Վերնատուն

«Անցումներ». վիճակագրական տվյալները՝ արվեստի լեզվով․ «Վերնատուն»

Վիճակագրական տվյալներն ու ժամանակակից արվեստի հետաքրքրությունները հատման եզրեր ունեն։ Ի՞նչ է պատմում հասարակության մասին «Կովկասյան բարոմետր» հետազոտական տվյալները, որը հանրությանը կփոխանցվի ոչ միայն թվերի, այլև արվեստի միջոցով։

«Անցումներ»․ տվյալների ցուցահանդեսի մասին են խոսում ծրագրի ղեկավար և հետազոտությունների գծով փոխտնօրեն Հայկ Սմբատյանը և ցուցահանդեսի համադրող Սոնա Մարգարյանը։ 2024 թվականի հետազոտությունների վրա հիմնված հասարակության պատկերը տարբեր կողմերով համարվում է անցումային։ Ինչպես նշում է Հայկ Սմբատյանը, հասարակությունը միաժամանակ փորձում է հատել մի շարք գծեր՝ հետպատերազմական ցնցումներ և խաղաղություն, տնտեսական վերակազմավորում, վերանայվող հասարակական արժեքներ։

Եվ հենց այդ հետազոտության արդյունքն էլ դարձել է ցուցահանդեսի խորագիրը՝ «Անցումներ»։ Ցուցահանդեսը տեղի է ունենալու հետազոտության տվյալների յոթ թեմատիկ ուղղությունների հիման վրա։ Կազմակերպիչների կարծիքով՝ ցուցահանդեսի յուրահատուկ կողմը հնարավորությունն է խոսակցությունը ծավալել ոչ թե տվյալների կամ արվեստի գործի, այլ թեմատիկ անկյան կամ առանձնացված ենթախորագրի շուրջ, քանի որ դրանք են այն ձևակերպված խնդիրները, որոնք մտահոգում են հանրությանը։

«Ցուցահանդեսն արձագանք է այն ամենին, ինչ մենք ունենք այս պահին մեր սոցիալական իրականության մեջ»,– ասում է Հայկ Սմբատյանը։ Ցուցահանդեսն իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի կողմից։ Այն կբացվի Կինոյի տան 2-րդ հարկում հոկտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, կտևի մինչև նոյեմբերի 2–ը։

Կարդացեք նաև

Back to top button