ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Հաղորդություն՝ կարգալույծի կարգալույծ հռչակվածից»․ Փաշինյանը լուծում է առաջարկում

Խորհրդարանում այսօր կրկին քննարկման թեմա են դարձել վերջին շրջանի ամենաաղմկահարույց հարցերը՝ հոգևորականների ձերբակալություններն ու օծված-կարգալույծ արված քահանաների կողմից պատարագ մատուցել-չմատուցելը, Գյումրիի քաղաքապետի կալանավորումն ու իրավիճակը, թե ինչպես են լրագրողներն էկոնոմիկայի նախարարի անուշադրության հետևանքով հայտնվել իշխող կուսակցության փակ էջում։

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակելը պատճառ չէ, որ առաջիկա կիրակի օրը Հայաստանի վարչապետը չգնա Հովհաննավանք պատարագի։ Ավելին՝ նա պատրաստվում է հենց Արամ քահանա Ասատրյանից ստանալ հաղորդություն, ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բանաձև է ներկայացրել, ըստ որի՝ կուսակրոնության ուխտը խախտած և զավակներ ունեցող կաթողիկոսը ինքն է այդ քայլով կարգալույծ արված, հետևաբար կարգալույծի կարգալույծ հռչակելը որևէ ուժ չունի։

«Դա նշանակում է, որ այդ կարգալուծության օրը, իրական օծման օրը հենց այդ օրն է և որպես նոր օծված քահանա ես պատրաստ եմ և ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա՝ Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ, որովհետև եթե կարգալույծը նրան կարգալույծ է արել, դա ապացույցն է նրա քահանա օծված լինելու»։

Հայաստանի վարչապետը հերքում է պնդումները, թե պետությունը կոնֆլիկտի մեջ է եկեղեցու հետ։ Կոնֆլիկտը, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ օրենքը խախտողների հետ է։ Հայաստանի վարչապետը այս թնջուկում առաջարկում է նաև լուծում, որը կարող է կիրառել պետությունը։

«Եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են կառավարության հաշվեկշռում և մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Կարծում եմ, որ այնտեղ, որտեղ չկա հոգևոր կյանք, այլ կան ինտրիգներ, ֆեյքերեցների, թե երեցֆեյքերի խմբեր են գործում, կա բոլոր բարոյական, իրավական իրավունքն էլ, որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը և Տեր Արամին։ Նրա նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը, և ես ինքս էլ, որպես քաղաքացի, հոգևոր կյանքի հարթակի անհրաժեշտություն տեսնում եմ և կարծում եմ իմ փնտրտուքներն էլ տեսանելի են։ Համենայն դեպս, նախնական տպավորություն կա, որ այդ տեղը գտնվել է։ Ես իմ տպավորությունները կփորձեմ անձամբ ստուգել»։  

Այս տարբերակով հոգևոր կյանքի վերականգնումը Հայաստանում վարչապետի համար ընդունելի ճանապարհ է։  

Փաշինյանը նորմալ և օրինաչափ ճանապարհ է համարում նաև Գյումրիի քաղաքապետի կալանավորումը հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։ Կաշառքի գործն իր քաղաքական հայտարարությունների հետ կապելը նա անիմաստ է համարում և հերքում նաև ընդդիմախոսների պնդումները, թե Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է Փաշինյանի քաղաքական հայտարարություններից հետո։

«Ասում են` Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով։ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի և գործողությունների պատճառով։ Իմ միտքը ի՞նչ կապ ունի, իմ միտքը կարող է օգտագործվել իմ դեմ, իմ միտքը ինչպե՞ս կարող է օգտագործվել ինչ-որ մեկի դեմ։ Հիմա էլ կարող է այդպիսի վարկած առաջանա, որ ես այս ամբիոնից հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան կաշառք վերցնեն։ Ի՞նչ մեկնաբանեմ, այսինքն` յութուբի լինկ կարող եմ տալ, ուրիշ բան չեմ կարող անել»։  

Իշխող կուսակցության հետ կապվող մեկ այլ հնչեղ լուրը կապված էր այն բացահայտումների հետ, որը լրագրողն արել էր՝ պատահաբար հայտնվելով «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան աշխատանքային խմբում։ Մինչև խմբից հեռացվելը նա հասցրել է ուսումնասիրել աշխատանքային քննարկումները և հանձնարարականները։

Հատկապես կանգ առել Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ստացվող հանձնարարականների ու խոստումների վրա՝ Երևանի հանրահավաքի բազմամարդությունն ապահովելու համար տարբեր մարզերից մասնակիցներ բերելու մասին։

Թեև Փաշինյանի հանձնարարություններում գրավոր եղել է զգուշացում վարչական ռեսուրս չկիրառելու մասին, բայց հարց ու պատասխանին ընդդիմության բացակայության պայմաններում ՔՊ-ականները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Վաղարշապատ համայնքում վարչական ռեսուրս առաջիկա ընտրապայքարում և ընտրություններում չի կիրառվի։ Վարչապետ Փաշինյանը բացառել է այդ գործելաոճը։

«Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով, թե չուզելով, այսինքն` անուղղակի օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք։ Սա եղել է և կա իմ համոզմունքը։ Ընդհանրապես, տարօրինակ է, որ մենք այս թեման կարող ենք քննարկել։ Մենք վարչական ռեսուրս կիրառելո՞վ ենք Հայաստանում հեղափոխություն արել։ Այսինքն այն քաղաքական ուժը, որը իր սեփական քաղաքական հաջողության պատմությունից հրաժարվի ու սկսի մտածել, որ կարող է Սերժի ու Ռոբերտի հաջողության պատմությունը ավելի հետաքրքիր է, դա ինքնասպանություն է այդ քաղաքական ուժի համար և քաղաքական գործչի համար»։

Վաղարշապատում ավագանու ընտրությունները նշանակված են նոյեմբերի 16-ին։ Քարոզարշավը սկսվել է հոկտեմբերի 22-ին։

Կարդացեք նաև

Back to top button