ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Ուկրաինան կիբեռզորքեր է ստեղծում․ ինչու և ինչպես

Ուկրաինայում շուրջ 4 տարի առաջ սկսված գործընթացը մոտենում է ավարտին․ Գերագույն ռադան հավանություն է տվել «Կիբեռզորքերի ստեղծման մասին» նախագծին։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ կիբեռուժերը կսկսեն գործել արդեն այս տարեվերջին։ Ըստ նախագծի՝ Ուկրաինայի Զինված ուժերի կազմում ստեղծվելիք նոր զորատեսակը կաշխատի այն կանոններով և մեթոդներով, որոնք ընդունված են ՆԱՏՕ-ում՝ անվտանգության և կիբեռպաշտպանության ոլորտում։

Ուկրաինայի Գերագույն ռադայում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծով նոր զորատեսակի՝ կիբեռզորքերի ստեղծում է նախատեսվում։ Գլխավոր շտաբում նախապատրաստական գործընթացն արդեն սկսվել է՝ BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել են Զինված ուժերի աղբյուրները։ Փաստաթղթում նշվում է, որ նոր ուժերը կկոորդինացնեն իրենց աշխատանքը կիբեռանվտանգության ոլորտում գործող ռազմական և պետական այլ կառույցների հետ։

Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը հայտնել է, որ նախատեսվում է համագործակցություն ՆԱՏՕ-ի և այլ գործընկերների հետ՝ ընդհանուր սպառնալիքներին հակազդելու նպատակով։ Աշխատանքներին կարող են ներգրավվել նաև քաղաքացիական մասնագետներ, որոնք առաջադրանքները կկատարեն պայմանագրային հիմունքներով։ Հաջող կիբեռհարձակման դեպքում նրանք պետության կողմից մեծ պարգևավճարներ կստանան։ Նշվում է, որ յուրաքանչյուր հաջողված օպերացիայի համար այդ գումարը կարող է շուրջ 1,17 միլիոն գրիվնա կամ 24 հազար դոլար կազմել։

Նախատեսվում է, որ կիբեռզորքերն առանձին միավորում կլինեն և կգործեն Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի ուղիղ ենթակայությամբ։ Հենց այս ուժերը պատասխանատու կլինեն հակառակորդի դեմ իրականացվելիք կիբեռհարձակումների և ցանցում հետախուզական գործունեություն իրականացնելու համար։

Կիբեռուժերի ստեղծման գաղափարը ամրագրվել էր դեռևս 2021-ին՝ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի ընդունած  փաստաթղթով, որը կիբեռպաշտպանությունն ապահովելու անհետաձգելի միջոցառումներ է ենթադրում։  

Կիբեռանվտանգության ստորաբաժանումներ կան Ուկրաինայի ուժային տարբեր կառույցներում, ավելին՝ պատերազմի մեկնարկին հայտարարվել է «IT-բանակի» ստեղծման մասին, որի կազմում շուրջ 200 հազար ուկրաինացի և միջազգային փորձագետներ են։  Նրանք գրեթե ամեն օր կանխում են ռուսական կիբեռհարձակումները և թիրախավորում հակառակորդի թվային ռեսուրսները։  

Օրինագծի հեղինակներից Ռադայի պատգամավոր Ալեքսանդր Ֆեդիենկոն բացատրում է, որ նոր զորատեսակները հիմնովին տարբեր խնդիրներ են լուծելու։ Կիբեռանվտանգության զորքերը պաշտպանելու են, իսկ կիբերուժերը՝ հարձակվելու։ Երկու գործառույթը մեկ կառույցի վրա դնելը արդյունավետ չի լինի՝ DW-ին տված հարցազրույցում հայտարարել է պատգամավորը։

«Ոչ մի լավ մասնագետ երբեք չի դառնա գերազանց կիբեռհարձակվող։ Եվ ոչ մի լավ կիբեռպաշտպան երբեք չի դառնա հիանալի հարձակվող։ Կիբեռտարածքում միշտ կան հարձակվողներ և պաշտպաններ։ Այդպես է ամբողջ աշխարհում» ։

Ուկրաինայի ԶՈւ ռադիոէլեկտրոնային և կիբեռպայքարի վարչության պետ, գնդապետ Իվան Պավլենկոն բացատրում է, որ նոր կիբեռհրամանատարության ստեղծումն անհրաժեշտ է՝ որպես «հիմնական ինստիտուտ, որը կզարգացնի համակարգը»։ Միևնույն ժամանակ նա ընդունում է, որ նման ստորաբաժանումներ արդեն գործում են կիբերտարածքում և «տպավորիչ արդյունքներ» են գրանցում։

Կա մեկ կարևոր ասպեկտ, որը կիբեռուժերի մասին օրենքը պետք է կարգավորի՝ ասում են փորձագետները։  Խոսքն այն հարցի մասին է, որ ՌԴ-ի դեմ ուկրաինացիների հարձակողական գործողություններն օնլայն տարածքում տեսականորեն կարող են առաջացնել քրեական պատասխանատվություն այլ պետությունների կողմից։ Դա հնարավոր է օրինակ այն դեպքում , երբ ռուսական օնլայն ռեսուրսներն օգտագործում են օտարերկրյա սերվերներ, օրինակ, Նիդերլանդների տվյալների կենտրոններում։ Եթե ուկրաինացիները դրանք կոտրեն, նրանք կարող են քրեական հետապնդման ենթարկվել այդ երկրում։

ՌԴ ԶՈՒ-ի վերջին հարձակման հետևանքով Օդեսայի մարզի մի մասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Տարածաշրջանի ռազմական վարչակազմի  ղեկավար Օլեգ Կիպերը սա անվանել է ռազմական հանցագործություն քաղաքացիական բնակչության դեմ։

Մարզում վնասվել են էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները։

«Մասնագետներն արդեն աշխատում են համակարգը վերականգնելու ուղղությամբ։ Կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտները գործում են գեներատորների միջոցով»։

Այն որ, ուկրաինական զինված ուժերն իրենց հերթին կունենան եղանակով պայմանավորված դժվարություններ, գրել է նաև գերմանական Bild-ը՝ մեկնաբանելով երկրի կրիտիկական էներգետիկ իրավիճակը։

«Էներգետիկ համակարգի փլուզման հետևանքով Ուկրաինային աղետալի ցրտեր են սպառնում։ Առաջիկա ձմեռը կլինի ամենածանրը»,-գրել է թերթը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրներին։

Մեղադրանքները, թե թիրախավորվում են էներգետիկ ու քաղաքացիական ենթակառուցվածքները, Մոսկվան հերքում է։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը օրերս դարձյալ ընդգծել է՝ ռուսական բանակը չի հարվածում բնակելի շենքերին կամ սոցիալական հաստատություններին։

Կարդացեք նաև

Back to top button