ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Դատարանն ապամոնտաժման սահմանափակումների պահանջ չի ներկայացրել․ քաղաքապետարանը՝ Սարյանում ինքնակամների մաքրման մասին

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մայրաքաղաքի կենտրոնում՝ Սարյան փողոցի հարակից հատվածում, ապամոնտաժման հերթական աշխատանքն են իրականացրել։ «Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքապետարանից մանրամասնել են, որ ապամոնտաժվող կառույցներն ինքնակամ են եղել և տարիներ շարունակ զբաղեցրել համայնքային նշանակության հող և այգիներ։

Տարածքի վարձակալները, մինչդեռ, այս քայլերն անօրինական են համարում՝ հիմնավորմամբ, որ դատարանում վիճարկում են քաղաքապետարանի՝ տարածքի վարձակալության պայմանագիրը չերկարաձգելու որոշումը։ Նրանք նաև դժգոհել են, որ նախապես ծանուցված չեն եղել քաղաքապետարանի քայլերի մասին։

«Կոլորիտ» ՍՊ ընկերության տնօրեն Նարինե Վարդանյանը Սարյան փողոցի ծաղկավաճառներից է իմացել, որ քաղաքապետարանն առավոտից ապամոնտաժում է իրենց սրճարանն ու կրպակները։ Պնդում է՝ նախապես ոչ մի ծանուցում չի ստացել, այլապես տարածքից կտեղափոխեր գույքը, թանկարժեք իրերը․

«Երեկ է քաղաքապետարանը որոշումը կայացրել, մի հատ էլ այդ որոշման մեջ, որի մասին մեզ տեղյակ չի պահել, կետ է նշել, որ այս ամենի՝ տեխնիկական ու նյութական վճարների փոխհատուցումը ես պիտի անեմ»։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում արձագանքում է՝ ծանուցման անհրաժշտություն չի եղել, որովհետև հողամասը համայնքի սեփականությունն է, հետևաբար, որևէ անձի իրավունք չի խախտվել․

«Իրենք տեղեկացված են այնքանով, որ մինչև այսօրվա քանդման աշխատանքների սկսվելը նախապես դիմում են ունեցել գրած, որ իրենց վարձակալության պայմանագիրը երկարաձգվի կամ նոր պայմանագիր կնքվի։ Իրենց դիմումը մերժվել է, պատճառներն էլ նշվել են։ Այդ հատվածում հնարավոր չէ վարձակալության պայմանագիր կնքել, քանի որ այդ կանաչապատ տարածքը և ընդհանուր օգտագործման նշանակություն ունի, և համայնքային կարգավիճակ։ Այդքանով իրենք արդեն տեղեկացված են եղել»։

Նարինե Վարդանյանը քաղաքապետարանի գործողություններն անօրինական է համարում այն հիմնավորմամբ, որ իր ընկերությունը 2021-ից դատարանում վիճարկում է քաղաքապետարանի՝ վարձակալության պայմանագիրը չերկարաձգելու որոշումը։ Ըստ նրա, իրավական գործընթացներով պայմանավորված, սրճարանը 2021-ից չի աշխատել, բայց իրենք պարտաճանաչորեն վճարել են տարածքի վարձակալության գումարը․  

«Ձեզ ուզում եմ նաև տեղյակ պահել, որ հողի վարձավճարը մենք վճարել ենք։ Քաղաքապետարանը 2023-ին է մեզ հետ վերջնահաշվարկը արել։ Այն դեպքում, երբ զրոյական տեղեկանքներ ունենք, որ հողի գործունեություն չենք արել, ինքը վերահաշվարկ է արել, մի հատ էլ 12 միլիոնի մեզ պարտք է գրում, թե մենք հողի վարձ ենք պարտք»։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը հակադարձում է՝ դատարանն ապամոնտաժման կամ տարածքում այլ գործողությունների սահմանափակումներ չի ներկայացրել․

