
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ, իր կարծիքով, «Ռոսնեֆտի» գերմանական բիզնեսը ամերիկյան պատժամիջոցներից կազատվի։
«Ռոսնեֆտի» գերմանական բիզնեսը վերահսկում են Գերմանիայի իշխանությունները, սակայն այն պատկանում է Ռուսաստանին։ Այն Գերմանիայի բենզալցակայանների եւ որոշ օդանավակայանների համար նավթի հիմնական մատակարարն ու վերամշակողն է։
«Մենք կքննարկենք դա ամերիկացիների հետ։ Ես կարծում եմ, որ «Ռոսնեֆտի» համար բացառություն կարվի»,- Մերցի խոսքերն է մեջբերում Reuters-ը։
Ավելի վաղ` ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր ռուսական նավթային երկու հսկաների` «Ռոսնեֆտի» եւ «Լուկօյլի» դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Այս տեղեկությունից հետո Reuters-ը հայտնեց, որ Չինաստանի պետական նավթային ընկերությունները դադարեցրել են ռուսական նավթի գնումները, իսկ Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները մտադրություն են հայտնել կտրուկ նվազեցնել ռուսական հում նավթի ներկրումը։




