ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՌԴ նոր միգրացիոն քաղաքականությունն ազդել է բեռնափոխադրումների վրա. փորձագետ

Հունվարի 1-ից ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացմամբ ոչ վիզային ռեժիմի երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները, որոնք Ռուսաստան մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այդ երկրի տարածքում օրացուցային տարվա ընթացքում նախկին 180 օրվա փոխարեն կարող են լինել 90 օր։ Այսինքն՝ երկու անգամ ժամկետը կրճատվել է։ Այս փոփոխությունը լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել նաև Հայաստանի ուղևորաբեռնափոխադրողներին։ «Հայկական կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը ահազանգում է, որ եթե այս կետը չփոխվի, ապա մեր բոլոր վարորդները շուտով մուտքի արգելք կունենան։ Տաթևիկ Բեժանյանն ընդգծում է, որ խնդիրը միայն Հայաստանին չի վերաբերում, այլ բոլոր այն երկրներին, որոնք ունեն առանց մուտքի վիզայի ռեժիմ ՌԴ-ի հետ։ Այդ երկրների շարքում են նաև ԵԱՏՄ անդամները։

ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացումներում որևէ բացառություն արված չէ, և այն վերաբերում է նաև բեռնաուղևորափոխադրողներին։ Վերջին շրջանում այդ գործով զբաղվող վարորդների համար բարդ իրավիճակ է ստեղծվել։ «Հայկական կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է, որ մի քանի տասնյակ նամակներ է ստացել, որոնցում վարորդները հայտնում են ՌԴ մուտքի արգելք ստացած լինելու մասին։

«Ստեղծվեց վերահսկվող անձանց ռեեստր, որում երբ մարդիկ հայտնվում են, նրանց բանկային հաշիվներն անմիջապես սառեցվում են, և որևէ գործարք նրանք կատարել չեն կարող։ Այսինքն՝ բավական լուրջ  հետևանքներ է ունենում վերահսկվող անձանց  ռեեստրում հայտնվելը»։

ՌԴ նախագահի հրամանագրով՝ այս ռեեստրում հայտնվածներին մինչև այս տարվա սեպտեմբերի 10-ը հնարավորություն էր տրված կարգավորելու իրենց փաստաթղթերը և  օրինականացնելու Ռուսաստանում լինելը առանց երկրից դուրս գալու։ Տաթևիկ Բեժանյանը նկատում է, որ մինչև սեպտեմբերի 10-ը բավական չեզոք վերաբերմունք կար, իսկ դրանից հետո՝ արդեն մեկ ամսից ավելի, ոստիկանությունը խստորեն ու հետևողականորեն ստուգում է բոլորի անձնագրերն ու հաշվում, թե որքան ավելի են նրանք մնացել իրենց թույլատրված 90 օրից։ Խախտումների դեպքում սահմանվում են նաև վարչական տույժեր։

«Եթե անձն իր օրինական գտնվելու ժամկետից՝ 90-180 օր ավելի է մնում, դրվում է մուտքի արգելք՝ 3 տարի ժամկետով։ 180-270 օր ավելի գտնվելու պարագայում՝ մուտքի արգելք 5 տարի ժամկետով, իսկ 270 և ավելի օր գտնվելու պարագայում՝ 10 տարի ժամկետով։

Ես արդեն ունեմ մեկ տասնյակից ավելի այդպիսի վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումներ, որ ուղարկել են վարորդները, որոնցում հստակորեն նշված է, որ իրենք ՌԴ-ում գտնվելու ժամկետը խախտել են և գտնվել են ավելի ու հաշվարկած են 138 օր, 146 օր և այլն»։

Հայաստանի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնում՝ նշելով, որ նոր միգրացիոն քաղաքականությամբ՝ Ռուսաստանում ծանր պայմաններ են ստեղծվել ՀՀ  քաղաքացիների համար․

