ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Գերակշռողը կենցաղային բնույթի սպանություններն են․ հանցավորության վիճակագրական պատկերը Հայաստանում

Հայաստանի հանցավորության վիճակագրական պատկերում շարունակում են գերակշռող մնալ կենցաղային բնույթի սպանությունները՝ 2026 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասել է Ներքին գործերի նախարարը։ Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս դինամիկան արդեն մի քանի տարի պահպանվում է։ Ըստ ՄԱԿ-ի զեկույցների՝ 2021 թվականին սպանությունների համաշխարհային միջին ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով 5.8 դեպք է: Հայաստանի ցուցանիշն այս առումով  միջինից ցածր է՝ ասել  է նախարարը։ Ներքին գործերի նախարարը հայտնել է նաև, որ մշակման փուլում է Հանցավորության կանխարգելման նոր ռազմավարությունը:  

Փարաքար համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի և Ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը փետրվարին տեղի ունեցած դեպքերի շարունակությունն է՝ ասում է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։  Սա, նրա խոսքով, հաստատվում է այս պահին առկա նախաքննական տվյալներով ու ցուցմունքներով։

«Ինչքան էլ հանրային տիրույթում անընդհատ ասեն, որ  Փարաքարի համայնքում տեղի ունեցած  իրադարձությունը քաղաքական մոտիվ ունի, քաղաքական իշխանությունն է կազմակերպել, սրանք բոլորը խոսակցություններ են։

Այս խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ մենք քրեական վարույթով ունենք անցնող հստակ ապացույցներ, որով հիմնավորվում է  կատարված հանցագործության մոտիվը։ Դա, այո՛, եղել է փետրվարյան հանցագործության շարունակությունը»։ 

ՆԳ նախարարն ընդգծում է, որ կալանավորված անձն ինքնախոստովանական ցուցմունք է տվել։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Մերձավանում զինված հարձակման հետևանքով սպանվել էին Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Ավելի ուշ սպանության մեջ կասկածվող անձ էր հայտնաբերվել և ձերբակալվել։ Նա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է՝ Նարեկ Օհանյանը։  Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտարարեց, որ Մերձավանում կատարված սպանությունը բացահայտված է: Համայնքապետի և նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Խորհրդարանական ընդդիմությունը մատնանշում  է իրավապահների անգործությունը։

«Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը կարծում է, որ սպանությունը չկանխարգելելու մասով առաջին պատասխանատուն  ՆԳ նախարարությունն է։

«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ երբ հերթը հասնում է իշխանության ներկայացուցիչներին,  պաշտպանական բազմաթիվ միջոցառումներ եք իրականացնում, բայց կոնկրետ ընդդիմադիր համայնքապետի դեպքում,  երբ ակնհայտ էր , որ այնտեղ խնդիր կա, չեք կարողացել կանխարգելել»։

Նախարարն ասում է ՝ կանխարգելիչ քայլեր ձեռնարկվել են։  Փետրվարին տեղի ունեցած սպանությունից հետո  ոստիկանությունը պահակակետեր է ունեցել այն անձանց տների մերձակայքում, որոնք  ռիսկային են գնահատվել   անվտանգության տեսանկյունից։ Մի քանի ամիս շարունակ  նրանք ծառայություն են իրականացրել այդ տարածքներում՝ ասում է նախարարը։

«Բայց, կհամաձայնեք, որ մենք չենք կարող յուրաքանչյուր տան մոտ կանգնեցնել մի ոստիկան և տարիներ շարունակ պահել այդտեղ: Բնականաբար, կա օպերատիվ աշխատանք, եղել են նաև այլ պրոցեսներ և ազդակ, որ այսպիսի բան է կազմակերպվել թե՛ տեղի համայնքային ոստիկանության բաժնում, թե՛ տեղի քրեական ոստիկանության ստորաբաժանումում չեն ստացվել»։

Արփինե Սարգսյանը  հիշեցնում է, որ Արմավիրի մարզում կիսամյակային ամփոփումների շրջանակում հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ մարզում միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ խնդրահարույց, և ոստիկանական աշխատանքը պետք է շատ ավելի ինտենսիվ լինի այս տեսանկյունից:  

«Հատուկ քննարկվել է նաև փետրվարյան իրադարձությունը կոնկրետ օրինակով, որպեսզի ծառայողները կարողանան ինտենսիվորեն շարունակել իրենց աշխատանքները: Քանի որ դրանից հետո էլ կիսամյակային ամփոփման արդյունքում Վաղարշապատի ոստիկանության բաժնի պետի աշխատանքը գոհացուցիչ չի եղել, նա իմ հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Պարեկային ծառայության գումարտակի հրամանատարի աշխատանքը կրկին չի գնահատվել բավարար, և պարեկային ծառայության գումարտակի հրամանատարը իմ հրամանով ազատվել է պաշտոնից»:

Իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում են նաև անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները։ Նրանց կողմից ու  նրանց նկատմամբ  կատարված հանցագործությունները հաշվետու տարում 4 տոկոսով նվազել են։  Արդարադատության նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝  դրական միտումը պայմանավորված է մի շարք նոր նախաձեռնություններով, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությամբ, որով անչափահասներին արգելվել է վաճառել սառը զինատեսակներին նմանվող առարկաներ։

«Տեմպերը պետք է պահպանենք, որպեսզի օրենսդրական գաղափարախոսությունը, որը  համատեղ ընդունել ենք, կարողանանք պրակտիկայում ապահովել»։

Նախարարը համոզված է, որ անչափահասներին առնչվող հանցագործությունների կանխարգելման հարցում  առանցքային է  ընտանիքի ու կրթական հաստատությունների դերը։ Նրա խոսքով՝ քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքի անդամները կամ  կրթական հաստատությունները չեն ահազանգում կատարված հանցագործության մասին։

«Չթիրախավորելով որևէ կրթական հաստատություն՝ նշեմ, որ նախարարությունն աշխատում է նաև այս ուղղությամբ։ Արդեն վեց միջնորդագիր եմ ուղարկել ԿԳՄՍ նախարարությանը դպրոցների կողմից նման տեղեկությունները ոստիկանությանը չտրամադրելու համար։   Այս պրակտիկան շարունակելու ենք, որպեսզի իրավիճակը մեր տեսադաշտում պահենք»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հետաքրքրվում է՝ արդյոք հնարավո՞ր է դպրոցներում մշտական վերահսկողություն իրականացնել, հաշվի առնելով, որ անչափահասների մասնակցությամբ դեպքերի մեծ մասը հենց   դպրոցներում է արձանագրվում։

«Երբ երեխան դանակով մտնում է դպրոց, ոչ ոք ապահովագրված չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ»։

«ԿԳՄՍ նախարարի հետ արդեն քննարկել ենք  դպրոցների հագեցվածության հարցը՝ տեսահսկման և անվտանգության համակարգերով։ Դուք ճիշտ եք՝ ոստիկանության ներկայությունը դպրոցներում քիչ է, հատկապես համայնքային դպրոցներում, քանի որ ուժերը ծանրաբեռնված են։ Սակայն մենք աշխատում ենք այս ուղղությամբ»։

Նվազել են նաև տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների դեպքերը։  Ըստ օպերատիվ ամփոփագրերի, հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 1443 նման դեպք, ինչը 5,4%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նման դեպքերի կանխարգելման և հայտնաբերման նպատակով ոստիկանության պարեկային և համայնքային ծառայությունները օրվա տարբեր ժամերին բակային շրջայցեր են իրականցնում։ Դրանց արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել է բազմադրվագ գողություն կատարող 16 և շորթում կատարող 4 հանցավոր խումբ, ինչը պետք է էական ազդեցություն ունենա այս հանցատեսակի կրճատման վրա։

«Այս տեսակի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ նախաձեռնվել է նաև օրենսդրական փոփոխություն և արդյունքում 2025թ հուլիսի 3-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը նախատեսված է որպես միջին ծանրության հանցանք, նախկին ոչ մեծի փոխարեն՝ սահմանելով առավել խիստ պատժաչափ»։

ՔՊ խմբակցության պատգամավոր  Սերգեյ Բագրատյանն էլ այլ վարկածի մասին է խոսում, հանրության մեջ շրջանառվող այլ վարկածի մասին է խոսում։ Այն է՝ ոստիկանությունը համագործակցում է հանցագործների հետ,  և այդ պատճառով  գողությունների բացահայտումը փոքր է։

«Մեր հարևանը հարցնում է, կարող է համագործակցում են, որ բացահայտումների մասին որևէ անգամ չենք լսում։ Սա պարզ հանրային խոսակցություն է որևէ մեկը չի պնդում։ Կա՞ն նման դեպքերի բացահայտումներ»։

Տրանսպորտային միջոցներից կատարված գողությունների բացահայտումը 30 տոկոսի շրջակայքում է, որը նախարարը ոչ բավարար է գնահատում։

Ի դեպ, հանցավորության վիճակագրական պատկերում  փոքր տոկոս են կազմում պլանավորված հանցագործությունները։ Նախարարի խոսքով՝  Հայաստանն աչքի չի ընկնում կազմակերպված, նախապատրաստված լուրջ հանցագործությունների վիճակագրությամբ:

Կարդացեք նաև

Back to top button