
Աֆղանստանը քննարկում է Մոսկվայի հետ «Միր» վճարային քարտերի կիրառման հարցը, ռուսական «Իզվեստիա» թերթին հայտնել է Ռուսաստանում Աֆղանստանի դեսպան Գուլ Հասան Հասանը։
«Այս ոլորտում աշխատանք է տարվում, բանակցություններ են ընթանում։ Մենք պետք է ապահովենք, որ դրամական գործարքները գնումների ժամանակ իրականացվեն առանց սահմանափակումների ու խնդիրների»,- ասել է նա։
«Միր» քարտային համակարգն ստեղծվել է 2015 թվականին որպես միջազգային խոշոր համակարգերի այլընտրանք։ Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով «Միր»- ը գտնվում է արեւմտյան պատժամիջոցների տակ։
Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ առեւտրային բանկերն իրենք են որոշելու ռուսական վճարային այս համակարգի հետ համագործակցության հարցը` հիմք ընդունելով ռիսկերի կառավարման իրենց քաղաքականությունը։ Արդյունքում` Հայաստանում «Միր»-ը սպասարկում է միայն VTB Bank Armenia-ն։




