
Մինչ Վանաձորի ավագանու ընդդիմադիր ուժերը միմյանց համախմբվելու ու ընդամենը նախօրեին ավագանու ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու կոչ էին անում, հոկտեմբերի 30-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նոր որոշում ընդունեց՝ անվավեր ճանաչելով 1 օր առաջ ընդունած սեփական որոշումը, որով վերացվել էր Վանաձոր համայնքի ավագանու հանդեպ կիրառված՝ ղեկավար ընտրելու արգելանքը։
Նոր որոշմամբ հարկադիրն ուժի մեջ է թողել ավագանու վրա դրված արգելանքը, ինչը նշանակում է, որ Վանաձորի ավագանին դարձյալ իրավունք չունի համայնքի ղեկավար ընտրել։ Քաղհասարակությունն արդեն հասցրել է արձագանքել Հարկադիրի նոր որոշմանը՝ այն որակելով միջամտություն տեղական ժողովրդավարությանը։ Ընդդիմադիր ուժերն էլ պատրաստվում են բողոքարկել նոր որոշումը։ Վանաձորի քաղաքապետարանից «Ռադիոլուրին» ասացին՝ հիմք ընդունելով նոր որոշումը՝ այժմ որևէ նոր բան ձեռնարկել և ավագանու նիստ հրավիրել չեն պատրաստվում։
Չանցած 24 ժամ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նոր որոշում ընդունեց՝ անվավեր ճանաչելով հոկտեմբերի 29-ի սեփական որոշումը։

Հոկտեմբերի 30-ի որոշմամբ հարկադիրը ուժի մեջ է թողել ավագանու վրա դրված արգելանքը։ Որոշման մեջ նշված է․ «վերացնել հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Դավիթ Պապոյանի հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը՝ արգելանքները վերացնելու մասին»։

Ստացվում է՝ նոր որոշմամբ Վանաձորի ավագանին դարձյալ զրկվում է համայնքի ղեկավար ընտրելու իրավունքից։ Հարկադիրը պնդում է, որ արգելանքը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ այն վերացնելու որոշում չի կայացրել դատարանը՝ ասում է իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը՝ սա խիստ խնդրահարույց համարելով։ Եթե այն չբողոքարկվեց, նշանակում է, անգամ 2026-ին Վանաձորի ավագանին ղեկավար ընտրել չի կարողանա՝ բացատրում է Քոթանջյանը։
«Խմբակցություններն իրավունք ունեն վերադաս բողոք ներկայացնել, և այդ բողոքը, չեմ կարծում, որ վերադասը հաշվի չառնի, որովհետև արգելանքի հիմքը սխալ է և առաջացնելու է շատ ավելի մեծ կոլապս, քան էսօր կա։ Իմ կարծիքով՝ ուղղակի ցանկություն չկա այս պահին այդ հարցը լուծել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, դրա համար ինչ-որ ձևով փորձել են ուղղակի պրոցեսը կանգնեցնել»

Չուշացավ նաև «Անկախ դիտորդ» դաշինքի հայտարարությունը, որում, մասնավորաբար, վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկ են տեսնում, որոշումը համարում են ապօրինի՝ միտված համայնքի ղեկավարի ընտրությունը կասեցնելուն ևգոյություն չունեցող վեճի հայցի ապահովմանը։
«Անկախ դիտորդ» դաշինքը հավատում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ձևավորվեն համայնքի բնակիչների քվեներով: Դաշինքն անթույլատրելի է համարում ապօրինի միջամտությունները»։
«Արդյոք պատրաստվո՞ւմ էին ավագանու նիստ հրավիրել նախորդ որոշման պահանջով»՝ հարցադրմամբ Վանաձորի համայնքապետարանից «Ռադիոլուր»ը պարզաբանումներ խնդրեց։ Համայնքապետարանի մամլո խոսնակ Աստղիկ Ավետիքյանն ասաց՝ այլևս ոչինչ չեն պատրաստվում ձեռնարկել․

«Առաջինը ստացել էինք, արդեն ուզում էինք ինչ-որ պրոցեսներ սկսել, 2-րդ գրությունը ստացանք։ Ստացանք և արդեն ոչ մի բան չենք պատրաստվում անել»։
Հիշեցնենք՝ Հարկադիր կատարման ծառայություն դիմում էր ներկայացրել Վանաձորի ավագանու «Հայրենիք» կուսակցության խմբակցությունը, որի հիման վրա էլ հոկտեմբերի 29-ին ծառայությունը կարճել էր վարույթն ու վերացրել համայնքի ղեկավար ընտրելու արգելքը։ Խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը «Ռադիոլուր»-ին ասաց՝ ԴԱՀԿ-ի նոր որոշումը բողոքարկելու են։
«Ըստ իրավաբանների՝ ընդամենը էս պրոցեսը մի քսան օրով երկարացվելու է։ Այսինքն, էլի մենք հասնում ենք էն կետին, որ ոչ մի հիմք չունեն մերժելու»։

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ասում է՝ ընդամենը ժամանակի խնդիր է․ Վանաձորի ավագանին դարձյալ կունենա համայնքի ղեկավար ընտրելու իրավունք, որովհետև վերադասության կարգով նոր որոշումը կբողոքարկվի։
Արգելանքի պատճառով 4 տարի շարունակ ՏԻՄ-ում ճգնաժամ է, և Վանաձորը չունի ընտրված համայնքապետ։ 2021-ի ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք մեղադրանքներով կալանավորվեց ամենաշատ ձայներ ստացած «Ասլանյան դաշինք»-ի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը, «Լուսավոր Հայաստան»-ն էլ դիմեց դատարան՝ վիճարկելով քվեարկության արդյունքները։ Վերջինիս ստացած 1314 ձայնին ընդամենը 10 քվե էր պակասել՝ ավագանու կազմ անցնելու համար։ Կուսակցությունը պահանջում էր անվավեր ճանաչել համայնքի ավագանու ընտրության արդյունքները։ Որպես հայցի ապահովման միջոց կիրառվել էր արգելանք․ հենց դրա բերումով էլ դատարանի որոշմամբ ավագանին չէր կարող համայնքի ղեկավար ընտրել։
2022-ի մայիսի 13-ին ՏԻՄ օրենքում արված փոփոխությամբ ՀԱՍԿ խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։




