
2021-ից մեկնարկած հեռավար կրթության ծրագրի նպատակը մարզերում ուսուցիչների պակասի խնդիրը լուծելն ու կրթության շարունակականությունն ապահովելն է։ Ծրագիրը ներգրավել է շուրջ 30 ուսուցչի, որոնք գործակցում են գյուղերի դպրոցների հետ։ Կատարվում են փոխայցելություններ․ աշակերտները հյուրընկալվում են մայրաքաղաքի դպրոցներում, իսկ ուսուցիչները՝ մարզերում։ Այսօր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ծրագիր ընդգրկված դպրոցների ուսուցիչների և տնօրենների հետ ամփոփել է ձեռքբերումներն ու հետագա անելիքների ճանապարհային քարտեզը գծել։
Հայաստանի գյուղական դպրոցներից մեկի երկրորդ դասարանի աշակերտների հետ ռուսաց լեզվի դաս է անցկացնում Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի ուսուցչուհի Անի Բաբայանը։ Հեռավար կրթության ծրագրին միանալով՝ դպրոցը դարձել է թվային կրթության զարգացման առաջին փորձարարներից մեկը։
Ուսուցչուհին պատմում է, որ սկզբում դժվարությունները բազմաթիվ էին՝ կազմակերպչական հարցերից մինչև տեխնիկական խնդիրներ։ Սակայն դրանք թիմային աշխատանքի և փոխօգնության շնորհիվ հաղթահարվել են։ Այսօր արդեն գտել են երեխային դասին մասնակից դարձնելու և առարկան առավել հետաքրքիր դարձնելու բանալին։
«Հեռավար դասավանդման սկզբունքներին համապատասխան՝ կիրառում ենք էլեկտրոնային տարբեր ռեսուրսներ, թեմային համահունչ խաղեր ու տեսանյութեր։ Դասերն այսօր ավելի գունագեղ ու հետաքրքիր են, երեխաներն ավելի ակտիվորեն են մասնակցում»։
2025 թ․ սեպտեմբերից Արարատի մարզի Փոքր Վեդու դպրոցում քիմիայի ուսուցչի կարիք առաջացավ։ Դասաժամերը շատ էին, ուսուցիչների թիվը՝ քիչ։ 11 և 12-րդ դասարանցիների համար կազմակերպվեց հեռավար ձևաչափով դասավանդում։
Գոհար Հովհաննիսյան, աշակերտ․ «Սկզբում մտածում էինք՝ դժվար կլինի, բայց 2020–ի համավարակի ժամանակ արդեն հարմարվել էինք նման ուսուցմանը։ Լաբորանտը միշտ կողքիս է․ օգնում է թե՛ փորձերի, թե՛ դասերի ընթացքում»։
Հեռավար ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար Ռաիսա Ավետյանը հիշեցնում է՝ ամեն ինչ սկսվեց 2020-ին COVID-ի պատճառով։ Դպրոցների փակմամբ անհրաժեշտություն առաջացավ ապահովելու կրթության շարունակականությունը։ Այդպես ձևավորվեց հեռավար ուսուցման ծրագիրը, որի նպատակը յուրաքանչյուր սովորողի համար, անկախ բնակության վայրից, որակյալ կրթություն ստանալու հնարավորություն ապահովելն է։ Այս փուլում ծրագիրն ունի 24 մենթոր դպրոց Հայաստանի մի շարք մարզերում։ Դրանք կենտրոններ են, որտեղ պատրաստվում են հեռավար դասավանդման հմտություններ ունեցող մասնագետներ։
Մենթոր դպրոցներ առայժմ չկան Վայոց ձորի և Արմավիրի մարզերում, սակայն հաջորդ տարում ծրագիրը նախատեսում է ընդլայնվել նաև այնտեղ։ Ամենամեծ թվով մենթոր դպրոցները Լոռու մարզում են։
«Ունենք նաև մեծ թվով գյուղական դպրոցներ, որոնք ուսուցիչների կարիք ունեն ։ Խոսքը հատկապես Շիրակի և Արագածոտնի մարզի դպրոցների մասին է։ Մենք Շիրակում ունենք Կառնուտի միջնակարգ դպրոցը, որը գյուղական դպրոց է։ Այսինքն՝ մենթոր դպրոցները միայն քաղաքային չեն․ ունենք նաև գյուղական մենթոր դպրոցներ»։
Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ հեռավար կրթության այս մոդելը թեև ծնվել է իրավիճակի պարտադրանքով, սակայն այժմ դարձել է համակարգային լուծում ուսուցիչների պակասը լրացնելու համար։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի խոսքով՝ կրթությունը առանց տեխնոլոգիաների պատկերացնելն արդեն հնարավոր չէ։ Համոզված է, որ դպրոցները պետք է կարողանան լիարժեքորեն օգտագործել էլեկտրոնային և ժամանակակից գործիքները՝ ներառյալ արհեստական բանականությունը՝ դասերն ավելի արդյունավետորեն և որակյալ ձևով կազմակերպելու համար։
«Մեր դպրոցները պետք է ունենան կարողություններ՝ օգտագործելու էլեկտրոնային միջոցներն ու գործիքները։ Այսօր արդեն խոսվում է նաև արհեստական բանականության գործիքների մասին, որպեզի կրթությունը կազմակերպեն ավելի արդյունավետորեն և մեր երեխաների համար ապահովեն ավելի որակյալ կրթություն»։
COVID-ից ծնված նախաձեռնությունը վերածվել է Հայաստանի կրթական համակարգի ժամանակակից և կայուն բաղադրիչի՝ ցույց տալով, որ տեխնոլոգիաներն իրականում կարող են կամուրջ դառնալ քաղաքի և գյուղի միջև։




