
Մինչ Վանաձորի ավագանու ընդդիմադիր ուժերը միմյանց համախմբվելու ու ընդամենը նախօրեին ավագանու ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու կոչ էին անում, հոկտեմբերի 30-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նոր որոշում ընդունեց՝ անվավեր ճանաչելով 1 օր առաջ ընդունած սեփական որոշումը, որով վերացվել էր Վանաձոր համայնքի ավագանու հանդեպ կիրառված՝ ղեկավար ընտրելու արգելանքը։
Նոր որոշմամբ հարկադիրն ուժի մեջ է թողել ավագանու վրա դրված արգելանքը, ինչը նշանակում է, որ Վանաձորի ավագանին դարձյալ իրավունք չունի համայնքի ղեկավար ընտրել։
Քաղհասարակությունն արդեն հասցրել է արձագանքել Հարկադիրի նոր որոշմանը՝ այն որակելով միջամտություն տեղական ժողովրդավարությանը։ Ընդդիմադիր ուժերն էլ պատրաստվում են բողոքարկել նոր որոշումը։
Վանաձորի քաղաքապետարանից «Ռադիոլուրին» ասացին՝ հիմք ընդունելով նոր որոշումը՝ այժմ որևէ նոր բան ձեռնարկել և ավագանու նիստ հրավիրել չեն պատրաստվում։




