր նրան տեսել են բեմում, կամ շարժանկարի պաստառին կամ ճանաչել են անձնապես, վստահաբար կընկնեն բարի հիշողությունների գիրկը, իսկ, ովքեր՝ ոչ, այս ձայնագրությունների միջոցով, կբացահայտեն այս համով-հոտով մարդուն:

Թաթուլ Դիլլաքյանին իսկապես շատ էին սիրում: Նա հարազատի պես էր վարվում բոլորի հետ, անգամ անծանոթ անցորդների: Փողոցում, եթե հանդիպեր ծանր պայուսակով մի կնոջ, անպայման  կօգներ նրան: Հասնում էր բոլորին: Նա, կարծես, ամենքի ընկերը լիներ: Ուներ հրաշալի ընտանիք, ոսկե սրտով մի կին՝ Ալման՝ Թաթուլի նեցուկը: Ալման ռեժիսոր էր, որ ամբողջովին նվիրվել էր իր ամուսնուն և 3 զավակներին: Ալման էր, որ ամուսնու հետ բաց էր պահում իրենց տան դուռը հյուրերի առջև և սեղանը միշտ լի ընդունում էր նրանց: Ալման ուրախանում էր, երբ ամուսնու գործընկերները իրենց քեֆերի ժամանակ խառնշտում էին իր զգեստապահարանը՝ կերպարանափոխվելու, կնոջ դերի մեջ մտնելու և հավաքույթը ավելի զվարճալի դարձնելու համար:

Այս հրաշալի դերասանի և մարդու մասին իր հուշերն է պատմում թատրոնի և կինոյի մեծը՝ Մհեր Մկրտչյանը՝ չմոռանալով Թաթուլի «հռչակավոր» թթվի տակառի հետ կատարված արկածի մասին:  Ժամանակիցները կհիշեն, թե Թաթուլ Դիլաքյանն ինչ հրաշալի էր Հրաչյա Ներսիսյանի հետ «Պաղդասար աղբար»-ում, երբ մարմնավորում էր Օգսենի դերը:

Վիլյամ Սարոյանը, որ Երևան այցի ժամանակ Սունդուկյան թատրոնում դիտել էր այս ներկայացումը, բացի Հրաչյա Ներսիսյանի փառահեղ խաղից, շատ տպավորված էր նաև Թաթուլ Դիլլաքյանի Օգսենով: Հետագայում, նույն ներկայացման մեջ, նրա հետ բեմ բարձրացավ Մհեր Մկրտչյանը: 

Պատմում են, որ Թաթուլն իր դերերը սովորում էր պառկած և երազում էր լուրջ դերերի մասին: Օրերից մի օր նրան առաջարկում են մարմնավորել Լենինի կերպարը: Դիմահարդարմամբ՝ իսկը Լենինն էր: Բայց շուտով նրան մերժում են, պատճառաբանելով՝ թե երբ բեմ բարձրանաս, հանդիսականը, սովորության համաձայն, քեզ տեսնելով կսկսի ծիծաղել: Թաթուլ Դիլլաքյանի հանդիսականը երևի չէր էլ պատկերացնի, թե ինչ ծանր մանկություն է ունեցել Վանում, 1913 թվականին ծնված այս սիրելի դերասանը:

Ցեղասպանության ժամանակ սպանվել է հայրը: Մայրը իր 4 զավակների հետ բռնի տեղահանվել է: Գաղթի ճանապարհին՝ կորցրել 2 մեծ զավակներին: Երևան հասնելով՝ մորն օգնելու համար, Թաթուլը ջուր է վաճառել քաղաքի փողոցներում: Իսկ հետո արդեն սեր և ուրախություն է բաժանել մարդկանց բեմից, էկրանից և առօրյա կյանքում:

Ցավոք, անողոք հիվանդությունն արեց իր սև գործը՝ խլեց Թաթուլ Դիլլաքյանի հիշողությունը: Դիլլաքյանը շարժանկարներում ստեղծել է հիմնականում դրվագային դերեր, բայց ի՜նչ տաղանդով է դա արել «01.99», «Առաջին սիրո երգը», «Նվագախմբի տղաները», «Տղամարդիկ», «Մարդը Օլիմպոսից» և իհարկե՝ «Շրթներկ N 4» ֆիլմերում: 

1989թ.-ին, 76 տարեկանում մահացավ այս յուրօրինակ դերասանը և հրաշալի մարդը: Երևանի կենտրոնում, այսօրվա Հյուսիսային պողոտայում, հին քաղաքից մնացած, պայքարով փրկված դերասանների շենքում, որտեղ ապրել են Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Վաղինակ Մարգունին և շատ-շատ ուրիշ մեծություններ, փակվեց նաև Թաթուլ Դիլլաքյանի  բնակարանի մշտապես բաց դուռը: 

Կարդացեք նաև

Back to top button