ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վիզաների ազատականացման գործընթացը մտնում է նոր փուլ․ ԵՄ-ն պատրաստ է ներկայացնել գործողությունների ծրագիրը

Այս շաբաթ ԵՄ-ից պաշտոնապես կստանանք գործողությունների ծրագիրը, և գնդակն արդեն կլինի Հայաստանի դաշտում՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով վիզաների ազատականացմանը։ Նախարարի խոսքով՝ գործողությունների ծրագիրը ստանալուց հետո հստակ կլինեն Հայաստանի պետական կառույցների ձեռնարկելիք միջոցները։ Նախարարն այս համատեքստում խոսել է նաև ոլորտի թվայնացումից։ 2026–ից թվային հարթակ կտեղափոխվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու, կացության կարգավիճակներ տրամադրելու ընթացակարգերը։

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը մեկնարկել է 2024-ին։  Այս ընթացքում տեղի են ունեցել  բարձրաստիճան հանդիպումներ, Հայաստան են այցելել ԵՄ փորձագիտական առաքելություններ, ազդարարվել է բանակցությունների գործնական փուլի մեկնարկը։ Եվրոպական միության հետ նման ճանապարհ անցել է ութ պետություն, որոնցից երեքն Արևելյան գործընկերության պետություններ են՝ Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան։ Այս շաբաթ Հայաստանը ԵՄ-ից կստանա գործողությունների ծրագիրը, որն առավել պարզորոշ կդարձնի վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները՝ խորհրդարանում հաջորդ տարվա ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց  ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարի խոսքով՝

«Այս շաբաթ ի վերջո պաշտոնապես արդեն կստանանք գործողությունների ծրագիրը ԵՄ–ից փոխանցվող։ Գնդակը կլինի Հայաստանի Հանրապետության դաշտում, քանի որ հստակ կլինեն այն միջոցառումները, որոնք պետք է ապահովվեն ՀՀ պետական մարմինները։ Գործողությունների ծրագիրը, հաշվի առնելով այլ երկրների փորձառությունը և մեր շփումները ԵՄ կողմի հետ, նորություն չէ որպես այդպիսին, որովհետև հիմնականում նախատեսված են այնպիսի միջոցառումներ, որոնք ՀՀ կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ»։

Առաջին ուղղությունն այս ոլորտում կենսաչակական համակարգի նեդրումն է: Ներքին գործերի նախարարի տեղեկացմամբ՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։   Հաստատվել է բիոմետրիկ նույնականացման քարտի արտաքին նկարագիրը՝ ներառյալ ֆոնային լուծումները, անվտանգային բաղադրիչները և տվյալների դաշտերը։  

«Առաջիկայում նաև անձնագրերի արտաքին նկարագրի հաստատում կունենանք։ Նախատեսվում է վերանայել նաև ծառայության շենքային պայմանները, շինաշխատանքների համար մոդելային տարբերակն արդեն կա։ 2026–ի առաջին կեսին կանենք այդ աշխատանքները։  Երկրորդ կիսամյակից կսկսենք բիոմետրիկ նոր անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը»:

2026-ի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացը կդառնա թվային։ Դիմումների ընդունումն ու հերթագրումը կկատարվեն բացառապես քաղաքացիության գործերի նոր էլեկտրոնային համակարգի միջոցով, որը հոկտեմբերից նախագործարկվել է։

«Ընթացիկ տարվա ինն ամիսներին նախագահի հրամանագրով  17180 անձի շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն։ Այստեղ աճը 15,5 % է։  3166 անձի քաղաքացիություն դադարեցվել է, այստեղ ևս աճ ունենք՝ 10,7 Բայց ընդհանուր համայնապատկերում քաղաքացիություն շնորհված անձանց թիվը գերակշռում է»։


Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 21․916 անձ է դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար։

«14 064-ն արդեն քաղաքացիություն են ստացել։ Անձնագրավորման միջոցով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել նաև 7․191 անչափահաս»։

2026-ից կթվայնացվեն նաև կացության բոլոր կարգավիճակների տրամադրման ընթացակարգերը։ Այս փոփոխությունը ևս առնչվում է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացին և բխում է Հայաստանի իրավական կառուցակարգերը և թվային ենթակառուցվածքները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից։ «Օտարերկրացիների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը կառավարությունը հաստատել է․ այն այժմ սպասում է խորհրդարանի քննարկմանը։

Մինչ այս համակարգը նախապատրաստվում է, մյուսն արդեն գործարկվել է․ հերթերը կանոնակարգելու նպատակով ներդրվել է հիբրիդային նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս համատեղելու առցանց հերթագրումն ու իրական հերթը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն ընդգծում է՝ մեքենա գնելիս ու վաճառելիս հաշվառման բաժիններ գնալու կարիք չկա։ Սա և՛ ժամանակ, և՛ ֆինանսական միջոցներ խնայելու հնարավորություն է տալիս։ Բայց փոփոխություններին հակառակ՝ հատկապես Երևանում հերթերը շատ են՝ արձանագրում է  պատգամավորը

«Ես առաջարկում եմ ու խնդրում եմ, որ բյուջեի քննարկումների այս փուլում այնտեղ աշխատող օպերատոր աղջիկների թիվը մեծացնենք։ Չորս աղջիկ է աշխատում, որոնք տարբեր գործառույթներ են կատարում։ Տեսականու գործնական քննություններ են գրանցում, վարորդական ու տեխհաշվառման վկայականներ են տրամադրում։  Կխնդրեմ, որ ավելացվի գոնե հինգով։ Տեսական քննությունների համակարգիչների թիվը բավարար է։ Եթե աղջիկների թիվը մեծացվի, մեր քաղաքացիները տեսական քննությանն ավելի քիչ կսպասեն։ Գործականի առումով խնդիր ունենք։ Կխնդրեմ, կառաջարկեմ, որ գոնե հինգ մեքենա ավելացվի Երևանի ՀՔԲ–ում, որպեսզի գործնական քննությունը արագ լինի»։

Արփինե Սարգսյանը համամիտ է՝ Երևանի հաշվառման քննական կենտրոնը ծանրաբեռված է։ Առաջիկայում մեքենաների համալրմանը զուգահեռ կավելանա նաև աշխատակիցների թիվը։ Նախարարը կարծում է, որ ոլորտն արմատական փոփոխության կարիք ունի։ Մշակվել է հայեցակարգ, որով վերանայվել է տեսական ու գործնական քննությունների կարգը։ Մասնավորի հետ քննարկում են վարորդական վկայական ձեռք բերելու համար  կրթական բաղադրիչը պարտադիր դարձնելու հարցը։ Դրանով, ըստ նախարարի, պետք է զբաղվեն որակավորված կազմակերպությունները։

Կարդացեք նաև

Back to top button