«Հայցի ապահովման միջոց, որպես այդպիսին, չկա կիրառված, որ որևէ գործողություն չկա իրականացնելու, իրենք վիճարկում են դատարանով հողի վարձակալության պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջը։ Մենք այս պահին հողի վարձակալության հետ կապված որևէ գործողություն չենք արել։ Ապօրինի զբաղեցրած հողամասն ազատել ենք ապօրինի տիրապետումից, իսկ իրենց հայցը եթե բավարարվի, և դատարանը որոշի, որ այդ հողամասը, այո, պետք է վարձակալության տրամադրվի, էդ ժամանակ արդեն քննարկվի նաև վարձակալության տրամադրման հարցը»։

Որ ընկերությունը չի զավթել համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը, «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենի եղբայր Միսակ Վարդանյանը հիմնավորում է  հանգամանքով, որ դեռ 1996-ից քաղաքապետարանի համապատասխան որոշմամբ այդ հասցեն վարձակալությամբ տրամադրվել է իրենց․

«1996-ից տարածքը մերն էր։ 2017-ին Տարոն Մարգարյանը որոշեց տալ տարածքը, հետո որոշումը չեղարկեց։ Դատարանով մենք այդ որոշումը վիճարկեցինք և հաղթեցինք, պայմանագիր կնքեցին։ Հայկ Մարությանի ժամանակ ևս դատարանը պարտավորեցրեց, և պայմանագիր կնքեցինք, 2021-ին լրացել է դրա ժամկետը, և պայմանագիրը չէին ներկայացնում, բայց կադաստրով դադարեցված չէ մեր պայմանագիրը, գործը գտնվում է դատարանում»։

Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանի խոսքով՝ եթե դատարանը որոշի, որ ընկերությունը կարող է երկարաձգել պայմանագիրը համայնքի հետ, ապա քաղաքապետարանը համապատասխան ընթացակարգով կթույլատրի վերաբացել սրճարանը կամ տարածքում այլ գործունեություն ծավալել։ Ինչ վերաբերում է մտահոգությանը, թե ինչ սկզբունքով է առաջնորդվում քաղաքապետարանը այս կամ այն շինությունը ապամոնտաժելու հարցում, Խոջայանը հստակեցնում է․

«Օրինակ, իրենց պարագայում առաջնահերթությունն այն է, որ նախ չի գործում, չունի որևէ իրավական կարգավիճակ, և ամենակարևորը՝ գտնվում է կանաչ գոտում և այգում։ Հետևաբար, նաև համարվում է առաջնահերթություններից մեկը։ Չենք կարող, չէ՞, այն համեմատել գործող սրճարանի հետ։ Առաջնահերթություն կտրվի նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվողներին։ Ի վերջո, նայում ենք, թե դա  որտեղ է գտնվում։ Այգու նշանակությունը ևս պետք է հաշվի առնել։ Առաջնահերթությունները, որպես այդպիսին, սահմանված չեն, բայց կան բաներ, որոնք, բնականաբար, հաշվի ենք առնվում և դրանով առաջնորդվում ենք»։

Խոջայանի վստահեցմամբ՝ առաջիկայում կապամոնտաժվեն բոլոր շինությունները, որոնք կառուցվել են համայնքային նշանակության հողատարածքներում։ Թե որքան կտևի գործընթացը կամ քանի նման շինություն կա, դժվարանում է պատասխանել, սակայն վստահեցնում է՝ բոլոր դեպքերում, երբ ապամոնտաժվող գույքը թանկարժեք է, տնտեսվարողը կարող է ինքնուրույն ապամոնտաժել՝ առանց քաղաքպետարանի միջամտության։ Օրինակ՝ Հյուսիսային պողոտայում օրեր առաջ իրականացված ապամոնտաժմանը մասնակցել են թե քաղաքապետարանի, և թե տնտեսվարողի աշխատակիցները և թանկարժեք իրերը տեղափոխել այլ վայր։

Կարդացեք նաև

Back to top button