
Նոյեմբերի 16-ի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին Խոյ և Վաղարշապատ համայնքներում տրամադրվել են գովազդային անվճար վահանակներ՝ մինչև 5 քմ մակերեսով քարոզչական պաստառներ տեղադրելու համար, վիճակահանությամբ էլ բաշխել է 5 քմ–ը գերազանցող վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը:
Քարոզարշավը կմեկնարկի վաղը՝ հոկտեմբերի 22-ին, և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը։ Ընտրություններին կմասնակցի 8 քաղաքական ուժ։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժերը հոկտեմբերի 22-ից սկսելու են քարոզարշավը։ Գրանցված 7 կուսակցությունների ու 1 դաշինքի ընտրացուցակներում ինքնաբացարկներ չեն եղել․ դրանք հաստատվել են նույնությամբ: Թիվ 14 ԸԸՀ նախագահ Գրիգոր Նազարյանը «Ռադիոլուր»-ին ներկայացնում է քարոզչական պաստառների փակցման հետ կապված օրենսդրական փոփոխությունները:
«Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով պայմանավորված, քարոզչական պաստառների տարածման հետ կապված՝ յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք պետք է առաջնորդվի բացառապես ընտրական օրենսգրքի պահանջներով և համայնքապետարանի կողմից սահմանված վահանակների վրա փակցնեն իրենց քարոզչական պաստառները»,- ասում է նա:

Խոյ և Վաղարշապատ համայնքներում արդեն առանձնացրել են մինչև 5 քմ մակերես ունեցող անվճար վահանակները: Էջմիածին քաղաքում նախատեսվում է 9 գովազդային վահանակ կենտրոնական՝ Մաշտոցի և Խորենացու փողոցներում և մեկական վահանակ՝ Խոյ համայնքի 17 բնակավայրերում: Նախկինում քարոզչական պաստառներն ու տպագիր նյութերը փակցվել են հասարակական տարբեր վայրերում՝ ասում է Գրիգոր Նազարյանը:
«Եթե նախկինում ծառերն էին օգտագործվում, էլեկտրական հենասյուները, բնակելի շենքերի արտաքին հատվածները, հանրային օգտագործվող հատվածները, ապա այժմ հստակ սահմանված է, որ դրանք պետք է լինեն բացառապես վահանակների վրա՝ անվճարները, կամ որևէ մասնավոր հատված, եթե այդ անձը չի խոչընդոտում փակցնել մինչև 5 քմ քարոզչական պաստառ կամ տպագիր նյութեր: Կարող են լինել նման դեպքեր, բայց դրանք չպետք է կրեն զանգվածային բնույթ»:
ԿԸՀ հոկտեմբերի 18-ի նիստում վիճակահանությամբ տրվել են նաև ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժերի հերթական համարները:
Վաղարշապատի ՏԻՄ համամասնական ընտրություններին առաջադրված 9 քաղաքական ուժից գրանցվել է 8-ը, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը հոկտեմբերի 12-ին ինքնաբացարկ էր հայտնել:
«Ցուցակի հետ կապված խնդիր ենք ունեցել և որոշել ենք բաց թողնել Վաղարշապատի ընտրությունները: Դե, ներքին խնդիր ունեինք, էս անգամ մեր ուզածով չէր կազմավորվում ցուցակները: Ավելի շատ ներքին հարց էր, որն արդեն կարգավորվել է, բայց որոշեցինք այս անգամ բաց թողնել Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունները, բայց բոլոր ՏԻՄ ընտրություններին մասնակցելու ենք: Ինչպես նաև ակտիվ մասնակցություն ենք ունենալու 2026թ ԱԺ ընտրություններին»,- պատճառներն է հայտնում եւ ապագա ծրագրերը ներկայացնում կուսակցության լիազոր ներկայացուցիչ Ռոբերտ Ծովյանը։

Ընտրություններն անցկացնելու նպատակով ձևավորվել է 47 ընտրական կենտրոն, որից 23-ը՝ Էջմիածին քաղաքում, մնացածը՝ գյուղական բնակավայրերում: Դրանցից միայն 24-ում կա թեքահարթակ տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողների մուտքի համար, սակայն 2 ընտրասենյակ գտնվում է 2-րդ հարկում:
Ընտրողների ցուցակներն արդեն փակցվել են ընտրատեղամասերում, ինչպես նաև հասանելի են էլեկտրոնային տարբերակով՝ ՆԳՆ կայքի «Ընտրություններ» բաժնում և ԿԸՀ ընտրողների ռեգիստրում: Ընտրողները հիմա հնարավորություն ունեն ճշտելու իրենց տվյալները:

Նախնական տվյալներով՝ Վաղարշապատ խոշորացվող համայնքում կա 70 հազար 22 ընտրող: Իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովները դեռ կազմավորվում են՝ ասում է թիվ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը։
«ԱԺ-ում ներկայացված ՔՊ կուսակցությունը և 2 կուսակցությունների դաշինքները երկուական թեկնածու են ներկայացնում, թեկնածուներ են ներկայացնում նաև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 6 անդամները: Էջմիածին քաղաքում հիմնականում ընտրողների 2 ցուցակներ են լինելու՝ 4-ական աշխատատեղ՝ 2-ական ցուցակ և երկուական քվեաթերթիկ ու քվեարկության ծրար հատկացնողներ, որպեսզի կարողանան ապահովել 7 անդամի գործառույթը: Երկուական թեկնածուներ էլ ներկայացնում են ԸԸՀ 6 անդամները՝ բացառությամբ նախագահի»:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումից հետո հոկտեմբերի 25-ին ժամը 12-ին կգումարվեն առաջին նիստերը:




