
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ կքննարկի նոր հնարավորությունները, որոնք թույլ կտան Ուկրաինային խորքային հարված հասցնել Ռուսաստանին։
«Մենք դա կքննարկենք»,-ասել է Թրամփը հոկտեմբերի 17-ին Սպիտակ տանը Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում, երբ լրագրողը հարցրել է, թե արդյոք այդ թեման կբարձրացվի Ուկրաինայի առաջնորդի հետ ավելի ուշ սկսվող բանակցություններում։
«Այո, դա այն բանն է, որը մենք կքննարկենք»։

Թրամփը նաև հույս է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել առանց «Տոմահավկ» հրթիռների։ Ըստ ամերիկացի նախագահի՝ նա կարծում է, որ և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և՛ Զելենսկին ցանկանում են, որ պատերազմն ավարտվի։
«Հիմա մենք պետք է դա իրականացնենք»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Զելենսկին առաջարկել է ԱՄՆ-ին փոխանակել հազարավոր ուկրաինական անօդաչու սարքեր՝ «Տոմահավկների» դիմաց։ Թրամփը նշել է, որ չնայած «Տոմահավկ»-ի կարիք ԱՄՆ ևս ունի, բայց պատրաստակամություն է հայտնել քննարկել Զելենսկու առաջարկը։
Նախորդ օրը հայտնի է դարձել, որ Թրամփը համաձայնություն է տվել հանդիպելու Պուտինի հետ Բուդապեշտում։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր ժամանել է Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար։




