Երևանի «Ստուդիո 20» ցուցասրահում բացվել է արվեստագետ Արաքս Սահակյանի «Իմ տան պատուհանները» խորագրով անհատական ցուցահանդեսը։
Ցուցահանդեսի առանցքում հիշողության, միգրացիայի, անհատական և կոլեկտիվ պատմություններն են։ Արաքս Սահակյանը, ով իրեն համարում է «անդրբնագավառային» արվեստագետ և զբաղվում է նաև վիդեո-արթով ու պերֆորմանսով, նշում է, որ արվեստը հայացքի մասին է.
«Թե ինչպես է յուրաքանչյուրն իր հայացքով նայում երևույթներին, և հենց դա է տարբերությունը մարդկանց և արվեստագետների միջև։ Այն կարևոր գործիք է ապրելու և շնչելու համար»։
Ցուցահանդեսի խորագիրը՝ «Իմ տան պատուհանները», մեկնաբանվում է որպես մեծ պատուհան, որտեղից կարելի է տեսնել այն երեք քաղաքները՝ Հրազդանը, Իսպանիայի Ալիկանտեն և Փարիզը, որտեղ ապրել է արվեստագետը։
Արաքս Սահակյանը վառ և պոզիտիվ երանգներով է խոսում ցավոտ թեմաների մասին։ Կարևորելով արվեստագետի ազատությունը, նա, ինչպես ինքն է ասում, դուրս է գալիս գույների ընդունված տրամաբանությունից և օգտագործում է բոլոր գույները՝ բոլոր թեմաների մասին խոսելու համար։Իր նկարներում նա զուգահեռներ է անցկացնում մարմնի և տան միջև։
«Ես շատ եմ խոսում մարմնի, մաշկի, սահմանների ու պատուհանների մասին։ Օրինակ, պատուհանները տան համար նույնն են, ինչ որ մաշկը մարմնի համար։ Ու սահմանները իմ նկարների նույնն են, ինչ որ մեր մարմնի սահմանները»։
Արվեստագետի համար առանցքային է պերֆորմանսը և մարմնի հետ կապված արվեստները, քանի որ «մենք այսօր շատ ենք ապրում վիզուալ աշխարհում և մեր այլ զգայաններ շատ քիչ ենք օգտագործում, իսկ մեր հիշողությունները կապված են նաև մեր այլ զգայարանների հետ»։ Նրա համոզմամբ, արվեստում արմատական փոփոխություն անելը կլինի մարմնի միջոցով, քանի որ մարմնի հետ կապված արվեստներն ավելի արագ են արձագանքում և ավելի էֆեկտիվ են։
«Արվեստն այո՛, պիտի լինի արմատական, բայց նաև լինի անդրբնագավառային, որպեսզի հայացքները բազմազան լինեն, դա շատ կարևոր է։ Մենք կարող ենք նայել արվեստի աշխարհին և հասկանանք, ինչպիսին է երկրի ազատությունը»,- ասում է Արաքս Սահակյանը, ով նաև նշում է արվեստի և գիտության փոխկապակցվածությունը՝ սովորելով «արվեստ և գիտություն» և նկատելով գիտնականների նմանությունը արվեստագետներին։




