
Դիանա Աբգար, Մարագարետ Թետչեր, Անգելա Մերկել… դիվանագիտության մեջ կանանց անունները ևս հնչեղ են։ Նրանք էլ` սեռին բնորոշ շրջահայացությամբ ու մասնագիտությանը բնորոշ ճկունությամբ, փորձել ու փորձում են միջազգային խրթին հարցերին նրբագեղ լուծումներ տալ։
Կանադայում ՀՀ դեսպանը Անահիտ Հարությունյանն է։ Նրա հետ խոսել ենք առցանց, քննարկել ենք դիվանագիտական մշակույթը, էմոցինալ ինտելեկտի առկայության կարևորությունն ու Կանադայի ձմեռների հաղթահարման բանաձևերը։ Այս ամենի մասին՝ հերթով։
***
-Անկեղծ ասած, այդ հարցը շատ են ինձ տալիս կին դիվանագետի վերաբերյալ, բայց ես կընդհանրացնեմ, կխոսեմ դիվանագետի որակավորումների մասին, որը սեռական պատկանելություն չունի։ Իմ պատկերացմամբ՝ դիվանագետները պետք է օժտված լինեն մարդասիրությամբ, շփվելու կարողությամբ, լսելու ունակությամբ, այսինքն, երբ որ ասում եմ դիվանագետ, ես ավելի շատ շեշտը դնում եմ այդ որակների վրա, քան թե՝ կին, թե՝ տղամարդ:
Պետք է խոստովանեմ, որ կին դիվանագետի հետ զրուցելու առիթ հաճախ չէ, որ ունենում եմ։ Այդ պատճառով նախքան յուրօրինակ հարցեր մտածելը, հարցազրույցը սկսեցի կարծրատիպային՝ ի՞նչ է նշանակում լինել կին դիվանագետ, հարցով։

-Հաճախ կարծրատիպերը գերակշռում են, որովհետև մեր պատկերացումներում դիվանագետը փողկապով տղամարդն է, և ոչ թե կինը, որն իր հետ բերում է նաև որոշակի կանացի որակներ, որը չեմ կարող ասել, որ բացասական է։ Շատ հաճախ, շատ ավելի տպավորիչ է լինում կին դիվանագետի աշխատանքը։ Կարող ենք ասել՝ կանայք ավելի շատ են օժտված «էմոցիոնալ» ինտելեկտով, քան տղամարդիկ։
Մարագարիտ Թետչերի գործունեությանը հիացմունքով հետևած Անահիտ Հարությունյանը սեփական փորձով գիտի, որ ամենալավ բանը, որ դիվանագետը միշտ կարող է ինքն իր համար անել էմոցիոնալ ինտելեկտի վրա աշխատելն է։
-Թրենդային է հիմա այս մասին խոսելը, բայց ես խոսում եմ ոչ թե, որ դա թրենդային է, այլ նաև գործնականում դրա արդյունքները տեսել եմ՝ հատկապես կին ղեկավարների դեպքում։ Կին ղեկավարները շատ ավելի բազմակողմանի են իրավիճակը տեսնում։ Մենք ոչ թե փորձում ենք արդյունքի հասնել ցանկացած գնով և ցանկացած արագությամբ, չէ, մենք փորձում ենք այդ ճանապարհին հնարավորինս քիչ վնասներ տալ։
***
28 տարի առաջ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն մուտք գործած թուրքագետ Անահիտ Հարությունյանը մի շատ կարևոր առաջադրանք ուներ՝ զբաղվել Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնով։ Բայց ինչպես աշխատել դիվանագիտական հարաբերությունների ողղությամբ եթե դրանք չկան։
— Այն աշխատանքը, որ ես այդ շրջանում անում էի Արտաքին գործերի նախարարությունում Թուրքիայի բաժնից, շատ չէր տարբերվում, օրինակ, ակադեմիայում արվող աշխատանքից, որովհետև մենք չունենք հնարավորություն շփվելու թուրք դիվանագետների հետ, խոսելու իրենց հետ։ Այդ հարաբերությունները գոյություն չունեին։ Մեր ամբողջ առնչությունը երկրի հետ հետազոտություններ, տարատեսակ մամուլ ընթերցելու, վերլուծական բնույթի աշխատանքներ էին, քան՝ գործնական։ Հետո որոշում կայացրի, որ Ժամանակն է փոխել ուղղությունը։
Հաշի առնելով ստեղծված աշխատանքային պայմանները՝ Անահիտ Հարությունյանը մի օր որոշեց, որ ուզում է գործնական դիվանագիտությամբ զբաղվել։ Խիստ Ժամանակին կայացրած այս որոշուման շնորհիվ նա սկսեց ապրել ուրիշ դիվանագիտական կյանքով՝ բնորոշ բոլոր բաղադրիչներով։
-Ա՛յ, երբ որ փոխեցի և գնացի Արգենտինա, քանի որ դա իմ առաջին գործուղումն էր, ա՛յ, կարծես այդ ժամանակ նոր որոշակիորեն սկսվեց ձևավորվել դիվանագիտության վերաբերյալ իմ վերաբերմունքը
Այստեղ առաջին ու ամենակարևոր բանը, որն անում է երիտասարդ դիվանագետը՝ իսպաներեն սովորելն է։ Չէ՞ որ ամենաազդեցիկ դիվանգիտություններից մեկը մշակութային դիվանագիտությունն է։
-Դա ստեղծում է հարաբերությունների մի որակ, որը գործնականում ավելի երկար կյանք կունենա, երկարաժամկետ կլինի։ Երբ կարողանում ես դա համեմել նման թեմաներով, շատ ավելի ազդեցիկ ու մտերմիկ են դառնում այդ հարաբերությունները։
Արգենտինայում ունեցած դիվանագիտական կարիերայից հետո, Անահիտ Հարությունյանը , Բելգիայով, Շվեյցարիայով հասնում է Կանադա՝ ազդեցիկ ձմեռների հետ առերեսվելու։ Բայց այստեղ էլ դիվանագիտական մի խորհուրդն ամեն ինչ իր տեղն է գցում։

-Առաջին խորհուրդը, որ տալիս են, ասում են՝ փորձի՛ր ցուրտը սիրել, փորձի՛ր հաճույք ստանալ ձմեռային սպորտաձևերից։ Գիտե՞ք, թվում է՝ շատ տարօրինակ բան են ասում, հատկապես, երբ որ ես եկա այստեղ ամառ էր ու տաք եղանակ, որևէ կերպ չէի պատկերացնում, որ ձմեռը կարող է այդքան ցրտաշունչ ու այդքան երկար լինել։ Եվ դու հետագայում հասկանում ես, թե այդ խորհուրդն ինչքան իմաստուն է այն առումով, որ դու չես կարող դիմադրել, դու չես կարող պայքարել այդ ձմռան դեմ և շատ ավելի լավ է, որ այդ իրականության հետ առերեսվես այնպես, ինչպես-որ այն կա, ու փոխանակ այն դիմադրելու և դեպրեսիվ ինչ-որ տրամադրություն ունենալու, փորձես կանադացիների պես վայելել այդ ձմեռը։
***
Մարդկության զարգացման ընթացքում մենք երբեք այդքան ծանրաբեռնված չենք եղել տեղեկատվությամբ, ինչքան այսօր։ Սոցիալական մեդիան մեր կյանք է բերել ամեն վայրկյան թարմացվող նորությունների շարք, որը չի շրջանցել նաև դիվանագիտության ոլորտը։
— Տեղեկատվության ծավալն այնքան մեծ է, այնքան տարատեսակ ու հասանելի, որ դու պիտի կարողանաս այդ ամենը ընկալել, մարսել, ապատեղեկատվությունը զատել այդ ամենից, դա էլ է այսօրվա դիվանագիտության մեջ շատ կարևոր՝ կարողանալ տեղեկատվությունը ապատեղեկատվությունից զատել։
Այս ամենով պայմանվորված, մեզ կարող է թվալ, թե ժամանակակից դիվանագիտությունը, ինչպես և մեր միջավայրում շատ բան, հիմնաքարային փոփոխությունների է ենթարկվել։
-Մեր աշխատանքը մեծամասամբ սոցիալական ցանցերով արդեն երևում է, նախկինում նման փորձառություն մենք չենք ունեցել։ Բայց միևնույն է, որքան էլ դու ակտիվ ես այդ հարթակներում, մարդկային շփումը և բանակցությունների որակը, ինտենսիվությունը չեն նվազել դրանից և շարունակում են մնալ լուրջ գործոն՝ հաջողակ դիվանագետի աշխատանքի համար, որքան էլ դու ուզում ես թվիթերում ակտիվ եղիր։
***
Ոչ մի ոլորտ սխալներից ապահովագրված չէ, պարզապես, դիվանգիտական ոլորտում արված սխալները երբեմն ավարտվում են պայթյունավտանգ իրավիճակներով կամ հենց պայթած պատերազմներով։ Իսկ դիվանագետներն իրենք ինչպե՞ս են քաղում իրենց բաժին դասերը։
— Կարծում եմ, ոչ թե պիտի հիասթափվես այդ պահերին, այլ փորձես որոշակի դասեր քաղել, հետևություններ անել և քո աշխատանքում որոշակի շտկումներ մտցնել՝ փորձելով այնպես անել, որ նվազագույնի հասնեն նման իրավիճակները։ Հետևությունները պիտի լինեն հստակ՝ ի՞նչն էր, որ ծնում էր այդ անտարբերությունը, ո՞րն էր կոնկրետ իմ աշխատանքում, որ ես չէի անում պատշաճ։ Կարծում եմ, ճիշտ է այդ տեսակետից նայել իրավիճակին, քան թե հիասթափվել, դա երևի, ամենահեշտ տարբերակն է։
Իսկ բոլոր այն երիտասարդները, որոնք ևս որոշել են չգնալ հեշտ ճանապարով և ընտրել են դիվանագետի մասնագիտությունը, այժմ կարող են լարել լսողությունը, քանի որ հնչելու են դիվանագետ դառնալու համար ամենակարևոր պայմանները։
— Դու պիտի մարդ սիրես, մարդկանց հետ խոսել կարողանաս, մարդկանց լսել կարողանաս, դու պիտի մի պահ կանգնես ու ինքդ քեզ հարցնես՝ ես սիրո՞ւմ եմ մարդկանց հետ շփվել։ Դու պիտի նաև գիտակցես, որ քո անձով, քո տեսակով երկիր ես ներկայացնում, և ինչ-որ մեկը կարող է քեզ մեկ անգամ տեսնել և իմանալ, որ դու Հայաստան ես ներկայացնում, և իր համար Հայաստանը դու ես։ Արդյո՞ք դու պատրաստ ես այդ ամբողջ ծանրությունը քո վրա վերցնել։ Եթե դու ունես այդ որակները, դա ծանրություն չէ, դա մեծ հաճույք է, իսկապես մեծ հաճույք է։




