«Արէ» մշակութային հիմնադրամը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտի (ԺԱԻ) հետ համատեղ, կազմակերպում է արվեստի և մշակութային լրագրության դասընթաց՝ նպատակ ունենալով բարձրացնել ոլորտի լուսաբանման որակը Հայաստանում։
«Արէ» մշակութային հիմնադրամի հիմնադիր-նախագահ Մարինե Կարոյանը խոսում է մշակութային լրագրության կարևորության և առկա բացերի մասին:
«Մշակույթի մասին գրելու մշակույթ պիտի ունենանք։ Այն լրագրողներն, ովքեր չեն կարողանում լուսաբանել քաղաքականություն կամ տնտեսություն, վերջին դիտակետը, որ իրենք վերցնում են, մշակույթն է։ Նրանց թվում է, թե մշակույթի մասին գրելը հեշտ է։ Մենք լավագույն դեպքում ունենում ենք իրադարձային լրագրություն»,- ասում է Մարինե Կարոյանը։
Նա նշում է, որ տարիներ շարունակ զգացվում է, որ արվեստագետների գործի ու հասարակության միջև վիհը մեծանում է։ Չնայած բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններին, համերգներին ու ցուցադրություններին՝ լրագրողական ակտիվություն, գրեթե, չկա։ Դասընթացի հիմնական նպատակն է՝ փոքրացնել այդ վիհը արվեստագետների ու հասարակության միջև։
Դասընթացը բաղկացած է երեք հիմնական բաժնից. լրագրողական հմտություններ. այս հատվածը ներառում է լրագրության նախնական հմտություններ, ինչպես նաև հեղինակային իրավունք, ոճի, լեզվի և այլնի ուսուցում, բանախոսությունների շարք. կանցկացվեն քննարկումներ և դասախոսություններ մի շարք թեմաներով։ Օրինակ՝ մշակույթ և քաղաքականություն, մշակույթ և ժամանակակից արվեստ, արվեստի քննադատություն, բլոգինգ/ինֆլյուենսինգ, գրականություն, երաժշտություն, թատրոն, կինո, էկոլոգիա և այլն։ Երրորդ հատվածում նախատեսվում է Նիդերլանդներից ժամանած արվեստագետի ցուցադրություն, որի մասին մասնակիցները պետք է գրեն գործնական նյութեր։
Բաց կանչի արդյունքում ստացվել է 40-ից ավելի հայտ, որոնցից ընտրվել են 22 մասնակից։ Ընտրությունը կատարվել է լայն սպեկտրում՝ ներառելով արվեստաբաններ, սկսնակ և ոչ սկսնակ լրագրողներ, բլոգերներ և ինֆլյուենսերներ՝ առանց տարիքային սահմանափակման։




