Մշակույթ

Երևանում մեկնարկեց 17-րդ «ՌեԱ» փառատոնը

Կինոյի տանը՝ հոկտեմբերի 19-ին, մեկնարկեց 17-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային) փառատոնը։

Բացմանը ցուցադրվեց «Սիլվեն Շոմեի ֆրանկո-բելգիական «Մարսել Պանյոլի փառահեղ կյանքը» ֆիլմը: «ՌեԱ»-ի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին կարևորեց պատկերապատման արվեստում փառատոնի ունեցած ներդրումը և խթանումը:

«Վերջին երեք տարվա ընթացքում մենք թարգմանել և հրատարակել ենք մի քանի միջազգային գիրք: Այս տարվա փառատոնի շրջանակում կներկայացվեն Շառլ Բերբերյանի «Արևելյան դաստիարակությունը», Ֆերմին Սոլիսի «Բունյուելը կրիաների լաբիրինթոսում» և, Լորենցո Մատոտտիի «Կրակներ և շշունջը»:

Մեր նպատակն այն է, որ միջազգային պատկերապատման արվեստը ներկայացնենք նաև մեր հայ հասարակությանը, բայց նաև, պատկերապատման արվեստի մեջ ազգային մրցույթ կազմակերպելով, աջակցում ենք այդ ուղղության զարգացմանը: Այս տարի մենք ֆինանսավորել ենք նախանցած տարվա հաղթողին եւ ներկայացնում ենք Լենա Դերունցի «Մխիթարանքը»:

Քասունու խոսքով՝ տարեցտարի ReA-ն դառնում է մասնագիտական երկխոսության հարթակ, իսկ MarAni հարթակը միավորում է անիմատորներին, ռեժիսորներին, պրոդյուսերներին և ոլորտի այլ ներկայացուցիչներին:

«ՄարԱնի» ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը Հայ բարեգործական ընդհանուր միությունում, որի ընթացքում միջազգային և տեղի առաջատար մասնագետները կփոխանցեն իրենց փորձը և գիտելիքները, կիրականացնեն պանելային քննարկումներ։ Ֆորումի հատուկ հյուրերից են Netflix-ի աշխարհահռչակ Arcane սերիալի ստեղծագործական թիմի անդամներ Պասկալ Շարյուն, Սեսիլ Էրգո-Էսեյմը և Օրելիան Ռեսանկուրը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ «ՌեԱ» փառատոնն իր շուրջը համախմբելով արվեստագետների աշխարհի տարբեր ծայրերից, հիշեցնում է, որ անիմացիան միայն կինո չէ, այն պատմություններ ստեղծելու արվեստ է, երազելու հնարավորություն:

«Վերջին 2 տարվա ընթացքում պետությունը հատկացրել է մոտ 170 մլն դրամ՝ անիմացիոն ֆիլմերի և նախագծերի ստեղծման ու զարգացման համար»,– հավելեց փոխնախարարը: Փառատոնի շրջանակում, TUMO ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի աջակցությամբ, առաջին անգամ Հայաստան է ժամանել ճանաչված անիմատոր, Pixar-ի «Elio» ֆիլմի ռեժիսոր Մադլեն Շարաֆյանը։ Հանդիսատեսը բացմանը հնարավորություն ունեցավ վայելելու նրա՝ Օսկարի նոմինացված «Որջը» կարճամետրաժ ֆիլմը:

«ԵՄ–ն մշտապես աջակցել է այս փառատոնին, քանի որ սա հարթակ է, որը ներկայացնում է բարձրորակ և նորարարական ստեղծագործություններ՝ ընդգծելով անիմացիայի կարևորությունը, և մեզ տալիս է երազելու, մտածելու և պատկերացնելու հնարավորություն: Անիմացիոն ֆիլմերի մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցն ասել է, որ անիմացիան հեքիաթ է ոչ թե երեխաների, այլ մեծերի համար:

Սահակյանցը ժառանգել է ոչ միայն ֆիլմեր, այլև ամբողջական աշխարհընկալում, որտեղ առասպելն ու մանկության հիշողությունները, գեղարվեստական ազատությունը միաձուլվում են շարժանկարի լեզվի շուրջ»,-ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը: Այս տարի նշվում է հայ անիմացիայի երկու նշանավոր գործիչների՝ Լև Ատամանովի և Ռոբերտ Սահակյանցի հոբելյանները, որոնց կարճամետրաժ ֆիլմերից եւս ցուցադրվեց փառատոնի բացման ժամանակ:

Վրեժ Քասունին մրցանակ հանձնեց մուլտիպլիկատոր նկարիչ Իգոր Պատրիկին: Նշենք, որ այս տարի ևս կանցկացվի CoReAct համարտադրության հարթակը, որտեղ ներկայացված է հայաստանյան անիմատորների 11 նախագիծ։ Մասնակիցներն իրենց աշխատանքները կներկայացնեն միջազգային փորձագետներին, որոնք կընտրեն լավագույն աշխատանքները, հաղթողները կստանան դրամական պարգևներ։

Ծրագրին աջակցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Փառատոնն այս տարի հյուրաշատ է. Հայաստան է ժամանելու հանրահայտ իտալացի կոմիքս արտիստ, սցենարիստ, ռեժիսոր և իլյուստրատոր Լորենցո Մատոտտին, որը «ՌեԱ» 17-րդ միջազգային փառատոնի պաստառի հեղինակն է։

Փառատոնի այցելուները հնարավորություն կունենան մասնակցել Մատոտտիի աշխատանքների ցուցահանդեսին ReA Comics-ի շրջանակում։ Հայաստան է ժամանել նաև ծագումով հայ մուլտիպլիկատոր, կոմիքսների հեղինակ Շառլ Բերբերյանը, որն ամենաանվանի հեղինակներից մեկն է Իններորդ արվեստի ժանրում։ «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է, իսկ գլխավոր աջակիցը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հայաստանում Իսպանիայի թագավորության գրասենյակը։

Կարդացեք նաև

Back to top button