«Պետք է համաձայնեմ այն գնահատականին, որ իսկապես մեր քաղաքացիների համար բավական նեղ պայմաններ են հիմա ստեղծված ՌԴ-ում, որը որ մեր աշխատանքային միգրացիայի հիմնական ուղղություններից է։ Նեղ պայմաններ ասելով՝ նկատի ունեմ՝ վարչարարական ծանր բեռ է դրված աշխատանքային միգրանտի վրա, որն ի սկզբանե՝ նույնիսկ մեկնելուց առաջ, եթե մտադիր է բոլոր գործընթացները ստերիլ իրավական իրավիճակներով անցնել, միևնույն է, պետք է շատ ջանք գործադրի, և դեռ հարց է՝ կհաջողի, թե ոչ․ ժամկետները սուղ են, ծանրաբեռնվածությունը մեծ է»։

«Հայկական կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ հատկապես բեռնափոխադրող վարորդները տարվա ընթացքում, իրենց կամքից անկախ, օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, չեն կարող տեղավորվել ՌԴ-ում մնալու օրինական՝ 90 օրյա ժամկետում։ Եթե նրանց համար բացառություն չսահմանվի, ապա առաջիկայում բեռնափոխադրողների համար լուրջ խնդիրներ կլինեն՝ ահազանգում է փորձագետը։ Նրա փոխանցմամբ՝ արդեն 74 վարորդ է նամակով ահազանգել, որից 14-ը հայտնել են, որ ունեն ՌԴ մուտքի արգելք 5 տարով, իսկ մյուսները հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում։ 

«Սառեցվել են իրենց բանկային հաշիվները, իսկ սա նշանակում է, որ հաջորդ մուտքի կամ ելքի ժամանակ՝ ինչ-որ պահի, երբ ոստիկանը կանգնեցնի և ստուգի փաստաթղթերը, նրանք պոտենցիալ՝ մուտքի արգելք ստացող անձինք են։ Այսքանին ես եմ տեղյակ և, անշուշտ, ոչ բոլորին եմ տեղյակ։ Ընդամենը երկու-երեք օրում այս քանակը բավական մեծ է։ Սա կարող է լուրջ կոլապսի բերել։ Եթե այսպես շարունակվի, ապա մեր բոլոր բեռնափոխադրողները շուտով մուտքի արգելք կունենան՝ 3-10 տարի ժամկետով»։  

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացնում, թե ինչպես են աշխատում ՌԴ միգրացիոն դաշնային գործակալության գործընկերների հետ։ Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմը ՌԴ-ին է ներկայացրել իր պատկերացումները միգրացիոն քաղաքականության վերաբերյալ։ Մասնավորապես առաջարկել է վերանայել «Մշտական բնակության վերաբերյալ» 2000 թ. երկկողմ պայմանագիրը.

«Վերջին շրջանում մենք ներկայացրել ենք ռուսական կողմին մեր պատկերացումները, թե ինչպես պետք է փոխենք պայմանագրի դրույթները՝ համահունչ դարձնելով պայմանագրի բովանդակությունը մեր ունեցած միգրացիոն քաղաքականությանը։ Ինչքան էլ պայմանագիրը կամ ԵԱՏՄ պայմանագիրը առհասարակ արտոնյալ պայմաններ է նախատեսում շատ տարբեր իրավիճակներում (մի դեպքում՝ միայն ՌԴ քաղաքացիների համար, մյուս դեպքում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների համար), մենք ունենք նաև ազգային համատեքստ և պետք է համահունչ դարձնենք ուղղակի մեր երկարաժամկետ նպատակները և մեր ունեցած պարտավորությունները, միջազգային պարտավորությունները՝ այդ թվում»։

Փորձագետ Տաթևիկ Բեժանյանը որպես խնդրի լուծում համարում է ՌԴ օրենսդրական փոփոխությունը, որով մեկ տողով կամրագրվի, որ ՌԴ-ում մնալու 90 օրվա ժամկետի պայմանը չի վերաբերի որոշ խմբերի։ Քանի որ խնդիրը վերաբերում է ԵԱՏՄ անդամ մյուս երկրների քաղաքացիներին ևս, Տաթևիկ Բեժանյանի կարծիքով, միգուցե իրավիճակը շտկելու փորձերն ավելի արդյունավետ լինեն, եթե հարցն առաջ տարվի ԵԱՏՄ համապատասխան հանձնաժողովում։

Կարդացեք նաև

Back to top button