Հայրենադարձի արկածները

Մեր մտքերում դրոշմված էր, որ պետք է գնանք Հայաստան և վերջ․ Անի Սուքիասյան. «Հայրենադարձի արկածները»

Անի Սուքիասյանը 1989 թվականին Պարսկաստանից տեղափոխվել է Հայաստան ու որոշել է մնալ և հաստատվել։ Այսօր Անին իրեն ավելի շատ հայաստանցի է զգում, որովհետև 19 տարեկանում՝ որպես ուսանող է եկել հայրենիք։

«Պարսկաստանն ավելի փակ երկիր էր, խիստ պայմաններով՝ ավելին, քան Սիրիան կամ Լիբանանը։ Ամեն դեպքում, որոշ բաներ շատ անսպասելի էին, պատկերացնելուց դուրս էր, բայց առաջին իսկ օրվանից կարողացա հաղթահարել բոլոր դժվարությունները։ Հավատացե՛ք, առաջին օրվանից մի տեսակ հարազատություն զգացի»։

Անին հիշում է, որ այն տարիներին Պարսկաստանի սահմանը բաց չէր, և պետք է Թուրքիայով գային։ Կարսից երկաթուղով հասել են Գյումրի։ «Առաջին հայատառ ցուցանակը, որ կարդացինք, «Ախուրյան» էր գրված»,- պատմում է նա։ Գյումրիում նրան հանդիպած առաջին հայն ասել էր. «Այստեղ ոչ մի բան չկա, լվացքի փոշի նույնիսկ չկա»։

«Ավելի ուղիղ ժողովուրդ ենք, չենք կարող շողոքորթել, գովասանքներ անել՝ համեմատած մեր հարևան երկրների հետ»,— ասում է Անին։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում շատ բան է փոխվել, քանի որ Հայաստանը բացվել է աշխարհի համար։ «Մենք պետք է Սփյուռքը առավելություն համարենք։ Սփյուռքի դերը, սփյուռքի բարիքները, մեր մշակութային բազմազանությունը գալիս է Սփյուռքից»։

Անին նաև մի զվարճալի դեպք պատմեց։ Այն ժամանակ ազատ շուկա չկար, և բոլորը պետական մածուն էին գնում։ Նրա ծանոթներից մեկը խանութում «պետական մածուն» ասելու փոխարեն հարցրել էր՝ «կառավարական մածուն ունե՞ք»։ Անին գոհ է և լավատես։ «Չնայած 2020 թվականից հետո եղած հոգեբանական ճնշմանը՝ մենք մի ելք կգտնենք»,— ժպտալով ասաց նա։ Անիի հորդորը սփյուռքահայերին է՝ գալ Հայաստան, գոնե, մեկ անգամ, եթե հնարավորություն ունեն և օգտակար լինել այս երկրին։

Կարդացեք նաև

Back to top button