Լեզվաբան, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը խոսում է իր նոր՝ «Լեզվական դժվարությունները հաղթահարելու ուղեցույց» գրքի մասին։
Նման ուղեցույցների անհրաժեշտությունը մշտապես առկա է։ Այն, ինչ այսօր կասկածի տակ ենք դնում կամ սխալ ենք համարում, կարող է մի օր հանկարծ կանոնական դիտվել։ Կամ, երբ օտար բառ է թափանցում հայերեն, «սվիններով» ենք դիմավորում և փորձում ենք հայերենացնել։ Այսպիսի ուղեցույցները մարդուն կողմնորոշում են, ուղի են ցույց տալիս՝ իմանալու, թե ինչ է կատարվում այսօրվա հայերենի հետ։
Գիրքը, ինչպես նշում է Գյուրջինյանը, ծնվել է համացանցում, երբ պարբերաբար նյութեր է տրամադրել կայքերից մեկին։ Այդ նյութերը մեծ տարածում են գտել հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որտեղ յուրաքանչյուր հրապարակումից հետո ծավալվում էր քննարկում։
Գրքում հակիրճ ներկայացված են հայերենի ուղղագրությանը, բառապաշարին, բառակազմությանն ու շարահյուսությանը, առհասարակ, հայերեն խոսքին, ինչպես նաև արևելահայերենում ու արևմտահայերենում հաճախ հանդիպող լեզվական իրողություններ։
«Սա առաջին լեզվական «շտապօգնությունն է»։ Սոցցանցային գրառումներում, աշակերտների և ուսանողների շրջանում հաճախ հանդիպող, եթերից հնչող սխալները մեկ գրքի նյութ են դարձել։ Եվ սա ոչ միայն ուսանողության, այլև լայն հանրության համար է՝ բարելավելու համար հայերեն գրավոր և բանավոր խոսքը», — նշում է Դավիթ Գյուրջինյանը։




