
Միասին սկսում ենք 3–րդ՝ Հայաստանի վերակառուցման շարժումը՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Հանրահավաքը կազմակերպվել է գործարար Սամվել Կարապետյանի ազատության պահանջով։ Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ դատապարտում են եկեղեցու դեմ ձեռնարկվող գործողությունները և դրանք արշավ են որակում։ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին անպաշտպան չէ և, որ շարժումը զորակցում է ազատությունից զրկված հոգևորականներին։
Շարժման համակարգողը բացատրել է նաև, թե որոնք են լինելու առաջիկա գործողությունները։
«Ես առաջարկում եմ երեք քայլ՝ մեր ծրագիրը, թե ինչպես հասնենք խաղաղ իշխանափոխության, ինչպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը երկրորդ անգամ դարձնենք ընդդիմություն։ Քայլ համար մեկ՝ մենք պետք է բոլորս պատրաստ լինենք, աշխատենք և գնանք դեպի ընտրություններ։ Այստեղ կան տասնյակ հազարավոր մարդիկ։ Բոլորս և ամեն մեկս աշխատենք ակտիվ և խոսենք մեր շրջապատի հետ։ Բոլորին պետք է պատմել ճշմարտությունը»։
Հանրահավաքից հետո մեկնարկել է երթ դեպի ԱԱԾ շենք, որտեղ պահվում են գործարար Սամվել Կարապետյանը, Միքայել և Բագրատ Սրբազանները։
Երթն առաջնորդել են Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները։
Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը կալանավորվել էր հունսիսի 18-ին, հոկտեմբերի 16-ին հակակոռուպցիոն դատարանը մեկ ամսով երկարացրել է կալանքի ժամկետը։ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Ապա մեղադրանքը լրացվել է տնտեսական բնույթի հանցակազմով։




