
Եվրոպական միության երկրների դեսպաններն երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էին՝ ծանոթանալու Եվրամիության աջակցությամբ իրականացվող ծրագրերին։ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն ասել է, որ դրանց նպատակը դիմակայուն, հզոր ու խաղաղ Սյունիք ունենալն է։ Նա անդրադարձել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության պայմանագրին։ ԵՄ դեսպանի խոսքով՝ Եվրոպան ուրախ է, որ խաղաղությունը գալիս է։
«Դիմակայուն Սյունիք. Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Սյունիքի մարզում այս պահին ընթացքի մեջ է շուրջ 80 ծրագիր։ Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը եվրոպական մի քանի պետություններ ներկայացնող դիվանագետների հետ Սյունիքի մարզում էր։ Դեսպանները ծանոթացան մարզում ԵՄ-ի կողմից իրականացվող ծրագրերին, որոնցից քանիսն արդեն ավարտվել են, մյուսները դեռ ընթացքի մեջ են։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրներից մի քանիսի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը: Շինուհայրի ոռոգման համակարգ, ավագ սերնդի համար նախատեսված կենտրոն Գորիսում, տպագրատուն Կապանում, որտեղ աշխատելու են նախկին դատապարտյալները, սոցիալական տաքսի Գորիսում, կրթական նոր ծրագիր Ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում․ ԵՄ դեսպանը թվարկում է իրականացված ծրագրերը։

«Դիմակայուն Սյունիք ծրագիրը Սյունիքի բնակչությանն ուղղված ծրագիր է։ Ամենը, ինչ անում ենք, այս գեղեցիկ մարզի համար է։ Եվրոպական միությունը կանգնած է ձեր կողքին, որպեսզի դուք դառնանք ավելի ուժեղ ու դիմակայուն։ Որպես Եվրոպական միության ղեկավար՝ ուզում եմ հայտարարել, որ մեզ համար յուրաքանչյուր հայաստանցի կարևոր է։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են Սյունիքի ենթակառուցվածքների հզորացմանը, տնտեսության զարգացմանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանը»։
«Մենք պետք է աշխատենք պահել ծրագրերի այս որակը՝ ասում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և հույս հայտնում, որ մոտ ապագայում արդյունքներն ավելի տեսանելի կլինեն։

«Այս նախաձեռնության գլխավոր նպատակը Սյունիքի մարզի համար ծրագրեր իրականացնելն է կարևորագույն ուղղություններով, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքները, սոցիալական ծառայությունները, փոքր և միջին բիզնեսը, փոքր ենթակառուցվածքային ծրագրերը։ Այս պահին 80-ից ավելի ծրագրեր ընթացքի մեջ են։ Դրանք համաձայնեցված, միասին քննարկված և թիրախային ծրագրեր են, որոնց առաջնահերթությունները գալիս են համայնքներից» ։
Արդեն մեկ տարի գործող Գորիսի ավագ սերնդի կենտրոնը տարածաշրջանում առաջինն է։ Այստեղ իրենց առօրյան են անցկացնում տարեց մարդիկ, որոնց մեծ մասը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ են։ «Վինեթ Գորիս» կազմակերպության ղեկավար Ռուզաննա Տոռոզյան․

«Ցերեկային հոգացության ու ժամանցի կենտրոն է, որտեղ տարեցները պիտի կարողանան միմյանց հետ փորձի փոխանակում անել, ժամանակ անց կացնել, օգտվել տարբեր տիպի ծառայություններից ու արժանապատիվ ծերացում ունենալ»։
Իսկ արժանապատիվ երիտասարդության ու ծերացման համար նախ խաղաղություն է պետք։ Վասիլիս Մարագոսը կարևորում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության դերը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

«Իրադարձությունները և հանդիպումները, որոնք եղան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, Եվրամիության կողմից ողջունվել են, և մենք այդ օրվանից ի վեր պատրաստակամություն ենք հայտնել աջակցել այդ նախաձեռնություններին։ Մենք պատրաստ ենք մեր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի շրջանակում, այլ նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրամիության կողմից դեռ երկու տարի առաջ, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարեց դրա մասին։ Մենք շատ ուրախ ենք, որ խաղաղությունը գալիս է։ Շատ մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք՝ որպես Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության հուսալի գործընկեր, որպեսզի սատարենք ձեզ այս գործընթացում»։
Տարբեր ծրագրերի տեսքով Սյունիքում 2021 թվականից ԵՄ-ի իրականացրած ներդրումները մոտենում են 2.5 միլիարդ եվրոյի սահմանագծին։




